Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ճարտարապետը պարզաբանում է, թե ինչու են հողատարածքներ տրամադրում ռուսներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 26,2015 23:27

Ինչպես հայտնի է, այսօր կառավարության որոշմամբ հոգևոր կենտրոն կառուցելու նպատակով Գյումրի քաղաքի Լալայան փողոցի N173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած և հարակից հողատարածքը տրամադրվեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Aravot.am-ը Գյումրի քաղաքի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե եղե՞լ է արդյոք գյումրեցիների համաձայնությունն այս հարցում:

Gyumri_2

«Խոսքը Կազաչի պոստի ռուսական եկեղեցու մասին է, որը պետական սեփականություն է հանդիսանում: Հայ-ռուսական միջպետական պայմանագրով պարբերաբար հանձնաժողովի նիստ է կայանում և հանձնաժողովի նիստի ժամանակ այդ հարցը բարձրացվել է, որպեսզի տրվի ռուսական կողմին՝ իրենց միջոցներով վերականգնեն և օգտագործեն իրենց հոգևոր պահանջները բավարարելու, հիմնականում ռուսական 102-րդ ռազմաբազայի համար», -ասաց ճարտարապետը: Պաշտոնյան ասաց, որ խոսքը 1,5 հեկտար տարածքի մասին է, իրենք այս հարցում տվել են իրենց համաձայնությունը:

Լրագրողները հետաքրքրեցին, մի՞թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներդրումներ չէր կատարել այդ եկեղեցու վերանորոգման համար: Քաղաքապետարանի պաշտոնյան հաստատեց այս տեղեկությունը:

Gyumri_3

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը փոխել է այդ եկեղեցու պատուհանները, կտուրը, կազակները ևս հավակնում էին այդ տարածքին:

Aravot.am-ի այն հարցին, թե ռուսները մի քիչ շատ չե՞ն հավակնում Գյումրիում հողատարածքներ ունենալու, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց. «Եթե գործունեություն է ծավալում ռազմաբազան,  իր ենթակառուցվածքները պիտի բավարարված լինեն: Ես վատ բան չեմ տեսնում՝ կփրկվի ևս մեկ ճարտարապետական կառույց, որովհետև դա այն եկեղեցիներից է, որը կառուցվել է ցարական ժամանակաշրջանում, գնդային եկեղեցի է, ռազմական, տիպային եկեղեցի է: Այդ եկեղեցուց կա և՛ Կարսում, և՛ Վլադիմիրում, ցարական Ռուսաստանի բանակի համար տարբեր տեղերում կառուցվել է: Եթե ժամանակին մենք վերակառուցեցինք «Պատվո բլուրը», վերկանգնեցինք ժամատունը, ինչքան վատ բան կա, եթե վերականգնվի նաև այդ եկեղեցին»:

Gyumri_4

Ըստ պաշտոնյայի, ամենաքիչը երկու միլիոն դոլարի չափ պիտի ծախսեր հայկական կողմը, քանի որ հատուկ շինարարություն, հատուկ վարպետներ է պահանջում այդ եկեղեցու վերանորոգումը: Այն դիտարկմանը, թե գոնե ռուսներին ստիպեին այդ հողատարածքը անվարձահատույց տրամադրելու դիմաց Կազաչի պոստ տանող քարուքանդ ճանապարհը վերանորոգել, քաղաքի ճարտարապետը պատասխանեց, որ վերջերս Սամվել Բալասանյանը նամակ է ուղղել ՌԴ պաշտպանության նախարարին՝ առաջարկելով օգնել Գյումրիի փողոցները վերանորոգել: Քաղաքապետը պատճառաբանել է, որ ռազմաբազայի ծանր տեխնիկան, որն անցնում է Մարմաշենի խճուղով, վնասում է քաղաքին, խոսքը մոտ 10 կիլոմետր հատվածի մասին է: Պաշտոնյայի ասելով, քաղաքապետի նամակին պատասխան դեռ չի եկել:

Այն դիտարկմանը, թե փաստորեն Գյումրին ռուսներից օգուտ չի տեսել, պաշտոնյան պատասխանեց՝ նյութական օգուտ չենք տեսել, բայց եթե ռուս զինծառայողները օգտվում են մեր առևտրի կենտրոններից, մեր վարսավիրանոցներից, մեր ենթակառուցվածքներից, դա օգուտ է արդեն:

Gyumri_5

Մենք եղանք Կազաչի պոստում, այնտեղ կա նաև լիմոնադի արտադրամաս: Վերջինիս տիրոջից հարցրեցինք, թե իր արտադրամասի ճակատագիրը ի՞նչ է լինելու, եթե տարածքն ամբողջությամբ տրված է ռուսներին: Նա պարզաբանեց, որ դա իր սեփականություն չէ, ուստիև անհրաժեշտության դեպքում կլքի տարածքը, սակայն ցավ հայտնեց, որ հայերը այնքան անտիրական են թողել տարածքը, որ անցավ ռուսերին:

Ցույց տալով երբեմնի ամերիկյան որբանոցի շենքերը, ասաց՝ եթե մերոնք թեթեւակի վերանորոգեին դրանք, գոնե տնակներում ապրող անօթևանների թիվը կկրճատվեր: Ըստ լիմոնադի արտադրամասի տիրոջ, եթե ինքը Կազաչի պոստում չհիմներ իր բիզնեսը, հայերը թալանած կլինեին ամեն մի կառույց, այնպես որ իրենք ձեռքի հետ այդ տարածքում պահակություն են արել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031