Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը (ԲՀԿ) եւ միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանը:
Արամ Աբրահամյան.– Մայիսի 17-ին տեղական հանրաքվեներ են անցկացվելու 3 մարզերում` համայնքների խոշորացման վերաբերյալ: Նախ ես ուզում եմ հարցնել հանրաքվեի մասին. եթե դրանց արդյունքները գործադիրի համար պարտադիր չեն, ապա ինչի՞ համար են դրանք անցկացվում:
Վահան Մովսիսյան.– Դա եվրոպական արժեքային համակարգից բխող հարց է: Պիտի հասկանանք, թե ով է կարող, ով է իրավասու իրականացնել վարչատարածքային բարեփոխումներ: Դրա իրավասությունը օրենքը եւ Սահմանադրությունը վերապահում է միայն ու միայն կառավարությանը, այսինքն՝ կառավարությունն է որոշում, բայց կառավարությունը պետք է այդ որոշումը ներկայացնի ԱԺ, որովհետեւ առանց օրենք ընդունելու դա չի լինի: ԱԺ-ն էլ ասում է՝ «ախպեր ջան, քանի որ դու ես դա անում, իմ մոտ բերելուց առաջ գնա ժողովրդի կարծիքը հարցրու, որ ես իմանամ` ժողովուրդը դրան համաձա՞յն է, թե՞ չէ, որպեսզի ես կարողանամ որոշում ընդունել»: Ուրիշ հարց է՝ արդյոք դա պետք էր հանրաքվեի՞ միջոցով անել, թե՞ կարելի էր ավելի հասարակ հարցումներ անել. ամբողջ աշխարհը դա անում պլոբիսցիտի միջոցով` հարցում, որի արդյունքները պարտադիր չեն՝ ավելի հեշտ է, ավելի էժան, ավելի ճկուն, պետք չի այդքան միջոցներ ծախսել, մարդկանց այդքան բորբոքել:
Ա. Ա.– Ենթադրենք, Դիլիջանը 10000 հոգի է, Դիլիջանի ամբողջ բնակչությունը 2 ձեռքով կողմ է, որպեսզի գյուղը միացնեն Դիլիջանի մեջ, բայց մոտ 300 բնակիչ ունեցող Աղավնավանքը, ասենք, դեմ է, մեկ է՝ 10000-ը ավելի շատ է, նրանք, ովքեր կլանում են, նրանք ավելի շատ են, քան նրանք, ում պետք է կլանել:
Կարդացեք նաև
Լյովա Խաչատրյան.– Շատ ճիշտ հարց է. ենթադրենք՝ 4 համայնք ասել է «ոչ», 2-ը «այո» են ասել: Բայց այս 2 համայնքի բնակիչների թիվն ավելի շատ է, քան 4 համայնքինը, այս դեպքում ի՞նչ որոշում պետք է ընդունվի: Այստեղ իսկապես բաց կա, բայց քանի որ հանրաքվեն իրավական ուժ չի ունենա, պարզապես փող ենք վատնում այստեղ, կարելի էր հասարակ հարցումով անել` գյուղապետի գրպանը մի 10-20 հազար դրամ փող դնել, ասել՝ տար հարցում անցկացրու, բեր արդյունքները մեզ տուր: Մենք հանրապետությունում ունենք 915 համայնք, եթե ամեն տեղ անցկացվի, դա մոտավորապես 5 մլն դոլար կկազմի, իսկ 5 մլն դոլար ով կարելի էր 10 մեքենատրակտորային կայաններ ձեւավորել 10 մարզերում: Այսօր կարելի էր մի 100 հազար դրամով ավարտել ամեն ինչը կամ չանել ընդհանրապես:
Ա. Ա.- Կառավարությունն ասում է, որ խնդիրներ, դժգոհություններ առանձնապես չկան: Բայց երբ կարդում ես, մամուլում ճիշտ հակառակն է՝ բոլոր գյուղապետերը, որոնք պետք է միավորվեն, ասում են, որ նրանք դեմ են, գյուղացիները՝ նույնպես: Դուք չե՞ք զգում ինչ-որ դիմադրություն:
Վ. Մ.- Իհարկե, զգում եմ, բայց դա դիմադրություն չի, ուղղակի ինֆորմացիայի պակաս է: Եթե խոսքը վերաբերում է գյուղապետին կամ իր 5 աշխատակազմին, իհարկե՝ պետք է դեմ լինեն, հակառակը՝ զարմանալի կլիներ, եթե կողմ լիներ: Գնում են գյուղապետին ասում են` քո գրասենյակը փակում ենք, քո աշխատողներին ուղարկում ենք տուն, դու այլեւս իշխան չես, դու այլեւս աշխատողներին չես կարող թուղթ տալ եւ այլն, ինչո՞ւ պետք է դեմ չլինի:
Իսկ համայնքի բնակիչներին իրենք տրամադրում են ասելով` գիտեք, որ մեր գյուղը քանդվելու է, դուք տեղեկանքի համար գնալու եք 50 կմ, դուք ոչինչ չեք ունենալու, այս երկիրը ինչ անի՝ վատ է անելու: Մենք սա լսում ենք ու հանդուրժում ենք, որովհետեւ չէինք կարող գնալ եւ բոլորի հետ հանդիպել, այդ հնարավորությունը նոր է ստեղծվել՝ հենց նոր հայտարարվեց այդ հանրաքվեի մասին: Մենք կգնանք բնակիչների մոտ եւ կհարցնենք՝ դուք ուզում եք ձեր հարկերի միջոցով պահել աշխատավարձ ստացող 5 մա՞րդ, թե՞ ուզում եք մի հատ մեքենատրակտորային կայան հիմնել, վստահ եմ, որ ինքը մեքենատրակտորային կայան է ուզելու: Բայց մենք պետք է գնանք, գյուղացուն հարցնենք, ոչ թե թողնենք, որ գյուղապետը ինքն այդ մասին ասի:
Քննարկումն` ամբողջությամբ
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2015