Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ ենք կրավորական կեցվածք ընդունել»

Մարտ 26,2015 16:30

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ կուսակցության ակտիվ գործունեության
փուլ անցնելու եւ ձախ ուժերի կիսատ մնացած միավորման մասին:

– Վերջերս կայացած համաժողովում հայտարարվեց, որ ՍԴՀԿ-ն ակտիվացնում է իր գործունեությունը: Դա պայմանավորված է հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությա՞մբ:

– Մենք ընդամենը հայտարարեցինք, որ անցնում ենք հրապարակային գործողությունների: Ինչ վերաբերում է ակտիվությանը, այդ ե՞րբ գնահատականներ չենք տվել ներքին կամ արտաքին քաղաքական գործընթացներին, ե՞րբ ենք կրավորական կեցվածք ընդունել: Խնդիրներ, իհարկե, եղել են, բայց ո՞ւմ մոտ չի լինում: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին` յուրաքանչյուր կուսակցություն պետք է ձգտի մասնակցել եւ հաղթել: Այլապես այդ կուսակցության գոյությունն անիմաստ է: Հնչակյան կուսակցությունը պետք է ներկայացնի իր գաղափարները, ՀՀ քաղաքացիներն էլ պետք է ընտրեն: Ընտրեցին՝ ուրեմն լավ ենք աշխատել, չընտրեցին՝ խնդիրը մեր մեջ է:

– ՍԴՀԿ համաժողովում հայտարարեցիք, որ մայիսի 1-ին հանրահավաք եք նախատեսում: Ի՞նչ նպատակով է այն հրավիրվում, ի՞նչ կոչեր են հնչելու այդ հանրահավաքում:

– Մայիսի 1-ը Աշխատավորների պաշտպանության միջազգային օրն է: Այո՛, մենք անպայման անցկացնելու ենք վերջին տարիների մեր առաջին հանրահավաքային միջոցառումը: Այդ օրը ելույթ կունենան ոչ միայն հնչակյան գործիչները: Մենք բաց ենք համագործակցության առումով, եւ բոլոր այն քաղաքական ուժերը կամ անհատները, ովքեր կիսում են մեր տեսակետները եւ կցանկանան միանալ մեզ, միանշանակ հրավիրված են: Խոսելու ենք այն մասին, ինչ հուզում է ՀՀ շարքային քաղաքացուն: Ի վերջո, Հայաստանում պետք է սկսվի գաղափարական պայքար, կուսակցությունները պետք է չլինեն մեկ անձի քաղաքական ամբիցիաները սպասարկող ՍՊԸ: Սա՛ է մեր համոզմունքը:

– Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո ընդդիմադիր քաղաքական դաշտում մի տեսակ դատարկություն է առաջացել: ՍԴՀԿ-ն փորձելո՞ւ է իր տեղն ամրագրել, մանավանդ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել:

– Պետք է անկեղծ լինել. Հայաստանի ընդդիմադիր դաշտը այսօր կիսաամայացած վիճակում է, եւ դա ողբերգություն է: 25 տարի անկախություն ունեցող երկրում քաղաքական համակարգն այդպես էլ չի կայացել, ավելին՝ հետընթաց է ապրել: Մենք խնդիր չունենք սրա-նրա հաշվին տեղ զբաղեցնելու: Երկրում այնքան խնդիրներ կան կուտակված, որ օր առաջ լուծումներ են անհրաժեշտ: Մենք մայիսի 1-ին առաջարկելու ենք մեր դեղատոմսը:

– Նախագահ Սերժ Սարգսյանն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրեց իր մոտ` սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների: ՍԴՀԿ-ն չկար, չէի՞ն կարեւորել Ձեր ղեկավարած կուսակցությունը: Նախագահի մոտ հրավիրված ուժերը ուրվագծո՞ւմ են առաջիկա խորհրդարանի պատկերը:

– Այո՛, մենք հրավեր չենք ստացել, ու անկեղծ ասած՝ ես դրանում որեւիցե ողբերգություն չեմ տեսնում: Մենք միշտ էլ բաց ենք քաղաքական քննարկումների համար ցանկացած ուժի հետ, անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե իշխանություն: Երկրում առկա խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, փոխզիջումների, այլ ոչ թե արյան ու հեղափոխությունների միջոցով: Մենք դրա ռեսուրսը չունենք:
Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանի պատկերին, հիմա դրա մասին խոսելը մի քիչ վաղ է:

– Առհասարակ՝ ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

– Կուսակցությունը մշտապես կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Ուզենք կամ չուզենք՝ աշխարհի քաղաքագիտական միտքը մինչեւ այսօր կառավարման առավել ժողովրդավարական մոդել չի հնարել: Հիմա, եթե այդ բարեփոխումների արդյունքում երկրում համակարգային փոփոխություններ, այն է՝ խորհրդարանական կառավարման մոդել պետք է ներդրվի կամ անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ցուցակին, բնական է, մենք չենք կարող դեմ լինել: Սակայն կան հարցեր, օրինակ, թե այդ բարեփոխումների արդյունքում ինչպիսի՞ լիազորություններ են տրվում ընդդիմությանը: Մենք մշտապես հայտարարել ենք, որ կողմ ենք այս արատավոր, վայրի ու հակամարդկային համակարգի փոփոխությանը: Եթե բարեփոխումները դրան են հանգեցնում, եթե այն բխում է 1887թ.-ից որդեգրած մեր համոզմունքներից, բնական է, որ դեմ լինել չենք կարող:

– Մի քանի տարի առաջ, կարծեմ ՍԴՀԿ-ի նախաձեռնությամբ, ձախ ուժերի միավորման գործընթաց էր սկսվել: Ինչո՞վ այն ավարտվեց:

– Անցած տարի նման գործընթաց սկսվեց ու կիսատ մնաց: Անկեղծ ասած՝ մենք կողմ ենք կուսակցությունների խոշորացմանը, այլ ոչ թե խարխուլ դաշինքներ ստեղծելուն: Ժամանակն այդ ապացուցեց: Բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք համագործակցությանը:

– Ո՞ր կուսակցությունների հետ եք համագործակցության եզրեր տեսնում՝ մանավանդ հիմա ընդդիմադիր դաշտում կարծես տարբեր քննարկումներ ու միավորումներ են նախանշվում:

– Մենք պատրաստ ենք հանդիպել ու քննարկումներ կազմակերպել բոլոր ուժերի հետ: Բայց կհամագործակցենք միայն այն կուսակցությունների հետ, ովքեր կիսում են ՍԴՀԿ ծրագիրն ու տեսլականները: Արհեստական ու ապագաղափարական միությունները՝ մանավանդ ընդդիմության դաշտում, ոչինչ չեն տա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031