Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է

Մարտ 26,2015 10:53

Հարգելի՛ հայրենակիցներ, հայտարարությունս սկսում եմ նախ շնորհակալություն հայտնելով ճակատագրին, որ ինձ հնարավորություն տվեց տարիներ շարունակ աշխատելու ԲՀԿ-ի թիմում: Շնորհակալ եմ, որ երկրում իրավիճակ փոխելու արդար ու ազնիվ գաղափարով տոգորված ուս ուսի տված իմ թիմակից գործընկերների հետ միասին անցանք աննկարագրելի դժվար ու փշոտ ճանապարհ, որի ընթացքում, սակայն, ամենաբարդ իրավիճակներում զգացել ենք միասնության քաղցրությունը, իսկ հավատը միմյանց նկատմամբ ու մեր արած գործի հանդեպ նույնիսկ հուսահատության պահերին նոր շունչ ու նոր ուժեր է մեզ հաղորդել: Շնորհակալություն եմ հայտնում իմ նախկին ղեկավար` ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին այն հոգևոր արժեքների համար, որոնք և մեզ միաբանող առաջնային հիմքը դարձան ու անկախ ամենից միշտ կմնան յուրաքանչյուրիս մեջ: Շնորհակալ եմ բոլոր մեր ընտրողներին հավատալու, մեզ օժանդակելու ու վստահելու համար: Հարգելիներս, կարևոր է, որ չհուսահատվեք ու իմանաք`ամեն ինչ դեռ առջևում է:

Ցավոք, փետրվարյան իրադարձությունները երկրում իրավիճակ փոխեցին: Ցավոք, էլ չկան այն ուժն ու կարողությունը, որոնք հայաստանցիներին ու երկրագնդով մեկ սփռված մեր հայրենակիցներին տալիս էին հույս ու հավատ և ոգևորության առիթ էին:

Սակայն անկախ ամենից, կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ապրել: Մեր երկիրը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի ահագնացող տեմպը, մենաշնորհների առկայությունը, ապօրինությունները, պետական կառավարման անարդյունավետությունը, իշխանությունների անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կենսակերպ ապահովելու անհնարինության նկատմամբ և բազմաթիվ այլ պրոբլեմներ կան ու մնալու են, եթե պայքարը չշարունակվի:

Որպես մարդ, ով մինչև վերջ, նույնիսկ վերջից էլ ավել մնաց պայքարի էպիկենտրոնում, ով մնաց հավատարիմ այն քաղաքական կուրսին, որը որդեգրել և իրականացնում էր ԲՀԿ-ն, որը հիմա էլ ու սրանից հետո նույնպես մնալու է այդ համոզմունքների, քաղաքական կուրսի ու պայքարի մեջ` համարում եմ, որ այս նոր իրավիճակում անհրաժեշտ է այլ մարտավարություն, այլ ձևաչափ և այլ քայլերի իրականացում ոչ թե իրավիճակի հետ համակերպվելու, այլ իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու համար: Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի:

Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման: «Բարգավաճ Հայաստան» -ի իմ գործընկերները միշտ աչքի են ընկել բարձր մարդկային հատկանիշներով, հայրենասիրությամբ ու մեր երկիրը բարելավելու ցանկությամբ: Առաջ դեպի ապագա:
  Հարգանքներով` Տ.Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031