Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյ» թատրոնն առաջին անգամ հեքիաթ է բեմադրել

Մարտ 27,2015 12:30

Ըստ ռեժիսորի, «Ծովահենների հեքիաթը» նաեւ մեծահասակների համար է

Օրերս «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ «Ծովահենների հեքիաթը» մանկապատանեկան ներկայացման պրեմիերան, որը մի քանի առիթներով կարող է զարմացնել հայ հանդիսատեսին։

Նախ այն, որ 20 տարուց ավելի պատմություն ունեցող «Գոյը» երբեք մանկական ներկայացում չի ունեցել, բացի այդ՝ այս անգամ ռեժիսորի դերում հանդես է գալիս «Գոյի» առաջատար դերասաններից մեկը՝ Գուրգեն Սարգսյանը։ Նա նաեւ սցենարի հեղինակն է: «Պատահաբար չէր, որ մանկական ներկայացումով սկսվեց այս տարին: Սա գուցեեւ արտառոց է մեր թատրոնի համար, բայց այն, ինչ ներկայացնում ենք այս հեքիաթի միջոցով, բավականին հետաքրքիր է, ուսուցողական։ Այն, իմ կարծիքով, մեծահասակների համար էլ շատ կարեւոր եւ հետաքրքիր պետք է լինի, համենայնդեպս, հանդիսատեսի վերաբերմունքից այդպես է զգացվում»,- նշում է Գուրգենը։

Հեքիաթում 4 ծովահենները հեքիաթասացից գողանում են կախարդական կողմնացույցը, ուղեւորվում են աշխարհի տարբեր անկյուններ, որպեսզի գտնեն այն բանալիները, որոնցով բացվում է աշխարհի գանձերը պարունակող սնդուկը։ Նրանց սպասվում են ամենատարբեր արկածները՝ Իսպանիայի արքայի պալատում, Չինաստանի կայսեր հետ հանդիպելիս…Ներկայացումը հագեցած է երաժշտական, պարային հատվածներով, ուսուցողական է եւ առանձնանում է ինքնատիպ ռեժիսորական հնարքներով։
«Ծովահենների հեքիաթն» ընդգրկվել է «Գոյի» հիմնական խաղացանկում։ Ծովահեններ են խաղում Սարգիս Չոլոյանը, Կարեն Գալստյանը, Գայանե Բալյանը եւ Վաչե Երիցյանը, հեքիաթասացն է Սամվել Թոփալյանը: Ներկայացման մեջ ներգրավված են նաեւ Վահագն Սիմոնյանը, Հայկ Կլեկչյանը, Էդգար Անդրեասյանը, Էլիզա Մանթաշյանը, Ռիտա Խալաթյանը, Աննա Հարությունյանը։ Լուսային ռեժիսորը Տիգրան Մուսախանյանն է, հնչյունային ռեժիսորը՝ Սարգիս Արզումանյանը։

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031