Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ քննարկված բանանի շուկային: Ըստ նրա, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը բանանի ներմուծման մենաշնորհատերն է. «Ամբողջ Եվրոպայում բանանը վաճառվում է 500, 600, քարը տրաքի՝ 700 դրամին համարժեք գնով: Հայաստանում ԴԱՀԿ պետը՝ Միհրան Պողոսյանը, Սերժ Սարգսյանի դաբրոյով ձեռքը դրել է բանանի շուկայի վրա ու ասում է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է: Ու այդ ֆոնին մարդը հայրենասեր է, հասկանո՞ւմ եք: Այդ ամեն ինչը անում է հայրենիքի համար»:
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց սիրել սեփական ժողովրդին եւ հայրենասիրությունը դրանով պայմանավորել. «Այդքան հայրենասեր եք, թողեք մարդիկ Հայաստանում ապրեն, թողեք բիզնես անեն: Ամեն ինչ գրպաններդ մի լցրեք, երեխեքին թալանեք, երեխեքի ծնողներին թալանեք: Այդքան հայրենասեր եք, մի՛ այնպես արեք, որ մարդիկ ստեղից փախչեն: Թե՞ սիրում եք միայն այն հայրենասերներին, ովքեր վաղուց վերածվել են հուշակոթողի, մահարձանի, կամ տապանաքարի, կամ ծայրահեղ դեպքում՝ պուլպուլակի: Սրա՞նք են ձեր սիրած հայրենասիրությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ