Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մելիքսեթյանն ուզում է փոխել թատրոնի դիմագիծը

Մարտ 27,2015 13:00

Ըստ նրա, երաժշտական կամերային
թատրոնի խնդիրներից է երգող դերասանների պակասը

1997-2006թթ. Պետական երաժշտական կամերային թատրոնը ղեկավարել է Արմեն Մելիքսեթյանը, որի օրոք բեմադրվել են մի շարք ներկայացումներ (Վ. Աճեմյանի «Կիկոս» օպերան, Ս. Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Պ. Չայկովսկու «Տարվա եղանակները» բալետները, Լ. Վեբերի «Կատուները» մյուզիքլը, Ա. Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերան եւ այլն): 2006-ին ՀՀ մշակույթի նախարարությունը երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանի եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի միջեւ կոնֆլիկտը լուծեց՝ երկուսին էլ ազատելով աշխատանքից, այնուհետեւ թատրոնը «ապաերաժշտականացվեց» ու ընդհանրապես կորցրեց դեմքը՝ որպես մյուզիքլի թատրոն:

2014 թվականի հոկտեմբերի 1-ից Արմեն Մելիքսեթյանը կրկին թատրոնում է` նա թատրոնի գլխավոր ռեժիսորն է, սեպտեմբերի 27-ից էլ թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Գրիգորյանը: Թատրոնը կարծես նորմալ հունի մեջ էր ընկել, սակայն այս պահի դրությամբ, դադարեցված են «Կոշկավոր կատու» ներկայացման բեմադրական աշխատանքները, թեեւ դերաբաշխումն արված-ավարտված է: Չեն խաղում նաեւ «Երեք խոզուկները» ներկայացումը, որը բավականին լավ էր ընդունվել հանդիսատեսի կողմից:
Պետական երաժշտական կամերային թատրոնի կայքից տեղեկացանք, որ մարտի 12-ին կայացել է ստեղծագործական անձնակազմի դերասանական թափուր տեղերի համար նախապես հայտարարված մրցույթը: Մրցութային հանձնաժողովը ստացել էր 22 հայտ, սակայն ներկայացել էր 19 մասնակից: Յոթ անձից կազմված հաձնաժողովը քննել էր մրցույթի մասնակիցներին՝ մի մասը երաժշտական, մյուսները միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթությամբ էին: Մրցույթի արդյունքում 10 հոգի ընդունվել է աշխատանքի ապրիլի 1-ից: Ըստ մեր տեղեկությունների, նրանց մի մասը թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի ուսանողներն են:

erajshtakan_kamerain_tatron

«Առավոտը» պարոն Մելիքսեթյանից որոշ մեկնաբանություններ խնդրեց թատրոնի հետ կապված: Օրինակ, հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է խանգարում թատրոնի բնականոն ընթացքին: «Պետք է լինեն երաժշտական ներկայացումներ, որտեղ անհրաժեշտ է կենդանի կատարում, ոչ թե ֆոնոգրամայի տակ երգեն… Մենք հիմա աշխատում ենք որոշ նյութերի վրա, որոնք շուտով կներկայացնենք հանդիսատեսին»,- ասաց պարոն Մելիքսեթյանը: Ապա հավելեց. «Փորձում ենք կամաց-կամաց թատրոնը երաժշտական սարքել, որոշ տեխնիկական խնդիրներ կան, որոնք ժամանակի մեջ կշտկվեն»: Ինչ վերաբերում է մեր այն տեղեկություններին, թե իր ուսանողներից որոշներին աշխատանքի են վերցրել թատրոնում, Արմեն Մելիքսեթյանը պատասխանեց. «Դրանք ուսանողներ չեն, ավարտել են բուհը: Եվ հետո հնարավորություն չկա ուսանողներին ընդունել թատրոն, խոսքը մեր թատրոնի մասին չէ, ընդհանրապես թատրոնը նկատի ունեմ, պետք է անպայման ունենան բարձրագույն կրթություն»: Թատրոնի գլխավոր ռեժիսորը շեշտեց, որ մեծագույն խնդիր է երգող դերասանների սակավաթվությունը. «Եթե երգող դերասաններն ավելանան, ամեն ինչ տեղը կընկնի, ոչ թե կլինի դրամատիկ թատրոն, այլ երաժշտական կամերային»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ թատրոնում կա աշխատանքային եռուզեռ, ու ինքը որեւէ մեկի հետ խնդիր չունի: Նա նաեւ խոստացավ՝ մի քանի ամիս հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա այցելել վերափոխված դիմագծով թատրոն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031