Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամաչում եմ, չեմ ուզում, որ ծանոթներս իմանան»

Մարտ 27,2015 15:30

Տուն-ինտերնատում հայտնված տիկին Էմման չի ուզում լուսանկարվել, ծանոթները տեսնում են  ու նրան այցելության գալիս, ինչը, սակայն, տիկնոջը ոչ թե ուրախացնում է, այլ տխրեցնում:

– Մի հատ սուրճ դնե՞մ խմեք:
– Չէ, չէ, շնորհակալություն:
– Հա չունեմ էլ, որ դնեմ:
Հրաչյա պապի հետ ծանոթությունը այս երկխոսությամբ սկսվեց: Տուն-ինտերնատի բնակիչներից տեղեկացել էի, որ նա մեծ հումոր ունի, այստեղ նրան հումորի վարպետ են անվանում:

«Ես արվեստի մարդ եմ, աշխատել եմ ռուսական թատրոնում այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, մեր մյուս մեծերը»,- հպարտությամբ պատմում է Հրաչյա պապը, սակայն ուրախությունը միանգամից փոխակերպվում է տխրության, երբ սկսում է խոսել անձնական կյանքից: Չի ուզում մանրամասնել, թե ինչպես է հայտնվել ծերանոցում, միայն ասաց, որ ամուսնացել է, երկու որդի ունեցել ու բաժանվել, ապա կրկին ամուսնացել՝ մի տղա էլ երկրորդ կնոջից է ունեցել: Ճիշտ է, Հրաչյա պապին նրա որդիները, թոռները ժամանակ առ ժամանակ այցելության են գալիս, բայց մի տեսակ կյանքից ու ընտանիքից վիրավորված, խորը հոգոց հանելով՝ ասում է. «Հա, էլի կգան, կտեսնեն ինձ, բայց ես հոգնել եմ, չեմ ուզում տեսնեմ նրանց։ Էգուց որ մեռնեմ, ընկերներս են ինձ թաղելու, ոչ թե էրեխեքս: Ամբողջ կյանքս որ պատմեմ, մինչեւ վաղը չեմ ավարտի»,- եզրափակելով մեզ հետ զրույցը՝ ասում է Հրաչյա պապը:

Թիվ N1 տուն-ինտերնատում այսօր բնակվում է 225 տարեց մարդ: Շատերը ոչ իրենց կամքով, հազվադեպ նաեւ իրենց ցանկությամբ հայտնվել են այստեղ։ Այսօր տուն-ինտերնատներում 1200-ից ավելի բնակիչ կա, եւ այս թիվը շարունակում է աճել։

Թիվ N1 տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Սարգսյանը պատմում է, որ աշխատանքի սկզբնական շրջանում շատ դժվար է եղել իր համար. «Աշխատանքից հետո երբ տուն էի գնում, շատ քիչ էի շփվում տան անդամների հետ, մտքով այս մեծահասակների, նրանց պատմությունների ու խնդիրների հետ էի»։

tun-internat-6 tun-internat-4 tun-internat-3 tun-internat-2 tun-internat-1 Tun-internat tun-internat-7

Պարոն Սարգսյանը կարծում է, որ եթե մարդ ունակ է 60-70 տարեկանում հարմարվել կյանքի նոր պայմաններին, ապա նրան պետք է հերոսի կոչում տալ. «Ես փորձում եմ յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, օգնել նրանց՝ հաղթահարելու հոգեբանական բարդույթները»։

Տուն-ինտերնատի բնակիչ տիկին Էմման, որին համարում են ծերանոցի հպարտություն, մեզ հետ զրույցում պատմեց իր կյանքի դժվարությունների մասին. «Շատ բարդ կյանք եմ ունեցել, մայրս մահացել է, երբ ես 3 տարեկան էի, հայրս էլ զոհվել է պատերազմում։ Հորեղբայրս է ինձ պահել ու մեծացրել, ամուսինս շատ լավ մարդ էր, սկզբում նրան չէի հավանում, բայց ինչպես ասում են՝ «он добился своего»: Ունեմ մի տղա, որն ամուսնացավ, հետո բաժանվեց, գործերը լավ չէին, տոկոսի տակ ընկավ, ես էլ ստիպված վաճառեցի բնակարանս ու եկա ծերանոց»։

Չցանկանալով որդուն որեւէ հարցով մեղադրել՝ տիկին Էմման վստահեցնում է, որ իր որոշումով է եկել այստեղ: Նրա խոսքերով. «Այստեղ ամեն ինչ լավ է. տեղն ունեմ, ուտելիքն ունեմ, էլ ի՞նչ է պետք»։ Տիկին Էմման խուսափում է տեսախցիկից, չի ուզում լուսանկարվել, ամաչում է, որ ծանոթները կտեսնեն, ինչպես տեսել էին տարիներ առաջ տուն-ինտերնատում կազմակերպված ամանորյա նկարահանումների ժամանակ: «Ամաչում եմ, չեմ ուզում, որպեսզի ծանոթներս իմանան: Տարիներ առաջ եղավ մի դեպք. նկարահանումներ էին մեզ մոտ՝ ծերանոցում, եւ ստացվել էր այնպես, որ իմ ընկերներից մի քանիսը տեսել էին ու եկել տեսակցության, դա ինձ համար տհաճ էր»,- ասում է նա ու նկատում. «Ես չեմ սիրում նայել ռեպորտաժներն այդ թեմայով, փոխարենը ամեն շաբաթ դիտում եմ «փՑՏ, չՊպ, ՍՏչՊՈ» ինտելեկտուալ խաղը, որին պարբերաբար հարցեր եմ ուղղում ու սպասում, թե երբ են դնելու դրանք»:

Ծերանոցի հնաբնակներից է Արամայիս պապը: Նա այստեղ է 1995թ.-ից: Երկու զավակ ունի՝ տղա եւ աղջիկ:

«Աղջկաս եւ թոռնիկներիս հաճախ եմ գնում տեսնում, բայց նրանց հետ ապրել չեմ ուզում, դե, հասկանում եք, նեղվածք է, հազիվ նրանք են տեղավորվում այդ բնակարանում, ես շատ գոհ եմ, որ հիմա այստեղ եմ. տաք տեղը կա, կարեւորն էլ դա է»,- ասում է մեր զրուցակիցը։
Այստեղ կան բնակիչներ, որոնց զավակները արտերկրում են. նրանք մեկնել են, ծնողներն էլ ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել ծերանոց:

Տիկին Լարետան ճակատագրից չի բողոքում. «Երկար մտածեցի ու եկա այստեղ ու երբեք էլ չեմ ափսոսում արածիս համար, ես չէի կարող ապրել տղայիս հետ Ռոստովում, ախր էստեղ՝ Հայաստանում, ուրիշ ա ամեն ինչ, ամեն առավոտ պիտի արթնանաս ու խմես մեր աղբյուրի ջուրը, ինչը ես ոչնչի հետ չեմ փոխի, չեմ կարա Հայաստանից հեռու ապրել»:
Ծերանոցի պատերի ներսում ոչ բոլոր պատմություններն են տխուր։ Հայկազ պապի եւ Արաքսյա տատի պատմությունը շատերին է ուրախացրել։ Նրանք ծանոթացել են ծերանոցում, հենց այստեղ էլ ամուսնացել։ Երեւանի N1 տուն-ինտերնատի զույգը սիրով է հիշում իր պատմությունը եւ կիսվում մեզ հետ բոլոր մանրամասներով. «Աչքս վիրահատել էին, պետք էր ամեն օր դեղ կաթացնեի, մի օր էլ տեսա պառավին, խնդրեցի, որ ինքը կաթացնի, ու էդպես 1 ամիս օգնում էր, ու մի օր էլ ասեցի՝ շատ լավ կնիկ ա, սպասի՝ թե կարամ ինձ կին դարձնեմ, ու դարձրի»,- մեծ ոգեւորությամբ պատմում է Հայկազ պապը: Արաքսի տատն էլ անկեղծորեն ավելացնում է, որ առանց վարանելու ընդունել է Հայկազի կինը դառնալու առաջարկը։

Տիկին Արաքսյան ունի 3 տղա, 1 աղջիկ, իսկ Հայկազ պապը՝ 3 տղա, բայց այստեղ՝ ծերանոցում, նրանք իրենց կյանքն են ապրում ու չեն ցանկանում մանրամասնել, թե ինչպես են հայտնվել այստեղ, միայն վստահեցնում են, որ երջանիկ են միասին: «Թող բոլորն իրենց տեղում լինեն, բոլորն առողջ ու երջանիկ լինեն, մեզ ուրիշ ոչինչ հարկավոր չի, մենք մեզ շատ լավ ենք զգում»,- մեզ հետ զրույցը դրական տրամադրվածությամբ ավարտում է Հայկազ պապը։

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031