«Երեւանի բնագիծն է քայքայվում»,- մարտի 26-ին Հանրային խորհրդի նիստի ընթացքում ասաց ճարտարապետ Կարինե Խորասանյանը:
Հանրային խորհրդի այս նիստի ընթացքում քննարկվում էր Թումանյան 25 շենքի խնդիրը:
Ըստ նրա՝ հյուրանոցը չի կարող գերակա շահ լինել. «Շուտով մենք ենք այստեղ տուրիստ դառնալու, մարդ չի մնացել: Սա գերակա շահ չէ, սա թշնամություն է»:
Կարդացեք նաև
Բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ իր համար ընդունելի չէ այն տրամաբանությունը, որ խախտումներով Հյուսիսային պողոտան կառուցվեց, եւ հիմա դրան պետք է համապատասխանեցնել Թումանյան 25 շենքը.
«Կառավարության որոշում կար, որ Հյուսիսային պողոտայի շենքերը Օպերայից բարձր չպետք է լինեն, այդ ամենը խախտվեց, հսկա «մոնստռները» անիմաստ շարվեցին քաղաքի կենտրոնում, ուղղակի ասֆալտբետոնային անապատ ստեղծվեց այդտեղ՝ այս կլիմայի փոփոխությունների պայմաններում: Հիմա դա վերցնում ենք հիմք, եղած շենքը վերացնում ենք որպես գերակա շահ. Չէ՞ որ այդտեղ շարված «մոնստռները» բոլորը օրենքից դուրս են»:
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն, ճարտարապետ-շինարար Գրիգոր Ազիզյանը ասաց, որ անպայման չէ, որ հյուրանոցը հենց այդ շենքի տեղում լինի.
«Հասկանում ենք, որ այդ հյուրանոցը գերակա շահ է, բայց այդ շենքում կա 9 սեփականատեր, որոնցից մեկն ուզում է տիրապետել այդ տարածքին եւ կառուցի հյուրանոց: Առաջինը՝ նա պետք է համաձայնության գա մնացած 8-ի հետ, հետո պետք է ունենա այդ հյուրանոցի էսքիզային նախագիծը, որը մենք պետք է տեսնենք արդյոք այդ տեղում այդպիսի հյուրանոց կարելի՞ է դնել, մենք այս պահին ոչինչ չունենք»:
Իսկ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարծում է, որ եթե ինչ-որ հաստատություն պետք է կառուցել, եւ դա պետության համար գերակա շահ է, ապա այդ գերակա շահը պետք է ակնհայտ լինի եւ ուղղված լինի ողջ հանրությանը. «Այստեղ ընդամենը 1 սեփականատերի շահ է, պետության գերակա շահ չկա: Պետք է բանակցեին, այստեղ իրավական խնդիր է եւ այդ բանակցությունների հիման վրա պարզ կդառնար կառուցե՞լ, թե՞՝ ոչ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ