Գերեզմանափորը մետաղյա երկծայր բրիչը ձեռքին մոտեցել է տուժողին, վերջինս նրան «մայր» է հայհոյել: Գերեզմանափորը գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում՝ իր ձեռքի մետաղյա երկծայր բրիչով հարվածներ է հասցրել Ս. Բաբայանի գլխին, այնուհետեւ՝ նրա վայր ընկնելուց հետո, ոտքերով, զինվորական երկարաճիտ կոշիկներով հարվածներ է հասցրել նաեւ նրա կրծքավանդակին ու մարմնին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը երկու օր առաջ հրապարակեց Պետրոս Գրիգորյանի դատավճիռը:
Նախկինում երկու անգամ դատապարտված Պ.Գրիգորյանը սպանության համար դատապարտվեց տասներկու տարվա ազատազրկման:
Դատարանը հաստատված համարեց մեղադրանքի կողմի ապացույցները:
Ըստ այդ ապացույցների, Պետրոս Գրիգորյանը, 2013թ. հուլիսի 8-ին, ժամը 18:00-ի սահմաններում, իր տուն եկած համագյուղացիներ, գործով վկաներ՝ Զարզանդ Ավետիսյանից եւ Սիրակ Ստեփանյանից տեղեկացել է, որ համագյուղացի Իշխան Նիկողոսյանը մահացել է ու նրանց առաջարկով համաձայնել է փորել Ի. Նիկողոսյանի գերեզմանափոսը:
Կարդացեք նաև
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանոցում Զ. Ավետիսյանն ու Ս. Ստեփանյանը նրան ցույց են տվել Ի.Նիկողոսյանի գերեզմանափոսի տեղը: Հանգուցյալի հարազատներից խնդրել են համագյուղացի Ռաֆիկ Հակոբյանին, որ Ի. Նիկողոսյանի գերեզմանափոսը փորելու համար օգնի Պ.Գրիգորյանին: Նա համաձայնել է եւ գնացել է Ի.Նիկողոսյանի տան բակ, որտեղից էլ Պ.Նիկողոսյանի «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Պ.Գրիգորյանի ավտոտնակ, որտեղից գերեզմանափորը վերցրել է 2 հատ բահ, 1 հատ լինգ, 1 հատ մեծ մուրճ եւ 1 հատ մետաղյա երկծայր բրիչ՝ քլունգ, գնացել են Ի.Նիկողոսյանի գերեզմանատեղի մոտ:
Մի որոշ ժամանակ անց հանգուցյալի հարազատներից ուտելիք ու մեկ շիշ օղի են տարել Պ.Գրիգորյանի ու Ռ.Հակոբյանի համար:
Պ.Գրիգորյանն ու Ռ.Հակոբյանը կերել են, խմել ու շարունակել են փորել:
Ըստ վկաներից մեկի ցուցմունքի, զոքանչի տանը տեսել է իր եղբայր, այս գործով տուժող Սիմոն Բաբայանին: Ս.Բաբայանն այդ ժամանակ էլ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Տուժողը՝ Ս. Բաբայանը, եղբորից ծխախոտ է ուզել եւ վերջինս էլ նրան մեկ հատ ծխախոտ ու 1.000 ՀՀ դրամ է տվել, որպեսզի իր համար ծխախոտ գնի ու ոչ ոքից չուզի եւ առաջարկել է իր հետ տուն գնալ, սակայն Ս. Բաբայանն ասել է, որ քիչ ուշ կգնա:
Ըստ դատավճռի նկարագրական մասի, այդ 1.000 ՀՀ դրամով Մրգաշեն գյուղի գլխավոր ճանապարհի վրա գտնվող խանութի վաճառող Վարդան Հարությունյանից գնել է 1 հատ 700 ՀՀ դրամ արժողության 0,5 լիտր տարողությամբ հայկական արտադրության օղի ու քայլելով Մրգաշեն գյուղի գերեզմանոցի միջով դեպի Նոր Արտամետ գյուղ տանող ոտքի ճանապարհով, որն անցնում է Ի.Նիկողոսյանի եւ Հ.Մուսայելյանի գերեզմանատների մեջտեղով, գնացել է դեպի տուն:
Ժամը 20:00-ի սահմաններում, Ս.Բաբայանը, հարբած վիճակում, օղու շիշը ձեռքին, Ի.Նիկողոսյանի գերեզմանատան մոտով անցնելիս, տեսել է գերեզմանափորներ Պ.Գրիգորյանին ու Ռ.Հակոբյանին:
Պ.Գրիգորյանը մետաղյա երկծայր բրիչով հող է փորելիս եղել, իսկ Ռ.Հակոբյանը՝ բահով այդ հողը դատարկել է փոսից: Ս. Բաբայանը մոտենալով նրանց՝ առաջարկել է իր հետ օղի խմել, սակայն նրանք մերժել են ու ասել, որ հեռանա:
Վիճաբանության ժամանակ տուժող Ս. Բաբայանը գլխին ընդհանուր թվով 11 հարվածներ է ստացել, որոնցից թվով 4-ը գանգի թաղի ոսկորների ներհրված կոտրվածքներ, եւ առաջացած գլխուղեղի կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից մահացել է:
Ըստ գործով դատարանում հաստատված ապացույցների, Պ.Գրիգորյանը նրան գրկելով՝ այդտեղից հեռացրել է եւ մոտ 15 րոպե հետո, վերադառնալով Ռ.Հակոբյանի մոտ, վերջինիս հարցին, թե ինչու այդպես արեց, պատասխանել է, որ Ս. Բաբայանին նստեցրել է եւ հանգստանալուց հետո կգնա տուն:
Երեկոյան հանգուցյալ Ի.Նիկողոսյանի եղբայրը նրանց համար դարձյալ ուտելիք ու օղի է բերել, նրանք կերել, խմել են, եւ Հ. Նիկողոսյանը նրանց տարել է տուն: Ճանապարհին Պ.Գրիգորյանը Հ. Նիկողոսյանի հետ պայմանավորվել է, որ հաջորդ օրը, առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում, Պ.Գրիգորյանին տանի գերեզմանոց:
Պ.Գրիգորյանն ու Ռ.Հակոբյանը գնացել են Ի.Նիկողոսյանի տուն, որտեղ հրավիրել են հացի: Գիշերվա ժամը 23:30-ի սահմաններում, Պետրոսը Ռ.Հակոբյանին առաջարկել է գնալ գերեզմանոց, որպեսզի տեսնեն, թե տուժողն ինչ վիճակում է:
«Հասնելով Ի.Նիկողոսյանի գերեզմանափոսի մոտ, Պ. Գրիգորյանը Ռ.Հակոբյանին ասել է, որ սպասի ու մի քանի րոպեից նրան մոտենալով՝ ասել է, որ Ս. Բաբայանը մահացել է եւ Ռ.Հակոբյանին ասել է, որ օգնի դին տեղափոխեն Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ: Ռ.Հակոբյանը բռնել է Ս. Բաբայանի ոտքերից, իսկ Պ.Գրիգորյանը՝ թեւերի տակերից ու դին տեղափոխել են ջրանցքի մոտ եւ դրել բետոնե պատնեշին: Ռ.Հակոբյանը մոտ 10 մետր հեռացել է, լսել է ջրի ցայտունի ձայն ու հասկացել, որ Պ.Գրիգորյանը դին գցել է ջրանցքը: Այդ ժամանակ, Պ.Գրիգորյանը մոտեցել է նրան եւ ասել, որ կատարվածի մասին որեւէ անձի ասելու դեպքում, նույն բանը նրան է սպասվում»,- արձանագրել էր դատարանը:
Ի դեպ, դեպքի վայրից գնալիս, Ռ.Հակոբյանը տեսել է, որ Պ.Գրիգորյանի հագուստի թեւերի ծալման ու կրծքավանդակի մասերում արյան հետքեր կան, սակայն այդ մասին նրան չի ասել:
Գերեզմանափորները հանգիստ, հաջորդ վաղ առավոտ շարունակել են մեկ այլ հանգուցյալի հողը փորել:
Հացի ընդմիջման ժամանակ նրանք տեսել են ջրանցքը նետվածի եղբորը, կանչել են՝ իրենց հետ հաց ուտելու. «Լ.Բաբայանն ասել է, որ եղբայրը՝ Ս.Բաբայանը, երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Մրգաշեն գյուղից գնացել է դեպի տուն՝ Արտամետ գյուղ, սակայն դեռեւս չի հասել ու Պ.Գրիգորյանը նրան ասել է, որ «Մի անհանգստացի, մի տեղ խմած, քնած կլինի, տուն կգա»: Այդ ամբողջ օրը, գործով տուժող՝ Ս.Բաբայանի հայրը, տուժողի իրավահաջորդ՝ Արամայիս Բաբայանը փնտրել է Ս.Բաբայանին, սակայն չգտնելով, 11.07.2013թ. ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հայտնել է որդու կորստյան մասին»:
Ամբաստանյալ Պետրոս Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ դատարանին տված գրավոր ցուցմունքով հայտնել էր, որ «Իշխանի գերեզմանափոսը փորել են մինչեւ ժամը 23-00-ի սահմանները: Հայկը իրենց համար հաց է բերել, կերել են ու գործիքները թողնելով գերեզմանափոսի մեջ, ինքը եւ Ռաֆիկը Հայկի հետ գնացել են Իշխանի տուն, որտեղ հաց են կերել, որին մասնակցել են նաեւ Սիրակը, Զարզանդը եւ էլի 3-4 հոգի: Այն տեւել է մոտ 10-20 րոպե, այնուհետեւ, դուրս են եկել Իշխանի տան բակ, այնտեղ կանգնել է մի 10 րոպե եւ գնացել է իրենց տուն եւ ժամը 24-00-ի սահմաններում ինքն արդեն եղել է տանը: Թե Ռաֆիկը երբ է գնացել Իշխանի տնից եւ ուր է գնացել, տեղյակ չէ: Ինքը Իշխանենց տնից ոտքով ուղիղ գնացել է իրենց տուն»:
Ըստ ամբաստանյալի, Ռաֆիկի հետ իրենք հաջորդ օրն էլ շարունակել են փորել գերեզմանափոսը. «Իրենց համար հաց են բերել ու որոշ ժամանակ անց, ինքը եւ Ռաֆիկը կանչել են Լեռնիկին ու իրենք միասին հաց են կերել, որի ժամանակ Լեռնիկը պատմել է, որ իր եղբայրը գիշերը տուն չի գնացել, չկա, նախորդ օրը զոքանչի տանը նրան 1000 դրամ է տվել, որ ծխախոտ գնի, բայց վախենում է, որ նա կարող է խմիչք գնած լինի ու խմած, ասելով, որ եղբայրը խմելու հետ սեր ունի: Ինքն ասել է, որ հնարավոր է, որ խմած ու մի տեղ քնած լինի, կսթափվի եւ տուն կգա: Հաց ուտելուց հետո, Լեռնիկը գնացել է եւ շարունակել է իր գործը, իսկ ինքը եւ Ռաֆիկը՝ իրենց գործը, ինչը ավարտելուց հետո գերեզմանոցում սպասել են, կազմակերպել Իշխանի հուղարկավորությունն ու ժողովրդի հետ գնացել են Իշխանի հոգեհացին: Որքան հիշում է, գործիքները իջեցրել են Զարզանդի մեքենայով: Իշխանի գերեզմանափոսը փորելու ժամանակաընթացքում, Սիմոն Բաբայանին չի տեսել, նա իրեն կամ Ռաֆիկին չի մոտեցել, իրենց հետ խոսակցություն չի ունեցել եւ իր կողմից երկու հարվածով նրան 11 մահացու վնասվածք պատճառելու եւ սպանելու անհիմն մեղադրանքի համար մեղավորները օրենքի եւ Աստծո առջեւ պատասխան են տալու»:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հակոբյանին, որը մահացավ դատաքննության փուլում, մեղադրանք էր առաջադրվել հանցագործության պարտակման համար:
Նա հայտնել էր, թե՝ «Զարզանդի մեքենայով են գնացել գերեզմաններ, եւ որ գերեզմանափոսը փորելու ժամանակ Սիմոնը մոտեցել է իրենց, առաջարկել միասին խմել, վիճաբանության մեջ է մտել իր հետ, հայհոյել իրեն, իսկ ինքը մեկ անգամ քլունգով հարվածել է Սիմոնի գլխին, մեկ անգամ էլ ոտքով կրծքավանդակին եւ տարել ու գցել ջուրը, մի դեպքում՝ խփելուց անմիջապես հետո միայնակ, մի դեպքում՝ հարվածելուց անմիջապես հետո իր հետ, իսկ մեկ այլ դեպքում էլ՝ գնացել են Իշխանենց տուն, հաց կերել ու դրանից հետո, ժամը 24-00-ի սահմաններում, գյուղից եկել են գերեզմանոց ու Սիմոնի դիակը տարել ու գցել ջրանցքը»:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2015