Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «ԵՄ-ն հասկացնում է ՀՀ իշխանություններին, որ ավանսով օգնություն այլևս չի լինելու»

Մարտ 26,2015 16:21

«Պետք չէ վատ զգալ, որ արձանագրում են թերություններ, պետք է վատ զգալ, որ բազմիցս արձանագրվում են այդ թերությունները, բայց լուծում չեն ստանում»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչն է պատճառը, որ Եվրոպական հանձնաժողովի պահանջները Հայաստանից տարեցտարի չեն փոխվում, իշխանություննե՞րը համարժեք չեն արձագանքում, թե՞ նշված խնդիրները լուծելու համար ժամանակ է անհրաժեշտ, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Հայաստանում Եվրոպական քաղաքականության իրականացում 2014 թվականի ընթացքում առաջընթացը եւ առաջարկություններ գործողությունների համար» զեկույցը, որտեղ թեև խոսվում է ՀՀ-ի գրանցած որոշ առաջընթացի մասին, բայց մտահոգություն է հայտնվում մի շարք հարցերի վերաբերյալ և հորդորում Հայաստանին մի շարք քայլեր ձեռնարկել. հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները, նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին և այլն:

Արթուր Սաքունցը նկատեց, թե սրանք այն հարցերն են, որոնք բազմիցս իրենք էլ են բարձրացրել ու շարունակեց. «Եվրամիությունը ուզում է հասկացնել ՀՀ իշխանություններին, որ քարտ բլանշ կամ ավանսով օգնություն այլևս չի լինելու: Եթե ֆինանսավորում եք ուզում, ուրեմն լուծեք այդ հարցերը: Իսկ ՀՀ իշխանությունները ֆինանսական միակ ակնկալիք ունեն Եվրոպայից, ոչ թե ՌԴ-ից կամ ԵՏՄ-ից»: Արթուր Սաքունցի կարծիքով` փոխվել է այն, որ Եվրամիությունն արդեն դիվանագիտական լեզվով չի խոսում, այլ զգուշացնում է այն մասին` եթե ֆինանսավորում եք ուզում, ուրեմն լուծեք այս-այս խնդիրները»:

Հետաքրքրվեցինք` վերաբերմունքի նման փոփոխությունը արդյունք է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությա՞ն, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Սա ավելի շատ կապված է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ: Այսինքն`ուզում են հասկացնել, թե ակնկալիքներ ու ցանկություններ ունեք, բայց չեք ցանկանում փոփոխություններ իրականացնել»: Մեր այն դիտարկմանը, մի՞թե արդար մոտեցում է այն, որ Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նույն հարթության վրա է դիտարկում, պարոն Սաքունցը արձագանքեց. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար երկու երկրներն էլ պատասխանատու են, դրա համար էլ ընդհանուր մոտեցում է ձևավորվում: Մինսկի խմբի համանախագահներն արդեն իրենց գնահատականները տվել են, և Ադրբեջանին է հասցեագրված որպես լարվածություն մեծացնող և հրահրող կողմ: Դա արդեն բավարար է, իսկ Եվրամիությունը պետք է մեկ ընդհանուր մոտեցում ձևավորի, այն է, թե հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031