Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել եւ առաջարկել իշխանություններին պաշտպանությունը կազմակերպել այլ մեթոդով:
Նա գրել է. «Սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա: Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռևս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է եւ գենոֆոնդի սպառում: Տարիներ շարունակ բազմիցս խոսվել է այս մասին եւ առաջարկվել է սահմանը պաշտպանելու ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ: Սակայն մինչ օրս այդ առաջարկությունը չի ընդունվել: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից եւ զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով եւ այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված եւ, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ»:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց՝ Դուք ունե՞ք որեւէ լուծում, առաջարկ, որ սահմանի վրա արնաքամ չլինի մեր զինվորը: Նա պատասխանեց՝ «Մահացել ա արդեն զինվորը» ու մտավ նիստերի դահլիճ:
Ըստ երեւույթին, նա նկատի ուներ այն, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող Սամվել Սասունի Հակոբյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ