Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ պատանի ասպետ» մրցույթը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի հիշատակին

Մարտ 27,2015 10:08

ԼՂՀ ԿԳՆ և «Մայրություն» ՀԿ-ի համատեղ «Հայ պատանի ասպետ» մտավոր, հայրենասիրական և պատմամշակութային ակումբը հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվել է «Հայ պատանի ասպետ» մրցույթը: Մարտի 26-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ շրջանային փուլը, որին մասնակցեցին 5 հանրակրթական դպրոցների՝ Բերձորի թիվ 1-ի «Անմոռուկներ», Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2-ի «Վահան», Աղաձորի «Նեմեսիս», Արտաշավիի «Էրգիր» և Վարդուտի «Հայասա» թիմերը: Տեխնիկական պատճառներով մրցույթին չներկայացան Վանի «Վանեցիներ» և Միջնավանի «Արաքս» թիմերը: Մրցույթը կազմակերպել է շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժինը: Հանձնախմբի կազմում էին կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանը, «Բերձոր» ժողգործիքների պետ. համույթի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը, կրթության բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանը և Բերձոորի արվեստի դպրոցի պարուսույց Վարուժան Գրիգորյանը:

DSCN7901 DSCN7950

Մինչև մրցույթի սկսվելը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հիշատակը մարտի 19-ին հերոսաբար մարտնչած և նահատակված 4 քաջորդիների, որոնց թվում էր նաև Աղաձորի դպրոցի շրջանավարտ և նման մրցույթների մասնակից ու հաղթող Հակոբ Խաչատրյանը: Խաղին ոչ մրցութային կարգով մասնակցեց նաև Բերձորի թիվ 1 միջնակարգի ուսուցիչների թիմը: Մրցույթը, ըստ կանոնակարգի, բաղկացած էր 2 մասից՝ ինտելեկտուալ և գեղարվեստական; Սկզբում թիմերը պատասխանեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված 15 հարցերի: Վերջնական գրանցվեցին հետևյալ միավորները. «Անմոռուկներ»-10, «Վահան»-6, «Նեմեսիս»-11, «Հայասա»-6, «Էրգիր»-7: Ուսուցիչները հավաքեցին 11 միավոր: Հաջորդ փուլում թիմերը հանդես եկան պարով, երգով և ասմունքով: Թիմերից երեքը պարեցին «Էջմիածին» պարը: Առավելագույն 5 միավորի արժանացան Աղաձորի «Նեմեսիս»-ը և Բերձորի թիվ 2-ի «Վահան»-ը(<<Փափուրի): «Անմոռուկներ»-ը՝ 4, իսկ «Հայասա»-ն(Քոչարի) և «Էրգիր»-ը՝ 3: Պարուսույց վարուժան Գրիգորյանը նշեց, որ ամենալավը հանդես եկան «Վահան»-ի պարողները: Երգերը նույնպես ընտրված էին ռազմահայրենասիրական թեմայով: Առավելագույն 5 միավորի արժանացան «Անմոռուկներ»(«Պատերազմ եք գնում…») և »Նեմեսիս»(«Գինի լից») թիմերը, «Էրգիր»-ը՝ 3, մնացածները՝ 4: Երգերի գնահատող Հասմիկ Գրիգորյանը երեխաներին տվեց նաև խորհուրդներ՝ երգերը ճիշտ կատարելու համար: Ասմունքի մրցույթում հրաշալի հանդես եկան «Նեմեսիս»-ից 4-րդ դասարանցի Անդրանիկը(«Սասունցիների պարը») և «Հայասա»-ից 10-րդ դասարանցի, ասմունքի մրցույթներում հաղթող ճանաչված Տիգրանուհի Խաչատրյանը(«Հոգեհանգիստ»):

Վերջնական ընդհանուր 26 միավորով հաղթող ճանաչվեց Աղաձորի միջնակարգ դպրոցի թիմը: Պետք է արժանին մատուցվի այս պատանիներին, որ իրենց մեջ ուժ գտան, հուզմունքը հաղթահարեցին, մասնակցեցին մրցույթին և հաղթանակը նվիրեցին իրենց ավագ, հերոս ընկերոջ՝ Հակոբի հիշատակին: Դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանն ասաց, որ սկզբում դժվարանում էին մասնակցելու համար, սակայն այս հաղթանակը նվիրվում է հերոսներին: Փոքրիկ Անդրանիկը, ով արցունքն աչքերին ասմունքեց, ասաց՝ երբեք չի մոռանա իրենց սիրելի ընկերոջը: Քրիստինա Ավոյանը շատ է մասնակցել նման մրցույթների, հաղթել նաև հանրապետական փուլերում, բայց այսօրվա հաղթանակը ամենամեծն էր: Հատկապես ուրախ էր, որ նաև առաջին փուլում՝ ինտելեկտուալ մրցույթում հաղթեցին: Շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, կազմակերպիչներին՝ ասելով, որ նման միջոցառումներն ուսանելի են, աշակերտներին հորդորեց ավելի լավ սովորել և լավագույն մասնակիցներին պարգևատրեց բաժնի պատվոգրով և գրքերով: Աչքի ընկած մասնակիցներին գրքեր նվիրեց նաև շրջանային «Հայապատում» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը, ով ՄԵ բաժնի աշխատակից Նարինե Մխիթարյանի հետ նաև մասնակցել էր մրցույթի կազմակերպմանը: Վարդուտի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Տիգրանուհի Խաչատրյանը նշեց, որ շատ է մասնակցել ասմունքի մրցույթների, իսկ նման խաղերի՝ առաջին անգամ է:

-Հետաքրքիր էր, որ պետք է գիտելիքներդ ստուգես: Հուսամ՝ մյուս անգամ մեր դպրոցն ավելի լավ կմասնակցի՝ ավելացնելով, որ ինքը 11և 12-րդ դասարաններում սովորելու է Դիլիջանի միջազգային քոլեջում: Մրցույթի կազմակերպիչ, հարցերի հեղինակ և անցկացնող, կրթության բաժնի առաջատար մասնագետ Ալվարդ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանձնախմբի անդամներին, Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանին, մասնակից աշակերտներին, հարցերի պատասխանները տեղ հասցնող «ծիծեռնակներին»՝ աջակցելու, մրցույթի կայացման համար; Տեղեկացրեց նաև, որ կստեղծվի շրջանային հավաքական թիմ՝ հանրապետական փուլում մասնակցելու համար:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031