Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին խնդրում է դատարանից, որ հաստատվի՝ հայրը ծնվել է 1915-ին, ազգությամբ գերմանացի է

Մարտ 26,2015 14:30

Մալաթիա-Սեբաստիա դատարանից քաղաքացիական վերաքննիչ դատարան է հասել մի գործ, որի կապակցությամբ բերված բողոքի քննությունը երեկ էր:

Այս հետաքրքիր գործով անուն-ազգանունները փոխված են, սկզբնատառերը պայմանական են, քանի որ ցանկացած նման գործի լուսաբանման ժամանակ մարդիկ դա համարում են անհատական տվյալ, մինչդեռ այս կարգի դատական գործերը հազվադեպ են մեր դատական պրակտիկայում, գրեթե չեն լուսաբանվում:

Քաղաքացի Դ.Ս.Գ.-ն դիմել էր դատարան, որպեսզի «իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը» հաստատվեն դատարանի միջոցով:

Դ.Ս.Գ.-ն հայտնել էր, թե իր ծննդյան վկայականում նշված է, որ հայրը ազգությամբ գերմանացի Ա.Ա.Ա.-ն է: Ազգությամբ գերմանացի հայրը եւ ազգությամբ հայ մայրը՝ Վ.Վ.Գ.-ն, եղել են ամուսիններ:

Վրաստանի Բոլնիսի նահանգի «Վախթանգ Գարգասալ» եկեղեցու 1945թ. տեղեկանքում նշված է եղել, որ նրանց ամուսնությունը գրանցվել է նույն եկեղեցում 05.06.1945թ., ամուսնության գրանցման եւ հաշվառման գրքում որոշակի համարի տակ է:
Դատարանում առկա փաստաթղթերից մեկի՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազության 15.12.1950թ. գրության համաձայն, գերմանացի հայրը անհայտ հանցագործների կողմից 09.05.1950թ. սպանվել է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ «ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որի մասին կհայտնվի լրացուցիչ»:

Դ.Ս.Գ.-ն խնդրել էր, որպեսզի դատարանի կողմից հաստատվի, որ Ա.Ա.Ա.-ն՝ ծնված 01.01.1915թ., ազգությամբ գերմանացի է, համարվում է իր հայրը, հաստատվի իր հոր եւ իր մոր ամուսնության փաստը, նաեւ՝ հոր մահվան փաստը:

Ի դեպ, մեր հին գերեզմանատներից մեկում գտնվող քաղաքացու հոր հուշաքարի վրա գրված է. «ծնված 1915թ. եւ սպանված 09.05.1950թ.»:
Նշենք, որ դատարան դիմած քաղաքացու ծննդյան վկայականի, անձնագրի եւ նույնականացման քարտի դիմաց նրա ազգությունը բոլոր փաստաթղթերում «գերմանացի» նշումով է:

Առաջին ատյանի դատարանում վկան հայտնել է, թե երկար ժամանակ ծառայել է Մոսկվայում, 1950թ. եկել է արձակուրդ, ծնունդով Աշոցքից է: Հորեղբոր տղան եղել է Կիրովականի ներքին գործերի բաժնի պետը, եւ նա մի օր հայտնել է. «Ստեփանավանում արտառոց դեպք է եղել, սպանել են մի գերմանացու, ում աղջիկը Դ.Ս.Գ.-ն էր»:
Դիմումն առաջին ատյանի դատարանը բավարարել էր:

Դատարանը հանգել էր նրան, որ վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստերը գրանցելու կամ հաստատված փաստերի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար:

Դատարանը փորձել էր՝ արդյոք սույն գործով առկա՞ է խոչընդոտ դիմողի իրավունքի իրականացման տեսանկյունից հարցադրմամբ լուծում գտնել:

Եվ հանգել էր նրան, որ դիմումում բարձրացված հանգամանքները խոչընդոտ են հանդիսանում դիմողի իրավունքների իրականացման տեսանկյունից:
Փաստերը, որոնց հաստատման համար խնդրել է դիմողը, նրա համար ունեին իրավաբանական նշանակություն, այսինքն՝ կարող են իրավական հետեւանքներ առաջացնել անձնական կամ գույքային իրավունքների բնագավառում: Բացի դա, գործող օրենսդրությամբ այդպիսի փաստերի հաստատման այլ կարգ, բացի դատականից, նախատեսված չի եղել, եւ դիմողը հնարավորություն չի ունեցել այլ կարգով ստանալ պատշաճ փաստաթղթերը:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031