Մարտի 26-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ բուհի ուսանողական խորհրդի տեխնիկապես վերազինված աշխատասենյակի բացումը։ Լսարանի վերազինումը կատարվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Հատկացվել են համակարգիչներ, տպիչ, մոնիտոր, պրոյեկտոր և անհրաժեշտ այլ սարքավորումներ։
Ուսանողական խորհրդի աշխատասենյակի բացման արարողությանը բուհի ուսանողները պատրաստել էին պարային ֆլեշ մոբ, սենյակը վերանորոգել ու ձևավորել էին սեփական ջանքերով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ուսանողական ինքնակառավարման մարմինները Երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրության ներքո են։ Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ուսանողական ինքնակառավարման հզորացմանը։ Կարեն Ավագյանն առանձնացրեց Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսխորհրդի աշխատանքները՝ հավելելով, որ նրա արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև բուհի վարչակազմի հետ համագործակցությամբ ու ռեկտորատի ցուցաբերած վստահությամբ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը շեշտեց, որ իրենց նպատակն է կրթական, հասարակական աշխատանքի պայմաններ ստեղծել ուսանողների համար, և գնահատելի է, որ այս գործում բուհերի կողքին կանգնած է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ռեկտորը տեղեկացրեց, որ բուհում աստիճանաբար լուծվում են տարբեր խնդիրներ. ստեղծվում են բազմաթիվ լաբորատորիաներ, այս տարի կավարտվի լաբորատորիաների ձևավորման գործընթացը։ Կստեղծվեն ճարտարապետական արվեստանոցներ, մակետային սենյակներ։ Օրակարգում է ուսանողական նոր ճաշարանի կառուցման հարցը։
Կարդացեք նաև
Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը նշեց, որ ուսխորհրդի նորացված և տեխնիկապես հագեցած աշխատասենյակը նոր հնարավորություններ կընձեռի ուսանողներին, ուսանողական ինքնակառավարման մարմնին։ Նա նաև տեղեկացրեց, որ Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ տեխնիկապես հագեցած արդեն երկրորդ լսարանն է բացվում Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում։ Հատկացված ամբողջ տեխնիկական միջոցները ծառայում են ուսանողներին, նրանց կրթական գործընթացի բարելավմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն