Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»

Մարտ 26,2015 18:12

Միշտ կողմնակից եմ եղել պետության և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումները հանդիպումների և քննարկումների միջոցով գտնելուն, այնուհանդերձ, վարչապետների ակումբի գաղափարը տեղին ու ժամանակին կհամարեի, եթե Հայաստանում խորհրդարանական կառավարում լիներ, եթե 200-300 տարվա պետականություն ունենայինք, եթե լինեին պատմության մեջ իրենց անունը գրած տասնյակ վարչապետներ՝ իրենց հաստատած ավանդույթներով, եթե նախկին ու ներկա իշխանությունների միջև գործեր պետականության գիտակցության գերակայությունը, եթե նրանք իրոք միմյանց ասելիք ունենային ու այդ ասելիքը կարևոր լիներ հանրության համար:

Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին համարելով Հայաստանի Հանրապետության բոլոր խայտառակ ընտրությունների և դրանցում իրականացված կեղծիքների, պետական ունեցվածքի փոշիացման և թալանի, զբաղեցրած պաշտոնները սեփական նյութական ու քաղաքական նեղ շահերին ծառայեցնելու, օլիգարխիկ և քրեական համակարգի ձևավորման և խրախուսման պատասխանատուներից մեկը՝ չեմ հավատում նրա ազնիվ մղումներին ու անկեղծությանը, հետևաբար մերժում եմ նրա հրավերը: Համոզված եմ, որ վարչապետների ակումբը Հովիկ Աբրահամյանի համար հերթական PR ակցիա է՝ ինչպես պաշտոնավարման առաջին օրից գիշերօթիկ գնալը, տարբեր հարցերով բողոքող ցուցարարներին հանդիպելը, խոստումներ տալը և չկատարելը: Եվ ընդհանրապես՝ ո՞րն է նրա ստեղծած ակումբին անդամակցելու իմաստը:

Ինքնարտահայտման խնդիր երբեք չեմ ունեցել, միշտ կարողացել եմ իմ ասելիքն ասել ու պաշտպանել, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական հարթակը համարում եմ ավելի բարձր ու արդյունավետ հարթակ՝ որոշումներ ընդունելու ու իրագործելու համար, քան վարչապետական որևէ ակումբ, որտեղ քննարկվող խնդիրները լուծման տեսակետից այնքան արդյունավետություն են ունենալու, որքան Հանրային խորհրդում քննարկվողները՝ առաջին վարչապետի գլխավորությամբ: Հարգանքով վերաբերվելով ՀՀ վարչապետի պետական ինստիտուտին և այսօր հրավերին արձագանքած նախկին վարչապետների անկեղծ մղումներին, բարեկամաբար ասում եմ՝ հանգիստ վայելեք ձեր սուրճն ու թեյը, հուշեր պատմեք միմյանց՝ ո՞վ՝ ու՞մ, ե՞րբ՝ ի՞նչ ասաց, ինչպես փրկեց երկիրը՝ հակառակ բոլորի, ինձ կներեք, ես պարապ չեմ: Եվ վերջապես՝ ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ 1999-2000 ԹԹ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031