Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը նամակ է գրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին, ուր հայտնել է, որ 2014թ. դեկտեմբերից Նոյեմբերյան քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում կա, որի կապակցությամբ ինքը բնակիչներից շնորհակալական խոսքեր է լսում, որոնք փոխանցում է Պատրիկ Լորենին:
Վ. Ամիրաղյանը դրվատում է նաեւ « Հայջրմուղկոյուղու» «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն էդիկ Միքայելյանի նվիրված աշխատանքը:
Քաղաքապետը իր, համայնքի ավագանու, քաղաքի բնակիչների անունից Պատրիկ Լորենին խորին երախտագիտություն հայտնելով՝ նաեւ որոշ հարցեր է առաջադրել: Նա նամակում գրել է. «Ես նոյեմբերյան քաղաքի բնակիչներին եմ փոխանցել Ձեր այն միտքը, որ առաջիկա տարիներին Նոյեմբերյան համայնքը կունենա շատ բարձրորակ ջուր Լոռու մարզից, ինչը ոգեւորություն է առաջացրել սահմանամերձ տարածքում բնակվող նոյեմբերյանցիների մեջ»:
Քաղաքապետը նաեւ համոզմունք է հայտնել, որ քաղաքում ջրագծերի նորոգումից հետո ծագած խնդիրները, որոնք առնչվում են ներհամայնքային ճանապարհների խճապատմանը եւ ասֆալտապատմանը, կլուծվեն:
Կարդացեք նաև
Վ. Ամիրաղյանը Պ. Լորենին երկու խնդրանք է ներկայացրել: Նա հայտնել է, որ առանձնատներում բնակվող նոյեմբերյանցիները կարող են ամիսներով չտեսնել ջրաչափական հորերում տեղադրված իրենց ջրաչափը, ինչպես շատերը տարիներով չեն տեսնում բնական գազի, էլեկտրաէներգիայի իրենց հաշվիչները:
Վ. Ամիրաղյանը տեղեկացրել է, որ Նոյեմբերյանի բնակիչներից բազմաթիվ դիմումներ, բողոքներ է ստանում, որ ջրաչափերի վրա կապարակնիք չլինելու դեպքում վերահսկողների կողմից բնակիչները ենթարկվում են պատասխանատվություն:
Քաղաքապետը «Հայջրուղկոյուղու» ղեկավարին հայտնել է նաեւ, որՆոյեմբերյանի ջրահեռացման համակարգը թեեւ վաղուց է կառուցված, սակայն ընդհանուր առմամբ բնականոն գործում է: Սակայն Նոյեմբերյանում կան հատվածներ, որտեղ երբեւէ չի եղել ջրահեռացման ցանց: 24-ամյա ջրամատակարարման պայմաններում դա խնդիրներ է ստեղծում: Այդ հարցն առավել հրատապ է քաղաքի 3 ոչ մեծ հատվածներում:
Վ. Ամիրաղյանը հավաստիացրել է, որ խնդիրը լուծելու համար Նոյեմբերյան համայնքը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում ֆինանսական եւ այլ աջակցություն ցուցաբերել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ