Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհի Անի Քոչարյանն ամենուր է

Մարտ 27,2015 13:30

Ըստ նրա, սերիալները «ձգում» են
ֆինանսական առումով եւ լավ «մարզավիճակում» պահում

2000-ականների կեսերից մեր կենցաղ մուտք գործած սերիալները տարակարծությունների տեղիք տվեցին, ինչն այսօր էլ կա: Սակայն մասնագետների համոզմամբ, անժխտելի է, որ պրոֆեսիոնալ դերասանը նույն բարձրարվեստ խաղը ցուցադրում է եւ թատրոնի բեմում, եւ կինոյում, եւ սերիալում: Այլ բան է, որ սերիալներում, չգիտես ինչ տրամաբանությամբ, ընդգրկվում են իսկապես թատերարվեստի հետ կապ չունեցող մարդիկ, այն դեպքում, երբ դերասանների պակաս հաստատ չունենք:

Ի դեպ, իրենց կարիերան սերիալներից են սկսել հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Սելենա Գոմեսը, Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, Էվան Լեյչել Վուդը եւ ուրիշներ, որոնք տարիներ անց արժանացան նույնիսկ «Օսկարի»:
«Առավոտի» զրուցակիցը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի առաջատար դերասանուհի, բազմաթիվ հեռուստասերիալներում զբաղված Անի Քոչարյանը (լուսանկարում), չթաքցրեց, որ սերիալներն այսօր ձգում են ֆինանսական առումով, նաեւ դերասանին մշտապես լավ «մարզավիճակի» մեջ են պահում. «Եթե թատրոնի դերասանը վաստակեր պատշաճ գումար, գուցե սերիալներից հրավեր ստանալու դեպքում ընտրեր իրեն համապատասխան դեր: Իսկ, որ ամենակարեւորն է՝ ես կուզեի, որ սերիալները, ինչպես, ասենք, Ռուսաստանում է, լինեին կարճ՝ շուրջ 10 մասից բաղկացած եւ նկարահանող խմբում ընդգրկված լինեին պրոֆեսիոնալներ՝ սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր, կոմպոզիտոր, դիմահարդար, դերասաններ եւ այլն: Մի խոսքով՝ այնպես, ինչպես թատրոնում է կամ կինոյում»:

Մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում ուսանած դերասանուհին շուրջ 20 տարի Կոմեդիայի թատրոնում կերտել է կերպարներ, որոնցից հիշատակման են արժանի՝ գեղջուկ ու պարզ Նազիկը՝ Գ. Երիցյանի եւ Ա. Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Գայանե Բարսեղյան), Պոլսում ապրած, մի քիչ ֆրանսիական հովերով տարված հմայիչ Երանյակը՝ Հ. Պարոնյան-Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան»-ում (ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյան): Այս երկու դերերը երաժշտական կերպարային են: Տարբեր առիթներով հիշվում է Անի Քոչարյանի խաղը Գալյա Նովենցի, Մարիամ Ղազանչյանի, Բորիս Պեպանյանի ընկերակցությամբ՝ Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջ» բեմադրությունում (ռեժիսոր՝ Հ. Աշուղյան), որտեղ մեր զրուցակիցը ներկայացրել է Ֆերիմեին՝ հոգեբուժարանի հիվանդ աղջկան: Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Ե. Ղազանչյան) Անի Քոչարյանի Նունուն առաջին րոպեներից «վերցնում» է հանդիսատեսին. սա շատ համարձակ կերպար է, որը լինելով անբարո կանանց իրավունքների պաշտպանը, պայմաններ ու պահանջներ է թելադրում ընտրվող նախագահին: Ամբողջական չի լինի թատրոնում դերասանուհու կերտած խարակտերային դերերը, եթե չնշենք նրա Նատաշան Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (ռեժիսոր՝ Ե. Ղազանչյան) ներկայացման մեջ: Փարիզում բնակվող ռուս վտարանդի երգչուհու նրա կերտած կերպարը ամբողջանում է սաթյանական բարձրարվեստ ռոմանսի դերասանուհու համարժեք կատարմամբ: Կոմեդիայի թատրոնում դերասանուհուն այս տարի առաջին անգամ հանդիպեցինք փետրվարին՝ Թամար Հովհաննիսյանի սցենարով եւ ռեժիսուրայով իրականացրած «Վերջին կանգառը» բեմադրության պրեմիերային:

Ani_Qocharyan_1

Տպավորիչ են Անի Քոչարյանի բազմապլան հերոսները խաղարկային ֆիլմերում, օրինակ՝ խարդախ գործեր իրականացնող մատուցողուհին՝ Գոռ Վարդանյանի «Ընտրություն» նկարում, բախտագուշակ, թուղթուգիր անող Ժենիկը Դավիթ Բաբախանյանի «Պահանջվում է միլիոնատեր»-ում եւ, իհարկե՝ գայթակղիչ կինը Սուրեն Բաբայանի «Բարաբա»-ում: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե գեղեցիկ, հմայիչ դերասանուհին ավելի շատ շահո՞ւմ է, թե՞ տուժում, մեր զրուցակիցը ժպտալով նախ ասաց, թե ինքը նաեւ շահել է, ապա պատասխանեց. «Այլ թատրոններից շշուկներ լսել եմ, բայց մեր թատրոնում մթնոլորտն այլ է, ժամանակ չունենք խանդելու կամ չարախոսելու… Իսկ այդ ամենի «մեղավորը», իհարկե, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031