Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎՈՎ ՀԻՇՎՈՂՆԵՐԸ

Մարտ 27,2015 09:37

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունմեկերորդ

ԼԱՎՈՎ ՀԻՇՎՈՂՆԵՐԸ

Եվ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի որ ուզենք էլ, չենք կարա բանաստեղծություններդ չտպենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ չեք կարա», եւ Տաթեւիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ արդեն տպարանում են», եւ ես ժպտալով հարցրի՝ «չեք կարա՞ տպարանից հետ բերեք», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե շատ ուզենանք, կկարողանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էդ արդեն քեզ համար շատ կլինի», եւ ես զարմացած  հարցրի՝ «ի՞նչ իմաստով շատ կլինի», եւ Տաթեւիկը փռթկացնելով  պատասխանեց ու ասաց՝ «եթե բանաստեղծություններդ չտպագրենք, միանգամից հանճար կդառնաս», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց հանճար կդառնամ», եւ Տաթեւիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամբողջ քաղաքը կսկսի խոսել, որ Արմեն Շեկոյանի բանաստեղծույթուններն արգելել են», եւ ես մի քիչ մտածեցի ու  ասացի՝ «այսինքն, ում որ ձեր  ժուռնալում չեք տպագրում, հանճար ա՞ դառնում», ե     ւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «տարբերությունն իսկապես չես հասկանո՞ւմ, թե՞ քեզ ես չհասկացողի տեղ դնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշներին որ մերժում ենք, էն գլխից մերժում ու բռակ ենք հանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց քոնն արդեն ստորագրել ենք տպագրության, եւ եթե հիմա չտպագրենք, կարող ես լուրջ սկանդալ բարձրացնել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սկանդալի հավես հեչ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «արդեն հոգնել եմ», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ես հոգնել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս տպագրության պրոցեսից», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «որ ուրիշների պես տարիներով սպասեիր, չէիր հոգնի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն սպասեի», եւ Տաթեւիկը  պատասխանեց ու ասաց՝ «բանաստեղծություններիդ տպագրվելուն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես էլ ահագին սպասեցի», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ինչքա՞ն ժամանակ կլինի, որ բանաստեղծություններդ ներկայացրել ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի էրկուսուկես ամիս», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մի քիչ շատ չե՞ս ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի քանի օր պակաս  կամ ավել», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարծում եմ՝ պակաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «թող պակաս ըլնի», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «թողով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամենաշատը երկու ամիս կլինի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես ձեզանից շա՜տ շնորհակալ եմ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ժուռնալում երեւի մենակ Վարդգեսի գործերն են էս արագությամբ տպագրվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «ո՞ր Վարդգեսի», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «Պետրոսյան Վարդգեսի», եւ հիմա, երբ Վարդգես Պետրոսյանի անունը երրորդ անգամ գրեցի, հիշեցի, որ միանգամայն այլ՝ Հավատացյալ Խորենի հավատավոր եղբայր Պարկետչիկ Վարդգեսի մասին հիշելով ու պատմելով՝ եկա ու հիմա հասա «Գարունի» Տաթեւիկին ու  Գրողների միության էն ժամանակվա նախագահ Վարդգես Պետրոսյանին, ավելի ճիշտ՝ Հավատացյալ Խորենի հավատավոր եղբայր Պարկետչիկ Վարդգեսից  անցում կատարեցի սկսնակ, բայց միանգամայն շնորհաշատ բանաստեղծ Պարկետչիկ Հրաչին, որը բավական ուշ՝ Սովետի վերջին տարիներին նոր-նոր սկսեց տպագրվել, բայց արդեն լիքը նախանձողներ ուներ, ընդ որում՝ Պարկետչիկին  նախանձողները ոչ միայն անտիպ սկսնակներ էին, այլեւ՝ արդեն գրքերի հեղինակ բանաստեղծներ, եւ նախանձի պատճառը ոչ միայն Պարկետչիկ Հրաչի բանաստեղծական ակնհայտ շնորհքն էր, այլեւ՝ ալտերնատիվ գրողների միության առաջնորդ Հովհաննես Մելքոնյանի կողմից էդ առանձին վերցրած տաղանդի պերմանենտ աջակցությունն ու թմբկահարումը, եւ չնայած  հասկանում եմ, որ էս բաները նույնիսկ իմ հատուկենտ ու երդվյալ ընթերցողներին կարող են չհետաքրքրել, այդուհանդերձ, գրելով հիշեցի Չուգունի  ու մյուսների նախանձը՝ առ Պարկետչիկ  Հրաչ, եւ չնայած հասկանում եմ, որ էս հիշածս դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի, այդուհանդերձ, ստիպված էի հիշել, որովհետեւ ինչպես կյանքում, գրականության ու արձակի մեջ էլ շատ հաճախ խոսքը խոսք է բերում, եւ իրադարձությունը՝ իրադարձություն, եւ մարդը՝ մարդ, եւ մեծատառով մարդը՝ մեծատառով մարդ, եւ չնայած Չուգունի  Չուգուն մականունն էլ եմ մեծատառով գրում, ինքն ամենեւին էլ մեծատառով մարդ չէր, եւ չնայած իր մասին էսպես անցյալ ժամանակով եմ խոսում, վերջերս իմացա, որ ինքը մեզ պես պնդաճակատ լինելով՝ լավ էլ դիմակայել ու դիմացել է էս բարդագույն մակընթացություններին ու տեղատվություններին, ինչպես նաեւ՝ իրադարձություններին ու իրադրություններին, եւ չնայած շատերն են բացակա, ինքն ու մենք ներկա ենք եւ պնդաճակատորեն շարունակում ենք դիմակայել ու դիմանալ էս տարաբնույթ ու տարատեսակ ամենին, եւ չնայած Չուգունն ու ես ներկա ենք ու շարունակում ենք դիմադրել ու դիմանալ, միմյանց կյանքում ու միմյանց համար վաղուց գոյություն չունենք, եւ, ընդհակառակը, շատերը, որ չդիմադրեցին ու չդիմացան, իմ ու շատերի կողմից լավ էլ հիշվում են, ընդ որում՝ միանգամայն լավով են հիշվում, ճիշտ այնպես՝ ինչպես իմ կողմից Մելքոնյան Հովհաննեսն ու Պարկետչիկ Հրաչն են լավով հիշվում, եւ Հավատացյալ Խորենի կողմից՝ հավատավոր պարկետչիկ Վարդգեսը, եւ հիմա արդեն իմ կողմից՝ Հավատացյալ Խորենն ու էլի ուրիշներ, որոնք  ինձնից ու ձեզնից առաջ ընկնելով՝ հիմա երեւի գեղատեսիլ ու չքնաղագեղ վայրերում են՝ այսինքն դրախտում, եւ իրենց դրախտն  էնքան իրական ու ստույգ է՝ ինչքան որ մեր էս փոփոխական երկրայինն է իրական ու ստույգ, եւ՝ ինչքան որ իմ ու ձեր հիշողությունն է իրական ու ստույգ.  իմ ու ձեր հիշողությունը՝ որ մշտապես  լեցուն է մեզ վաղաժամ լքած լավերով, փաստորեն իրական ու ստույգ դրախտն է՝ գեղատեսիլ ու չքնաղագեղ, եւ իմ ու ձեր իրական դրախտում է ահա տեղի ունենում էն ամենը, որ մի անգամ արդեն երկրայինում կատարվել ու տեղի է ունեցել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031