Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագրատյանն առաջարկում է`ճանաչել հրեաների Ցեղասպանությունը

Մարտ 26,2015 15:14

«Ոմանք ասում են. քանի դեռ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, մենք դա չպետք է անենք։ Իսկ ես կարծում եմ, որ սա շուկա չէ, մենք մեր գործը պիտի անենք»,-երեկ նման գրառում էր արել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու տեղեկացրել, որ խորհրդարանին է ներկայացրել հայտարարության նախագիծ, որով դատապարտվում է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանությունը:

Նման նախագծի համար Հրանտ Բագրատյանն առաջնորդվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի 260 (III) «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի 2391 (XXIII) «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով: Նաեւ, ելնում է հայ եւ հրեա ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունից:

Շիրակ Թորոսյան

Շիրակ Թորոսյան

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագծին, ասաց, որ իր կարծիքով հրեաների Հոլոքոստը 20-րդ դարի երկրորդ Ցեղասպանությունն է: Հրեաների Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել եւ դատապարտվել է, այդ թվում այն իրականացնող ֆաշիստական Գերմանիայի իրավահաջորդ ներկայիս Գերմանիայի դաշնային հանրապետությունն է ժամանակին ճանաչել ու մինչ օրս էլ փոխհատուցում է: «ՀՀ ԱԺ օրակարգում նման օրինագծի առկայությունը կարող է դրական դիտվել, որպես Ցեղասպանություն տեսած ու վերապրած ժողովրդի օրենսդիր մարմնի առումով»,- ասաց մեր զրուցակիցն, այնուհանդերձ, հարկ համարելով մի հանգամանքի անդրադառնալ. «Հրեական Կնեսեթում համառորեն չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կնեսեթում հարցը մի քանի անգամ բարձրաձայնվել է, բայց, Թուրքիայի հետ հավանաբար հարաբերություններ չփչացնելու առումով, վերջնական արդյունք չի արձանագրվել»:

Այս իմաստով, ՀՀ խորհրդարանում ունենալով հրեաների Ցեղասպանությունը դատապարտող նախագիծ, Շիրակ Թորոսյանը կարծում է, որ չպետք է շտապենք եւ ուսումնասիրենք հրեական պետության այս պահի դիրքորոշումը`արդյոք նրանք պատրաստակամություն կհայտնեն Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել, թե՞ այդ հարցը Կնեսեթում կմնա դարձյալ քաղաքական շահարկումների առարկա: «Ես կողմնակից չեմ այն մարդկանց, երկրներին, որոնք այդ դաժան հանցագործությունը դարձնում են քաղաքական առք ու վաճառքի առարկա, փորձում են քաղաքական հարաբերություններ պարզել ու միջպետական հարաբերություններ կառուցել: Դրական դիտելով օրինագծի առկայությունը մեր օրակարգում, կարծում եմ, չպետք է շտապենք եւ հապճեպ որոշումներ կայացնենք»:

Հիշեցնենք, հունվարի 28-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած իր ելույթում Իսրայելի ղեկավարն ասաց, որ պետք է դատապարտել այլ ցեղասպանությունները, այդ թվում նաեւ «Խոջալուի ցեղասպանությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031