Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը վրացիներից սովորելու բան ունեն զբոսաշրջության զարգացման գործում

Մարտ 26,2015 15:30

Վրացիները գովելի խնամքով են վերաբերվում ու պահպանում իրենց երկրի պատմամշակութային բոլոր հուշարձանները. նրանք ցանկացած հուշարձան, շինություն, որը կարող է պոտենցիալ զբոսաշրջիկ ներգրավել այս երկիր, վերանորոգում են ու դարձնում իսկապես տեսարժան վայր:

Վերջերս հայ, բելառուս, ուկրաինացի, ադրբեջանցի, ղրղըզ եւ ղազախ լրագրողների խմբերը Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրավերով այցելեցին այս երկրի մի քանի պատմական ու զբոսաշրջային նշանակություն ունեցող վայրեր:
Այցերից մեկը հայտնի վրացական իշխանական գերդաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ճավճավաձեի՝ 19-րդ դարում կառուցված դղյակն էր. այն Վրաստանի կառավարության հոգածության տակ է: Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այս երկիր այցելած զբոսաշրջիկը չզլանա եւ այցելի Կախեթիի Թելավի շրջանի Ցինանդալի տարածքում գտնվող հսկայական այգիներով շրջապատված Ճավճավաձեի տուն-թանգարան: Վրացիներն ասում են՝ Ճավճավաձեի շնորհիվ այստեղից են Վրաստանում տարածվել եվրոպական արժեքները:

Ինչպե՞ս է վարվում Հայաստանի կառավարությունը պատմամշակութային հուշարձանների հետ. Ախթալայում գտնվող արցախահայ հանրահայտ գործարար, բարերար Միքայել Արամյանցի դղյակը կառավարությունը «ջրի գնով» 2005 թվականին վաճառել է «Մեթըլ Փրինս» ընկերությանը՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի՝ մանկապղծության համար դատապարտված, բայց արդեն մահացած Սերոբ Տեր-Պողոսյանին. նրա ընտանիքն է վայելում Արամյանցի դղյակը, որտեղ մուտքը կողմնակի անձանց, այդ թվում՝ զբոսաշրջիկներին, արգելվում է: Եվ միայն 2013-ին մշակույթի նախարարության փորձագիտական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ Արամյանցի դղյակը ստացել է նորահայտ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, բայց այստեղ անգամ փորձագետների մուտքն է արգելվել:

Vrastan_3

Սիգնախիի քաղաքապետարանն է:

Թբիլիսիից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Կազբեկի լեռների մոտ գտնվող Գուդաուրին այսօր լեռնադահուկային կենտրոն է. Սաակաշվիլիի օրոք այս փոքրիկ գյուղը վերածվեց արագ զարգացող զբոսաշրջային կենտրոնի. գները մատչելի են՝ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր է ընդամենը 30 լարիով օգտվել ճոպանուղիներից, որոնց երկարությունը մոտ 3370 մետր է: Մեր այցելության ժամանակ այստեղ հանդիպեցինք բազմաթիվ ռուս զբոսաշրջիկների, եւ, ցավոք, նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզեցինք, որ նրանք լինելով լեռնադահուկային սպորտի սիրահար՝ մեր Ծաղկաձորի մասին տեղյակ չէին:

Vrastan_2

«Սիրո քաղաքի» հայտնի ԶԱԳՍ-ը:

 

2000-ից էլ պակաս բնակչություն ունեցող Վրաստանի՝ «Սիրո քաղաքի» համարում ունեցող Սիգնախի քաղաքը զբոսաշրջային կենտրոն է դարձել այս երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիի շնորհիվ. նա է քաղաքի ԶԱԳՍ-ը դարձրել շուրջօրյա, ուստի աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի առանց ավելորդ դժվարությունների գրանցեն իրենց ամուսնությունը: «Սիրո քաղաքի» բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց ապրուստի միակ միջոցը զբոսաշրջիկների հաշվին ապահովվող առեւտուրն է: Նրանք ազգային տարրերով ձեռագործական տարբեր հուշանվերներ են պատրաստում ու վաճառում: Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կառավարությունը մոտ 10 տարի է՝ զբոսաշրջության ոլորտը հայտարարել է գերակա ճյուղ եւ ֆինանսավորում է ճանապարհների վերակառուցումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների վերանորոգումը, վերապատրաստում է զբոսաշրջային ոլորտում աշխատող անձանց, այդ մասնագիտությունների ժողովրդականացմանն է նպաստում, գովազդում երկրի զբոսաշրջային պոտենցիալը: Չոգովաձեի խոսքերով՝ զբոսաշրջությունը տարեկան 1,7 միլիարդ դոլար է ապահովում Վրաստանի համար։

Vrastan_1

Գուդաուրի լեռնադահուկային կենտրոնը:

Հայաստանի եւ Վրաստանի զբոսաշրջության զարգացման տեմպերի համեմատությունը կներկայացնենք «Առավոտի» առաջիկա համարներում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Լուսանկարում` Սիգնախիի հնագույն ամրոցն ու եկեղեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031