Լրահոս
Օրվա լրահոսը

«2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի»

Մարտ 26,2015 14:40

3 օրվա ընթացքում «2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիայի շրջանակներում Էստոնիայի վարչապետի գրասենյակը, Խորհրդարանի ղեկավարությունն ու երկրի ամենահայտնի լրատվամիջոցները 500-ից ավելի էլեկտրոնային նամակ են ստացել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչով: Ակցիան շարունակվում է եւ մինչեւ շաբաթվա վերջ Էստոնիայի իշխանությունն ու լրատվամիջոցները կշարունակեն ստանալ նամակներ Հայաստանի եւ աշխարհի քաղաքացիներից:

«2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիան նախաձեռնել են Երիտասարդ առաջնորդների դպրոցն ու Երիտասարդ պատմագետների ասոցիացիան: Նպատակն է` ցեղասպանությունը չճանաչած երկրներում  20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին իրազեկել եւ կոչ անել ճանաչել «Հայոց մեծ եղեռնը»:

«2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիան ամբողջ մարդկությանը կոչ է անում տրամադրել 1 րոպե ժամանակ և հայ պատմաբանների կողմից գրված նամակն ուղարկել այդ շաբաթ հայտարարված երկրի հասցեներին: Նախաձեռնությունը ամեն շաբաթ կհայտարարի մեկ երկրի անուն ու էլեկտրոնային հասցեներ, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Առաջին շաբաթը հայտարարված է Էստոնիայի շաբաթ:

Նախաձեռնությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ակցիային ու ներդրում ունենալ հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին համակարգչի դիմաց նստած, որքան շատ մարդ ուղարկի այդ նամակները, այդքան մեծ հետաքրքրություն կառաջացնի երկրի լրատվամիջոցներում, ու եթե այս նամակի նույնիսկ 1 օրինակ հրապարակվի թիրախային երկրում, ապա դա արդեն 1 քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին:

Նամակի տեքստը հայերեն

Հարգելի էստոնացիներ,

Հայ ժողովուրդը իր շնորհակալությունն է հայտնում էստոնացի ժողովրդի այն նվիրյալներին, ովքեր իրենց ձեռքը մեկնեցին թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդին: Օսմանյան կայսրությունում հավատարմագրված էստոնացի բազմաթիվ անհատներ՝ գրողներ, եկեղեցականներ, լրագրողներ և նույնիսկ աշակերտներ, նպաստում էին հայկական կոտորածների հումանիտար ու քաղաքական հետևանքների մասին իրազեկմանն ու միջոցներ հավաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում Աննա Հեդվիգ Բյուլիին` էստոնացի միսիոներուհուն, ով առաքելություն իրականացրեց Կիլիկիայում և իր ողջ կյանքը նվիրեց հայությանը։1911 թվականին ժամանում է Կիլիկիա և անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում` որպես ուսուցչուհի:

Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո` 1915 թվականին Աննա Բյուլը ականատես է լինում երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածերին։ 1916-1919 թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում։ 1918 թվականին երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողանում է թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին և նրանց ազատել վերահաս վտանգից։ 1919 թվականին հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը` Բյուլը հարկադրված մեկնում է Էստոնիա:

1922 թվականին Բյուլն անդամագրվում է Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ։ Այդ ժամանակ Սիրիայում կար ավելի քան 160 000 գաղթական, որոնք հիմնականում ապաստան էին գտել Հալեպի Սուլեյմանիե և Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմփ») և ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ։

40 տարի կյանքն անմնացորդ նվիրելով հայ ժողովրդին` Բյուլը 1951 թվականին 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից` այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը։ Սակայն նա չի կարողանում վերադառնալ հայրենի Էստոնիա, քանի որ այն Խորհրդային Միության կազմում էր, հետևաբար մուտքի թույլտվություն ստանալն` անհնար։ Բյուլը հաստատվում է Եվրոպայում։ Այստեղ նա շարունակում է նամակագրական կապը իր նախկին սաների հետ, որոնք ցրվելով աշխարհով մեկ` չէին մոռանում սիրելի Բյուլ Մայրիկին։ Նրանցից մեկին ուղղված նամակում Հեդվիգ Բյուլը գրել էր. «…իմ սիրտը հայ է»…

Կոչ ենք անում Ձեզ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իր գագաթնակետին է հասել 1915 թվականին:

Անցյալ տարի ամբողջ աշխարհը անհանգստությամբ հետևում էր Մալազիական ավիաուղիների երկու ինքնաթիռների ուղևորների ճակատագրին և ապա սգում 537 հոգու մահը: Մի շարք երկրներում հայտարարվեց եռօրյա սուգ: Օդանավի վթարը առավել մեծ հարված է, երբ բոլորը ուղևորները նույն երկրի քաղաքացիներ են:

Պատկերացրեք Ձեր երկրի վիճակը, երբ ութ տարի շարունակ ամեն օր մահացու վթարի ենթարկվի Ձեր երկրի 4 օդանավ՝ լի ուղևորներով: Ութ տարի շարունակ: Ընդհանուր առմամբ մոտ մեկ ու կես միլիոն զոհ: 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում տարավ հենց մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի կյանք: Դա ոչ թե ավիավթար էր, ոչ թե պատերազմում տուժած բնակչություն ու սպանված զինվորներ, այլ պլանավորված կերպով գնդակահարված, սրի առնված, եկեղեցիներում այրված, ջրախեղդ արված խաղաղ բնակչություն՝ քրիստոնյա հայեր: Հայեր, որոնք պետության կողմից սպանվել էին, քանի որ հայ են: Այնպես ինչպես երկու տասնամյակ անց Հոլոքոստի ժամանակ թիրախավորվեցին հրեաները, որոնց դահիճներին ոգևորում էր հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունը:

Ցեղասպանությունը հանցագործություն է ոչ թե զոհ ազգի հանդեպ, այլ ողջ մարդկության դեմ: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման առաջնային միջոցն արդյունավետ պատասխանատվության համակարգի առկայությունն է։ Ապագայում ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է ճանաչել և խստագույնս դատապարտել նախկինում կատարված ցեղասպան հանցագործությունները և մարդկության դեմ կարատված ոճրագործությունները:

Կոչ ենք անում Ձեզ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իր գագաթնակետին է հասել 1915 թվականին:

 

 

Երիտասարդ առաջնորդների դպրոց,

Երիտասարդ պատմագետների ասոցիացիա,

Աջակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031