Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմոռուկը» փոխարինեք երեխաներով

Մարտ 26,2015 15:48

Այսօր առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը ասուլիսի ժամանակ կոչ արեց բոլոր վերարտադրողական տարիքի մարդկանց երեխա ունենալ.«Ես կարծում եմ, յուրաքանչյուր հայ մարդ, որը կրում է անմոռուկն իր կրծքին, յուրաքանչյուր հայ, որն իսկապես մտահոգված է Ցեղասպանության հետեւանքների վերացմամբ, ինձ թվում է յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի մի նոր կյանքի սկզբնավորումը, մի նոր ծնունդը»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ շատերն են ցանկանում երեխա ունենալ, սակայն սոցիալական խնդիրներն են խոչընդոտում, տիկին Ավագյանն ասաց, որ այսօր ծնելիության իջեցման հիմնական գործոններից մեկը` մարդու վերարտադրողական վարքագծի փոփոխությունն է. «Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սոցիալ-տնտեսական անբավարարության պատճառով 20%-ն է հրաժարվում երեխա ունենալուց, շատերը փաստել են, որ առաջին հերթին նպատակ ունեն հասնել պրոֆեսիոնալ որոշակի առաջընթացի, բարելավելու ընտանիքի պայմանները, ունենալ բարեկեցություն, հետո մտածել երեխաների մասին: Այսպես է նաեւ զարգացած երկրներում: Մարդիկ նախընտրում են ունենալ փոքր թվով երեխաներ»:

«Բլից ինֆո» ակումբում տիկին Ավագյանը ներկայացրեց որոշ տվյալներ անպտղության տարածվածության մասին. ըստ այդմ, 10 տարիների ընթացքում կրկնակի նվազել է անպտղությունը: Ավագյանի ներկայացմամբ`

2000 թվականին 31.9%-է եղել անպտղության տարածվածությունը, իսկ 2014-ին` 14.9%-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով, ըստ Ավագյանի, անպտղության ցուցանիշը երկրում ճգնաժամային է համարվում 15% եւ ավելի շեմի դեպքում: Ըստ էության, Հայաստանին փրկում է այն 1%-ը, որով պիտի ճգնաժամային համարվեինք: Գայանե Ավագյանի փոխանցմամբ` արդեն շրջանառության մեջ է դրվել անապահով ընտանիքներին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասին կառավարության որոշումը, եւ շուտով 30 եւ ավելի սոցանապահովության միավոր ունեցող ընտանիքներին կառավարությունը կարող է աջակցել:

Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ են ընտրել 30 եւ ավելի բալանոց սոցանապահով ընտանիքներին, չէ որ կան ընտանիքներ, որոնք,այսպես ասած` «փարոսի» անդամ չեն, բայց անպտղության խնդիր ունեն եւ համապատասխան գումար չունեն, Գայանե Ավագյանն ասաց. «Պահանջարկը հաշվարկվել է: Միանգամից 1 տարում չենք կարող բավարարել բոլորին: Առաջնությունը պետք է հաշվի առնվի: Ի վերջո առաջին անգամ պետական նման ծրագիր կա: Իսկ այն խումբը, որը 30 բալի շեմ չունի, կարծում եմ կաջակցվեն Արագիլ ծրագրով»:

Դիտարկմանը, որ Արագիլ ծրագրին դիմելիս, շատերը ստիպված են լինում տարիներով սպասել իրենց հերթին,եւ շատ դեպքերում դեղորայքը զույգերի հաշվին է, ինչը փոքր թիվ չէ, տիկին Ավագյանն ասաց, որ այս խնդիրները Արագիլ հիմնադրամի ֆինանսական խնդիրների հետ է կապված: Այս հիմնադրամն, ըստ բանախոսի, տարեկան 800-900 զույգի է օգնում հետազոտվել, խնդիրը շտկել, բուժվել:

Գայանե Ավագյանի փոխանցմամբ, անցյալ տարի, 2013-ի համեմատ, ծնունդների թիվն աճել է 1340 ծնունդով. 2014-ին 43 հազար 340 երեխա է ծնվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տտիկին Ավագյան շատ լավ հասկանում եք, որ հիմնական պատճառը սոցիալական անտանելի պայմաններն ու ապագայի հանդեպ անվստահությունն են:Այդ « մի նոր կյանքի սկզբնավորումը» կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ այդ երեխայի եւ նրա ընտանիքի համար: Չէ-որ ոչ պետությունը, ոչ էլ որեւէ մեկը այդ ընտանիքին չեն հիշելու մինջեւ զինակոչի տարիքը: Թե՞ կարեւորը ցանկացած գնով զինվոր ապահովելն է:

    • Թրավիս says:

      բազմաթիւ այլ երկիրներում, ուր կյանքի պայմանները շատ աւելի վատ են եւ ապագան շատ աւելի մութ է քան թէ Հայաստանում, ծնելիության դրույքը աւելի բարձր է քան թէ Հայաստանում

      աւելցնենք որ Հայաստանից դուրս, ի մասնաւորի՝ արեւմտյան ճոխ երկիրներում, հայերը Հայաստանի բնակիչներից նուազ երեխաներ կը բերեն. երբեմն ոչ մի հատ իսկ չեն բերեր…

      ալ բաւ է, բաւ, ամեն բանի համար յանցաւոր նկատել եւ այպանել պետությունը, մինչեւ իսկ ահա այստեղ՝ երեխայ բերելու… գործընթացում

  2. Արփինե Հովհաննիսյան says:

    Միանշանակ ծնելիությունը բարձրացնելու համար հարկավոր են նպաստավոր պայմաններ ու քիչ թե շատ ապագայի պլաններ. Ինչ վերաբերում ավելի վատ վիճակում գտնվող երկրներին ու ծնելիության ավելի բարձր մակարդակին, ապա երբ որ ուղղեղները անջատած երեխա են ունենում առանց մինիմալ պայմանները նույնիսկ ապահովելու դա դեռ հարց է թե օգուտ է թե վնաս նույն երկիի համար. …. մարդիկ գլուխներն առած չգիտեն ուր փախնեն Հայաստանից , սրանք ծնելիությունից են խոսում…. որ բանակ տանեն , հաշմանդամ սարքեն հետո էլ թե խղճացեք , օգնեք սոցիալական կայքերի միջոցով որ բուժման ուղարկենք.
    Գոնե զինվորների բուժման ծաղսերն ապահովեք նոր նոր սերունդների մասին մտածեք

    • Թրավիս says:

      «ապա երբ որ ուղեղները անջատած երեխա են ունենում»… …………………………………………………………………..
      արհամարհոտ եւ վիրաւորական արտայայտություն է սա,
      նիւթի առարկայ երկիրների կիների նկատմամբ…

      սակայն, թերեւս նաեւ ըմբռնողության խնդիր է, քանզի արդարեւ, հիմնականօրէն ուղեղով չէ որ երեխա կ’ունենանք, այլ՝ սրտով, սիրով, զգացումներով. նաեւ՝ բնազդով. յատկապէս մեր պարագային՝ ինքնապահպանման բնազդով.

      սակայն ազատ էք հրաժարվելու այդ ամենից…
      միայն թէ ուրիշներին մի այպանէք, այս դասալքության համար եւս…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031