Երգչուհին տպավորված է իր նախորդ տարվա Հայաստան այցից ու մենահամերգից. «Հայ հանդիսատեսն ինձ շատ ջերմ ընդունեց: Դա ինձ համար շատ թանկ բան է, որովհետև նախ՝ Մոսկվայում գտնվելով՝ ես միշտ կարոտում եմ մեր հանդիսատեսի ջերմությանը, բացի այդ, նա շատ կրթված է, և երաժշտության մեջ նրան երբեք չես կարող խաբել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դի Դիկովսկին:
Համերգը, որը տեղի կունենա վաղը՝ մարտի 27-ին, «Կամի» ակումբում, երգչուհին նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Ես ուզում եմ Երևանում լինել Ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտ օրերին, որպեսզի որպես հայ՝ իմ լուման ունենամ»,- նշեց նա:
Ջազային երգչուհին համագործակցում է «Հայաստանի ձայնը – 3» նախագծից մեզ հայտնի Գեորգի Բունիաթյանի հետ, որը վաղվա համերգի հյուրը կլինի:
«Ես հետևել եմ «Հայաստանի ձայնը» նախագծին: Գեորգի Բունիաթյանի ձայնն ինձ շատ դուր եկավ, և որպես ջազի ոլորտում երկար ճանապարհ անցած երգչուհի՝ որոշեցի իմ փոքրիկ ներդրումն ունենալ երիտասարդ երգչի երաժշտական գործունեության մեջ: Գեորգին իրեն շատ լիարժեք է զգում երաժշտության մեջ, և դա հեշտացնում է մեր համագործակցությունը: Եթե չլիներ նման տաղանդավոր էակ, միգուցե մեր հանդիպումը չկայանար»,- ասաց Դի Դիկովսկին:
Գ. Բունիաթյանն իր հերթին նշեց, որ երգչուհու հետ համագործակցությանը շատ լուրջ է վերաբերվում: Ասում է, որ նրա փորձը, տարիքը, ճանաչվածությունն իրեն ստիպում են «ձիգ» լինել, սակայն առաջին իսկ հանդիպումից կարողացել են լավ ընկերներ դառնալ:
Նրանք նշեցին նաև, որ հետագա համագործակցության ծրագրեր ունեն, սակայն չցանկացան փակագծերը բացել. «Ես ընդհանրապես իմ ծրագրերի մասին չեմ խոսում: Տիեզերքը միշտ ուղարկում է պլանները, մենք էլ դրանց լուծում ենք տալիս»,- բացատրեց Դի Դիկովսկին:
Նա չցանկացավ ասել նաև, թե վաղը կայանալիք համերգին ինչ ծրագրով է ներկայանալու: Միայն նշեց, որ հայկական երգեր ևս լինելու են:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ