Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհասկանալի զոհեր ենք տալիս, բանակում մի բան կա, որը կարգին չի»

Մարտ 26,2015 16:00

Գուրգեն Եղիազարյանը՝ սահմանային միջադեպերի մասին

«Տարօրինակ բան է ստացվում, որ պաշտպանվողը զոհեր է տալիս՝ որպես կանոն: Ադրբեջանցիների զոհերի մասին այդպիսի հստակ տեղեկատվություն չունենք: Մի անգամ ասվեց, որ 12-14 հոգի ոչնչացվել են: Բայց շաբաթ չկա, որ մենք զոհ չունենանք: Սա խոսում է այն մասին, որ բանակում մի բան կա, որը կարգին չի: Մեզ ասում են՝ պետք է բանակից լավ խոսել: Լավ խոսենք՝ երեխաները անմեղ տեղը զոհվե՞ն, ի՞նչ լավ խոսելու բան կա: Պաշտպանվողն ի՞նչ իրավունք ունի զոհ տալու այդքան, անհասկանալի զոհեր ենք տալիս՝ լայնածավալ: Սա պետք է ուսումնասիրության ենթարկվի»,- «Առավոտի» հետ զրույցում սահմանային վերջին միջադեպերի հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ ուղիղ համեմատական կա երկրի տնտեսական վիճակի, մարդու ապրելակերպի եւ բանակում այդ կորուստների միջեւ. «Ասում են՝ եթե պատերազմ եղավ, Ադրբեջանի հերը կանիծվի, բայց պատերազմն ինքն արդեն երկկողմանի հեր անիծող է: Ամեն մի կորուստ մեզ համար մեծ ցավ է: Երեխաների կորուստները դարձել են չոր թվեր արդեն՝ վիճակագրություն: Նախեւառաջ պետք է լրջագույնս նայվի մեր բանակի ներսի խնդիրները»:

Անդրադառնալով պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի դասալքությանը՝ Գուրգեն Եղիազարյանը քննարկեց այն վարկածները, որոնք առաջ է բերում հայկական կողմը. «Ասացին, որ հոգեկան հիվանդ էր: Լսեք, ի՞նչ գործ ունի հոգեկան խանգարում ունեցողը բանակում, ո՞վ է նրան բժշկական հանձնաժողովով անցկացրել եւ ճանապարհ դրել բանակ: Այս հարցերը բազում են: Քանի դեռ մեր բանակը խոսում է ֆենյայով՝ գողական ժարգոնով, ապա «յախշիները», հոգեկան հիվանդները, պաշտպանվող կողմը միշտ պետք է այդպիսի կորուստներ ունենան»:

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն Անդրանիկ Գրիգորյանի քայլը բնութագրելու համար երեկ լրագրողներին ասել էր՝ «թուրքի արյուն կա մեջը»: Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Եթե այդ տղայի ասածների մեջ 1 տոկոս ճշմարտություն կա, ուրեմն թուրքի լամուկի արյուն ունի այն սրիկան, որը նրան այստեղ խոշտանգել է եւ ստիպել է փախչել դեպի թշնամին: Ես չգիտեմ՝ իրականում ինչ է եղել, բայց մենք նաեւ գիտենք, որ որքան հնարավոր է, որ դասալիք է, այնքան էլ հնարավոր է, որ դասալիք չէ: Ասում են, որ այնտեղ, շատ հավանական է, ծեծ ու ջարդ չի եղել, ուղղակի զինծառայողը գնացել է: Եթե մենք ապրեինք մի երկրում, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Ռազմական ինստիտուտում, օրինակ՝ Հայկազին չխոշտանգեին, միգուցե հավատայինք, որ այդպես է եղել»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ դիրքերում այնքան բարձիթողի վիճակ է, որ այդ զինծառայողին ուղղակի գողացել են դիրքերից, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Չեմ հավատում դրան, որովհետեւ թուրքը ախմախ չի: Եթե գողանալու լիներ՝ կգար սրանց ղեկավարին կգողանար, այդ միամիտին չէր գողանա»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անել, որ նման միջադեպերը ավելի հազվադեպ լինեն, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ամենահասարակ տրամաբանություն է պետք, օրինակ՝ հակառակորդի օդային սահմանի մոտ զինավարժություն չանելու եւ ուղղաթիռ չկորցնելու համար: Ո՞վ պատժվեց, ո՞վ էր այդ անզեն ուղղաթիռն ուղարկել կործանման: Սա մի բառով ասած՝ այլանդակություն է, շարունակական խայտառակություն: Մեր պատկան մարմիններն ասում են, թե գաղտագողի մոտենում են, դարանակալում են, դրա համար կորուստներ ենք ունենում: Մեր բոլորի հաշվին տեսախցիկներով ամսական միլիոններ են աշխատում եւ անամոթաբար տուգանային գումարների 2/3-ը գրպանում են, դժվա՞ր է այդ միլիոններից 15-20 տոկոսը ներդնեն, ժամանակակից տեխնիկայով հագեցնեն ռազմաճակատային գիծը, ոսոխն այդպես հաճախ չի գա եւ նոր կյանքեր չի խլի մեզանից: Ոսոխը չպետք է տեսնի այն պահածոների բանկաները պատի վրա շարված: Սա 21-րդ դարն է: Հասարակ տրամաբանություն է, չէ՞: Դրա փոխարեն ճանապարհներին նոր տեսախցիկներ են տեղադրում, որպեսզի նորից գռփեն»:

Գիշերային հարձակումներից խուսափելու համար Գուրգեն Եղիազարյանն ասաց՝ 5 մլրդ դրամի մեջ գիշերային սարքերը 0.0001 տոկոսն են կազմում. «Օրինակ՝ Փայլակ Հայրապետյանի 32 միլիոնից գողոնի 10 տոկոսը հատկացնեին, որպեսզի սահմանի վրա մեր երեխաները չզոհվեին, դա փրկություն կլիներ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031