Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհ «կպցնելու» նոր թեմա են գտել. «Ժողովուրդ»

Մարտ 27,2015 12:16

Երեկ պարզվեց, որ Հայաստանի Կառավարությունը կարող է մարդկանց աշխատատեղերով ապահովել, բայց այդ լավությունից մարդկանց կոնկրետ խմբի անդամներ կարող են օգտվել։

Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի բնակիչներից նրանք, ովքեր ավանդաբար մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց այս տարի ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մեկնել ՌԴ, նրանց աշխատանքով կապահովեն։ Արտեմ Ասատրյանը նույնիսկ ասել է, թե ինչպես են դա անելու. «Կփորձենք նրանց ներգրավել սեզոնային զբաղվածության ծրագրերում։ Դրանք կարող են լինել նաեւ հասարակական աշխատանքներ, մի շարք նպատակային ծրագրեր»։ Կարելի է կարծել, որ Կառավարությունն աշխատատեղեր ուներ, բայց դրանք չէր գործարկում, որովհետեւ նախկինում պահանջարկ չկար, իսկ այժմ, քանի որ մարդիկ չեն կարողանում Ռուսաստան մեկնել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նրանց աշխատատեղերով ապահովել։ Ամենաաբսուրդն այն է, որ նման հայտարարություն անում է նախարարը մի պետության, որտեղ պաշտոնապես առկա է 240 հազար գործազուրկ, իսկ իրականում այդ ցուցանիշը մոտ կրկնակի անգամ ավել է։

Իսկ իրականությունն այն է, որ պետական գերատեսչությունների խնդիրն ուղղակի աշխատատեղեր ստեղծելը չէ, որովհետեւ պետական մարմնի ստեղծած աշխատատեղի համար վճարում են հարկատուները: Պետական հիմնարկի աշխատողը, նրան ինչ անուն էլ ուզում է տանք, ըստ էության, հարկատուների ստեղծած միջոցները սպառող է։ Կառավարության եւ, ընդհանրապես, պետական կառույցների խնդիրը երկրում հավասար պայմաններ ապահովելն է, որպեսզի մարդիկ արարելու հնարավորություն ունենան, որպեսզի ձեռներեցությունը զարգանա։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պաշտոնյաներն իրենք ձեռներեցությամբ չզբաղվեն, որպեսզի պաշտոնյաները բյուջետային միջոցները չթալանեն, եւ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն։ Արտեմ Ասատրյանից պահանջվում է, որ նա՝ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, որպես Կառավարության անդամ, իր լիազորությունների շրջանակներում նպաստի վերը նշված պայմանների ապահովմանը։

Իսկ այն, ինչի մասին ակնարկել է Արտեմ Ասատրյանը, աշխատատեղերի ստեղծման հետ կապ չունի։ Իհարկե, նա կոնկրետ չի ասել, թե այդ ինչ ծրագրերի մասին է խոսքը, եւ ով է ֆինանսավորել, բայց դժվար չէ կռահել։ Բանն այն է, որ միջազգային կազմակերպությունները, մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, պարբերաբար դրամաշնորհային տարբեր ծրագրեր են իրագործում։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Արտեմ Ասատրյանը միջազգային կառույցներից դրամաշնորհներ խնդրելու նոր թեմա է գտել՝ Ռուսաստան մեկնել չկարողացածների զբաղվածության խնդրի լուծում։

Մի խոսքով, կարող ենք կանխատեսել, որ Արտեմ Ասատրյանն առաջիկայում միջազգային կազմակերպություններին դրամաշնորհային նոր՝ «Ռուսաստանից վտարված խոպանչիների զբաղվածության ապահովում» ծրագիր կներկայացնի։ Ու դա կանի առանց ամաչելու։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031