ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում սույն թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած` “Քաղաքացու բնակարանի և կրպակ-տաղավարի վրա անհիմն արգելանք է դրվել” վերտառությամբ հաղորդագրության կապակցությամբ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է, որ ինչպես հաղորդագրության վերտառությունը, այնպես էլ դրանում ներառված փաստերի վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը հետևողականորեն ուսումնասիրել է քննարկվող հարցի առնչությամբ շահագրգիռ անձից ստացված բոլոր դիմումները, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Մասնավորապես, տվյալ դեպքում քաղաքացու գրավադրված բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:
Ինչ վերաբերվում է կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի հիմնավորվածությանը, ապա այն բխում է դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջի ամբողջական կատարման անհրաժեշտությունից, քանի որ դրանում լրացուցիչ պարունակվում է նաև վարկի մնացորդ գումարից տույժերի և տոկոսների գումարի բռնագանձում, ինչն անհնարին կդառնա “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքի 35.4. հոդվածի 2-րդ մասով նախատեսված`լոտի գնի առաջին իսկ իջեցման դեպքում:
Կարդացեք նաև
Հետևաբար, պարտապանի կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի վերացումը ռիսկային է դարձնում դատական ակտի լիարժեք կատարման հնարավորությունը և դրանով իսկ` տվյալ վարույթով պահանջատիրոջ օրինական շահերի ապահովումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ