Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես է պատահում, որ Հնդկաստանում ընդդիմությունը կարողանում է իշխանության գալ, Հայաստանում՝ ոչ

Մարտ 27,2015 16:00

Ի՞նչ կարող է սովորել Տարոն Մարգարյանը Դելիի քաղաքապետից և ինչո՞ւ Հնդկաստանի նախագահը ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չի տալիս

«Երջանի՞կ ես, ժպտո՞ւմ ես», «Արմա՞նիա՝ Ռուսաստանի մաս կազմող երկի՞ր». հայ զբոսաշրջիկների եւ հնդիկների առօրյա խոսակցությունը հիմնականում այս մոտիվներով էր ծավալվում: Հայ լրագրողների 12 հոգանոց խումբը հայ եւ հնդիկ լրագրողների փոխայցելության ծրագրի շրջանակներում 10 օրով հյուրընկալվեց Հնդկաստանում: Դելի, Ագրա, Ջայփուր քաղաքներում, այնուհետեւ Արաբական ծովի ափին գտնվող նախկինում պորտուգալական գաղութ Գոայում շրջագայությունը հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին օգնեց բացահայտել անկանխատեսելի երկիր համարվող Հնդկաստանը: Ծրագիրը կազմակերպեցին «Լոտոս» մշակութային զարգացման ասոցիացիա ՀԿ-ն, «Միսթիք Մանտրաս» տուրիստական կազմակերպությունը՝ «Էյր Արաբիա» ավիաընկերության եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Հնդկական իրականությանը «Առավոտի» անդրադարձը՝
ֆոտոպատմությամբ

Hndkastan_2
Հնդկաստանի 1.2 միլիարդ բնակչության մի զգալի հատված ապրում է դրսում՝ վրաններում: Սակայն ցածր կաստաների պատկանող հնդիկներն առանձնապես մտահոգված չեն այդ փաստով, քանի որ կարծում են, որ յոթ կյանք են ապրելու եւ ավելի լավ կապրեն մյուս կյանքում: Այդքանով հանդերձ՝ այս երկրում ընտրությունները չեն կեղծվում, ավելին՝ ամիսներ առաջ վարչապետ է նշանակվել ընդդիմադիր ազդեցիկ կուսակցության առաջնորդ Նարենդրա Մոդին: Գոայի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ էլ ոգելից խմիչքների վաճառքը խստիվ արգելվում էր:

Hndkastan_1
Հնդիկները հանդուրժող են կենդանիների նկատմամբ, քանի որ կարծում են, որ իրենք էլ բնության մի մասնիկն են: Հաճախ է պատահում, որ Հնդկաստանի քաղաքներում երթեւեկությունը կաթվածահար է լինում այս երկրում սուրբ կենդանի համարվող կովի քմահաճույքների պատճառով:

Hndkastan_4
Թեեւ լեգենդներ են հյուսվում Հնդկաստանի՝ աղբաշատ երկիր լինելու մասին, սակայն նկատենք, որ Դելին չափազանց կանաչ քաղաք է: Եվ որքան էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար զարմանալի լինի, բայց Դելիի բազմաթիվ «լոդի պարտեզներում» չհանդիպեցինք որեւէ բացօթյա սրճարանի: Իսկ Դելիի քաղաքապետը պտտվում է «հասարակ մարդ» գրությամբ գլխարկով եւ համարվում քաղաքացիների շահերի պաշտպանը:

Hndkastan_3
Քաղաքաշինական նորմերը Հնդկաստանում խստորեն պահպանվում են: Վարդագույն քաղաք համարվող Ջայփուրում այն անձը, որը կորոշի ոչ վարդագույն քարով մի շինություն կառուցել, ստիպված կլինի բավականին խոշոր չափերի տուգանք վճարել:

Հնդկաստանի նախագահի նստավայրը (գլխավոր լուսանկարում) նման էր թանգարանի, որտեղ բազմաթիվ շքեղ սրահներ կային: Բայց անվտանգությունը շքեղությամբ չփայլեց. հեշտությամբ կարելի էր շեղել նախագահականի անվտանգության ուշադրությունը և, ասենք, հեռախոսով ներս մտնել, ինչը չի թույլատրվում: Նախագահական նստավայրը նաև հանդուրժող էր կենդանիների նկատմամբ. կապիկները վազվզում էին նախագահականի շենքի վրայով: Սակայն Հնդկաստանի նախագահը բարեհաճ չէ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ. մամուլի խոսնակ Վենի Ռաջամոնին տեղեկացրեց, որ նախագահը հարցազրույց չի տալիս ոչ մի ԶԼՄ-ի:

Հնդկաստանի վերաբերյալ «Առավոտի» մյուս անդրադարձերը՝ առաջիկայում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031