Լրագրողների նկատմամբ բռնությունները անընդունելի են եւ պետք է դիտարկվեն որպես բռնություն ամբողջ հասարակության նկատմամբ: Այս մասին այսօր մեկնարկած ԵԱՀԿ տարածքում լրագրողների անվտանգության պաշտպանության եւ ամբողջականության թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է ԵԱՀԿ գործող փոխնախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
«ԵԱՀԿ-ն եւ Սերբիայի ԵԱՀԿ նախագահությունը շարունակաբար լրագրողների անվտանգությունը ներառում են օրակարգում: Այսօրվա համաժողովը պետք է որպես հարթակ ծառայի ավելի լավ հասկանալու այն խնդիրները եւ վտանգները, որոնց լրագրողները բախվում են ամեն օր: Մենք չենք կարող անտեսել դրանք: Մենք պետք է քննարկենք լրագրողների պաշտպանության վերաբերող ներկայիս օրենսդրական դաշտը բարելավելու ճանապարհները»,- ասել է Դաչիչը:
Լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները շարունակում են մնալ մասնագիտական գործունեությանը միջամտելու ամենավտանգավոր միջոցները: ԵԱՀԿ տարածաշրջանի ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող բռնությունները եւ բռնության սպառնալիքները բազմաթիվ ձեւեր են ընդունում:
ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն էլ ասել է, որ այսօր լրագրողների անվտանգությունն ավելի արդիական թեմա է, քան նախկինում. «ԵԱՀԿ տարածաշրջանում լրագրողների նկատմամբ հարձակումների աճող թիվը խորապես անհանգստացնում է եւ ես կոչ եմ անում ԵԱՀԿ 57 անդամ պետություններին անել ամեն ինչ համոզվելու, որ լրագրողները կարող են իրենց աշխատանքը ազատ եւ անվտանգ կերպով կատարել»:
Կարդացեք նաև
Սերբիայի մշակույթի եւ ինֆորմացիայի նախարար Իվան Տասովակն էլ նշել է, որ Սերբիայի կառավարության ընտրությունն, նվիրվածությունն ու քաղաքական հանձնառությունն է բարելավել ԶԼՄ-ների վիճակը: «Սա եղել է եւ կլինի մեր առաջնահերթություններից մեկը: Անհերքելի եւ բացարձակ իրավունքներն ու ազատությունները պատկանում են ԶԼՄ-ներին եւ չկա մեկը, ով կարող է հարցականի տակ դնել այդ փաստը»,- ասել է նա:
ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների, ԶԼՄ-ների, օրենսդիրների, ակադեմիաների եւ հասարակական կազմակերպությունների 200 ներկայացուցիչները հաջորդ երկու օրերի ընթացքում կուսումնասիրեն եւ կվերանայեն լրագրողների անվտանգության ներկայիս իրավիճակը: Նրանք կաշխատեն ԵԱՀԿ տարածաշրջանում իրավիճակը բարելավելու վերաբերյալ կառավարություններին ներկայացվելիք առաջարկների ուղղությամբ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ