Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական հնարավոր գործողությունների բռնկման պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Բաքուն, այլեւ Մոսկվան

Մարտ 27,2015 17:30

«Առավոտի» զրուցակիցն է Դավիթ Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, շփման գծում հանդարտություն չի հաջողվում ապահովել, հակառակորդի կողմից անընդհատ դիվերսիոն գործողություններ են իրականացվում, կրակոցներ ու սադրանքներ են: Ինչո՞վ եք բացատրում ադրբեջանական կողմի պահվածքը:

– Ակնհայտ է, որ շփման գծում հայկական կողմերի մարտավարությունը պետք է ավելի ժամանակակից դարձվի, ավելի համապատասխանեցվի ներկայիս իրողություններին: Պետք է հստակ մշակել եւ իրականացնել ծրագիր, որպեսզի առաջին գծում ծառայեն միայն պայմանագրային, փորձառու զինծառայողներ:

Ադրբեջանը 2012թ.-ից հիբրիդային պատերազմ է իրականացնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս տիպի 21-րդ դարի հիբրիդային պատերազմի հատկանիշները եւ առանձնահատկությունները դեռ երկու տարի առաջ տրվել էին ՌԴ գլխավոր շտաբի պետի կողմից եւ անվանվել «ոչ գծային» պատերազմ: Ի տարբերություն 90-ականների արցախյան պատերազմի՝ ժամանակակից զինված հակամարտություններում շատ ավելի մեծ նշանակություն ունեն տեղեկատվական, արտաքին քաղաքական գործունեության բաղադրիչները, բազմակողմանի դիվանագիտական ակտիվությունը, հասարակական սեկտորի գործունեությունը, հումանիտար բաղադրիչը:

Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում այս ուղղություններով եւ կենտրոնանում են հիմնականում պատերազմի ռազմական բաղադրիչի վրա: Ադրբեջանի ջանքերով արդեն իսկ դիպուկահարների պատերազմը վերածվել է դիվերսիոն պատերազմի եւ կարող է վերաճել հրետանայինի, որից հետո մինչեւ լայնամասշտաբ պատերազմ մեկ քայլ է, իսկ նման զարգացումները կարող են բռնկվել նույնիսկ ինքնաբուխ, առանց քաղաքական որոշման:

Թե՛ տեղեկատվական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանը լրջագույն անելիքներ ունի: Թուրքիան G20-ում լինելով նախագահող երկիր` արդեն իսկ հրավիրել է Ադրբեջանին G20-ի հաջորդ գագաթնաժողովին: Լուրջ ծրագրեր պետք է իրականացնել եւ պատրաստ լինել հնարավոր բոլոր զարգացումներին, մի շարք երկրների եւ միջազգային կառույցների հետ հետեւողական աշխատանք է պետք տանել՝ նրանց հետ հարաբերությունները նոր որակի ու մակարդակի հասցնելու նպատակով:

Մեկ մասնավոր օրինակ. ուկրաինացի պատվիրակ եւ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկի` Երեւանում հնչեցրած տեսակետն են կիսում նաեւ արեւմտյան այլ գործիչներ (Տարասյուկը նշել էր, թե ինչպե՞ս է Հայաստանը Ցեղասպանության ճանաչում պահանջում աշխարհում, եթե ինքը չի ընդունում, որ Ռուսաստանն Ուկրաինային ագրեսիայի է ենթարկում- Է.Գ.): Կարծում եմ, որ մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ, մեղմ ասած, բավարար մակարդակում չեն, եւ անկախ այն հանգամանքից, որ մենք ԵՏՄ անդամ ենք, Հայաստանն ուղղակի պարտավոր է հատուկ ուշադրություն դարձնել Ուկրաինայի հետ հարաբերություններին եւ բազմակողմանի ու հետեւողական աշխատանք տանել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան չափազանց կարեւոր դեր ունի եւ ապագայում էլ ունենալու է եվրոպական քաղաքականությունում` հանդես գալով որպես Արեւմուտքում կարծիք ձեւավորող երկիր:

– Հայաստանի նախագահն օրերս իր ելույթում Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինության վաճառքի առիթով մտահոգություն հայտնեց: Հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, փաստորեն, ինչ-որ առումով հակադրության մեջ երեւացին: Ճի՞շտ քայլ էր Սերժ Սարգսյանի կողմից:

– Շփման գծում լարվածության պահպանումն ու մեծացումը Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն է: Ադրբեջանն արդեն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է եկել հրադադարի պահպանման ռեժիմից: Ավելին, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ միջազգային պայմանագրերը «ընդամենը թղթի կտոր է» համարում: Ակնհայտ է, որ սա առաջին հերթին վերաբերում է զինադադարի վերաբերյալ պայմանագրերին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եւ ընդունված բազմաթիվ փաստաթղթերին, գուցե բացառությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը ադրբեջանական եւ թուրքական` իրականությունը խեղաթյուրող յուրովի մեկնաբանությամբ:

Ադրբեջանի այս քաղաքականությունն ուղղակիորեն խրախուսվում է Ռուսաստանի կողմից, ինչին առաջին հերթին նպաստում է սպառազինությունների աննախադեպ ու շարունակական մատակարարումն այդ երկրին, եւ այս առումով տեղին էր, թերեւս ուշացած Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՌԴ-ի կողմից սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին կարող է ազդել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա: Կարծում եմ՝ դա ուղերձ էր Ռուսաստանին, որ ռազմական հնարավոր գործողությունների բռնկման պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Բաքուն, այլեւ Մոսկվան: Ընդհանրապես, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորացող ռազմավարական համագործակցությունը առավել քան մտահոգիչ է: Հատկանշական է, որ վերջերս ռուսական մամուլում Հայաստանի ներքին իրավիճակը ներկայացվում է խեղաթյուրված, իբրեւ Հայաստանում նախապատրաստվում է «գունավոր հեղափոխություն», որն, իհարկե, հեռու է իրականությունից: Շփման գծում արձանագրվող իրադարձությունները ռուսաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են բացառապես ադրբեջանական կայքերի տարածած քարոզչության լույսի ներքո:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի բուն բանակցային գործընթացին, ապա հավանաբար ապրիլի վերջին կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ, նախատեսվում է նաեւ քննարկել հումանիտար հարցեր: Բայց ինչ զարգացումներ կհետեւեն` դժվար է ասել, քանի որ Մոսկվան ձգտում է իր կամ ՀԱՊԿ-ի անվան տակ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայել:

– Օրեր առաջ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողը իր զորամասի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցավ: Այս քայլը տարբեր գնահատականների, վարկածների քննարկման առիթ է դարձել, Դուք ի՞նչ կարծիքի եք տեղի ունեցածի առիթով:

– Միանշանակ պետք է ոչ միայն ծառայողական քննություն կատարվի, այլեւ հարուցվի քրեական գործ` քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության հատկանիշով, պետք է իրականացվի մանրակրկիտ եւ բազմակողմանի նախաքննություն: Դա պետական դավաճանություն է, պայմանագրային զինծառայողի արարքին որեւէ արդարացում չկա՝ անկախ սոցիալ-տնտեսական կամ բարոյահոգեբանական պայմաններից: Չեմ բացառում, որ այդ անձը նման քայլով նպատակ է հետապնդում հետագայում քաղաքական ապաստան ստանալ երրորդ երկրում: Նույնիսկ եթե նա հայտնվի երրորդ երկրում, ապա Հայաստանի արդարադատությունը պետք է իրականացվի պետական դավաճանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ նաեւ երրորդ երկրում:

– Մայիսին Ռիգայում կայանալու է ԵՄ գագաթնաժողովը: Եվրոպացի դիվանագետները նշում են, թե անհրաժեշտ է իրատեսական ակնկալիքներ ունենալ, որ ԵՄ-ն Հայաստանից չի հեռանալու: Ռիգայի գագաթնաժողովից առաջ ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը, եւ ինչի՞ է պատրաստ ԵՄ-ն Հայաստանի հետ փոխհարաբերություններում:

– Առայժմ, կարծես, ԵՄ-ն չի կողմնորոշվել ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապես Արեւելյան հարեւանության ծրագրի ապագայի հարցում: Ռիգայի գագաթնաժողովում, իմ կարծիքով, կարեւոր ազդակ կլինի հստակեցումը, թե արդյոք ԵՄ-ն Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային թեկուզ ոչ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հեռանկար կտա՞, թե՞ ոչ: Հստակ Է, որ Արեւմուտքի գործելակերպը առայժմ համարժեք չէ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներին, եւ այդ իմաստով մենք պետք է պատրաստ լինենք անընդհատ փոփոխվող աշխարհում նորանոր մարտահրավերների:

– Իսկ ո՞րն է մեր երկրի ներքին ամենամեծ մարտահրավերը:

– Մեր ներքին ամենավտանգավոր մարտահրավերը շարունակում է մնալ համակարգային կոռուպցիան, որն անընդհատ խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ հասարակությունում աճող անվստահության պատճառն է: Ակնհայտ է, որ անխուսափելիորեն զարգանալու, ծավալվելու են դժգոհության եւ բողոքի ալիքները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Մեր երկրի «ամենավտանգավոր» մարտահրավերը երկրի ներսում եղած թշնամիներն են, պ. Դավիթ: Հուսով եմ, ակնարկս հասկացաք: Լավ է, որ գոնե հատուկենտ են, ու բացարձակ հարգանք ու վստահություն չունեն ժողովրդի մոտ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031