Լրահոս
Օրվա լրահոսը

Խարանված ու չսպիացած վերքեր

Մարտ 26,2015 17:25

Մեկ խոսուն դար է անցել այն օրվանից, երբ Օսմանյան կայսրության չարանենգ քաղաքականությունն իր անջնջելի հետքը ստվերեց հայ ժողովրդի պատմության մեջ: Մեկ դար՝ հարյուր տարի այն օրվանից, երբ հայ օջախի ծուխը դադարեց ծխալ, հայի աչքերը պատվեցին կարոտաբաղձ արցունքով, իսկ սիրտը՝ հույսով ու սպասումով:

Լինել հայ՝ նշանակում է մեկ դար շարունակ սգալ անվերադարձ կորած ու խոշտանգված հայ զավակների խորը վիշտը, մեկ դար շարունակ մտածել փրկվածների, նրանց երեխաների, թոռների ու ծոռների մասին, քանի որ ժողովրդի ցավը, որ փոխանցվում է սերնդեսերունդ, երբեք չի մոռացվում, այն ապրում է յուրաքանչյուր հայի արյան մեջ: Բայց հայը նաև վրեժխնդիր լինել գիտի, սակայն ցեղասպանությունը, որպես ոճիրներից մեծագույնս, դաջված է յուրաքանչյուր հայի սրտում:

Ցեղասպանության մասին շատերն են խոսել, շատերն են գրել, իսկ թուրքական կառավարության հաջորդ սերունդները ոչ միայն ժխտում են փաստերը, այլև լավ իրազեկ լինելով իրենց նախնիների չարանենգ հանցագործություններին՝ վարպետորեն կոծկում և խեղաթյուրում եմ պատմական իրողությունը:

Безымянный

Մարդու մարմնով սարսուռ և անասելի դող է անցնում, երբ մտովի փորձում է վերապրել մեկ դար առաջ կատարված հրեշավոր հանցագործությունը, լեզուն պապանձվում է, երբ փորձում է նկարագրել հարյուր տարի առաջ կատարված հրեշավոր տեսարանները: Թուրքական դաժան վայրագությունների մասին իր՝ «Իմ կյանքի պատմությունը» հուշամատյանում (1964թ. Երևան), նկարագրել է՝ դաժանորեն սպանված մի հայ ընտանիքի վերջին լույսը՝ Արամ Սերոբի Գրիգորյանը:

Արամ Գրիգորյանը մեկն է համահայկական սպանդից հրաշքով փրկվածներից, ով ապրել, տեսել և իր մարմնի վրա զգացել է չարագործությունների անդառնալի խարանը: Անցնելով բազմաթիվ կտտանքների ու փորձությունների միջով՝ Տարոն Գավառից նա հասել է Հայաստան աշխարհ, ով սրտում խրված սեպերի ցավով՝ պատվով կրել է ընտանիքի բոլոր անդամների կորստի վիշտը, ով չի երկնչել ճակատագրի գոռ հարվածներից, իր սեփական աչքերով տեսել է կոտորածի իրական գույնը, ճաշակել թուրքերի ու քրդերի սոսկալի և անխիղճ վայրագությունները: Կոտորածից մազապուրծ եղած տարաբախտ երեխա, որին բախտ էր վիճակվել վառելու հայրական օջախի մարած ծուխը, ընտանիք կազմելու և իր խորը արմատները գցելու հայրենյաց հողում:

Արամ Գրիգորյանն իր կյանքի հուշամատյանում պատկերել է, թե ինչպես էին ահն ու սարսափը, արտասուքն ու արյունը դարձել իրենց դժբախտ կյանքի անբաժան ուղեկիցները: Որ կյանքը, մինչ կոտորածն էլ էր կքել թուրք իշխանավորների հարատև սպառնալիքների ու հարկերի ծանրության ներքո: 1915 թվականը Սուլթանական Թուրքիայի գործադրած բռնությունների, հալածանքների ու բարբարոսությունների եզրափակիչ խոսքն էր ընդամենը:

Безымянный 2

Արամ Սերոբի Գրիգորյանը ընդամենը տասնմեկ տարեկանում իր ուսերի վրա զգաց Սուլթանական Թուրքիայի և բարբարոս քրդերի բռնությունների անտանելի ծանրությունը: Սակայն, միաժամանակ այն եզակի ընտրյալը, որին ի վերուստ պատգամված էր տոկալ, պայքարել, բազմիցս հրաշքով փրկվել և կյանքի արմատներ գցել հենց հայրենյաց հողում, որտեղ պետք է ծնվեին ու մեծանային նրա ժառանգներն ու հետնորդները:

Արամ Գրիգորյանը, ունենալով Աստծուն որպես իր միակ և հուսալի հովանավոր, անցավ բազում դաժան փորձությունների միջով և հաղթանակած ռուսական բանակի զինվորների հետ 1919թ.-ին վերադարձավ հայրենիք: Վայրագ սպանությունների ահեղ ալիքի ավարտից հետո, Տարոն գավառի Մշո Խասգյուղի 5000 հոգանոց բնակչությունից ընդամենը 150 կենդանի շունչ էր մնացել, որոնցից մեկը հենց նա էր՝ Արամ Գրիգորյանը:

Տասնմեկ տարեկան հասակում Արամը կորցնում է հորը՝ Գրկա Սերոբին (Սերոբ Գրիգորյան), որին թուրքերը կանչել էին ոստիկանություն՝ «ժողովի» և խաբեությամբ ու ստորաբար սպանել: Հոր սպանության մասին ընտանիքը միայն իմանում է հաջորդ օրը, երբ արդեն բռնել էր աքսորի տարաբախտ ճանապարհը:

Սակայն Խաս գյուղացիների աքսորի ճանապարհն ամփոփվում է մարդկային անբացատրելի դաժանության ու վայրագության սև ֆոնին: Արամի ընտանիքին և ազգականներին փակում են մարագում և այրում այն: Երեխայի աչքերի առաջ այրվում են մայրը, տատը, դեռահաս քույրերն ու եղբայրները: Նա պատմում է, թե որքան սարսափելի էր կուրացնող ծխի հոտը, վառվող մարմինների անտանելի հոտը: Իսկ Արամն ի վերուստ տրված առաքելություն ուներ՝ դիմակայել բոլոր փորձություններին, տոկալ, չհանձնվել, պինդ լինել և դիմակայել: Նրան հաջողվում է դուրս պրծնել մարագից: Փախուստի ժամանակ թուրք զինվորները կրակում են նրա ուղղությամբ՝ վիրավորելով ոտքը: Եվ կարծելով թե նա մահացել է՝ թողնում, հեռանում են: Սակայն Արամ Գրիգորյանը դեռ խոսք ուներ ասելու աշխարհին, մարդկությանը, ուստիև նրա կյանքի թելը չի կտրվում Թուրքիայում:

Նրան որդեգրում է իր ընտանիքին շատ հարազատ Սելիմ անունով մի քուրդ՝ կնքելով նրան Շըքր անունով: Մի որոշ ժամանակ Արամը հանգրվանում է քրդի ընտանիքում՝ խուսափելով թուրքերի հարձակումներից ու սպառնալիքներից: Բայց Արամին վիճակված էր շարունակել իր կյանքի ուղին ոչ թե Թուրքիայում՝ քրդի ընտանիքում, այլև հայերնի երկրում՝ Հայաստանում:

Արամ Գրիգորյանն իր կյանքի ընթացքում շատ բարձունքների և հաջողությունների է հասել, ընդհուպ մինչև տարբեր շրջանների կուսշրջկոմների առաջին քարտուղար և Հայկական ՍԽՀ Գերագույն Խորհրդի դեպուտատ: Պարգևատրվել է մի շարք պարգևներով, պատվոգրերով և մեդալներով: Այսօր նրա բարի համբավն ու առաքելությունը շարունակում են նրա հետնորդները՝ ազնվաբար ու նվիրումով ծառայելով հայրենիքի զարգացման ու առաջընթացի վեհ գործին: Նա իր կորցրած 13 հոգանոց բազմաշունչ ընտանիքը վերականգնեց՝ հայ ազգին պարգևելով 9-ը արժանի զավակներ և վայելեց 19-ը թոռների քաղցր բերկրանքը:

Արամ Գրիգորյանն իր գրքում պատգամել է իր հետնորդներին և հայ ազգին չլռել ու լսելի դարձնել մեր բողոքի ձայներն ու կոչերը, որպեսզի համայն աշխարհը ճանաչի հայ ազգի հանդեպ իրականացրած անմարդկային ոճիրը և Թուրքիան ի վերջո հատուցի իր մեղսագործությունների դիմաց:

Աստվածասեր հայ ժողովուրդը չի դադարում աղոթել, չի դադարում իր բողոքի ձայնն ու հոգու կսկիծը հաղորդել առ բարեգութ Աստված: Եվ մեր նախնիների անհանգիստ հոգու կանչով ու կարոտով գալու է հատուցման երկար սպասված օրը: Իսկ Թուրքիան, սևազգեստ սգավորի պես, հատուցելու է իր նախնիների չարագործությունների դիմաց: Քանի որ ամեն մի հանցանք, վաղ թե ուշ գտնում է իր արժանի և արդարև հատուցումը: Ու պիտի գա՛ հայոց ազգի արշալույսը վառ հագած ու շա˜տ մոտ է հայոց ազգի արշալույսը կարոտած…

Էմիլիա Տեր-Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031