Մարտի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները հանդիպեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
Հանդիպումը Սրբազան Հոր գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց ծխական խորհրդի անդամներին:
Վերջինները շնորհակալություն հայտնեցին եկեղեցու համայնքային կյանքում իրենց ներգրավելու համար և պատրաստակամություն հայտնեցին նվիրումը բերել եկեղեցու շենացման գործում:
Շնորհավորելով նրանց՝ Սրբազան հայրը խոսեց ծխական խորհրդի առաքելության ու այն իրականցնելու հնարավոր ուղիների մասին: Խորհրդի անդամներին հորդորեց առավել ակտիվ ներգրավվել եկեղեցական և ազգային կյանքի մեջ:
Հանդիպման ավարտին Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց ծխականներին՝ մաղթելով բեղմնավոր, ազգանվեր ու եկեղեցանպաստ գործունեություն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին