Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող բերանները փակեն նրանք, ովքեր գոչում են, թե Եվրոպան «փտում» է»

Մարտ 26,2015 14:00

Հարցազրույց ժամանակակից կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հետ

-Ապրիլի 26-ին Բրյուսելում կայանալիք համերգին Չայկովսկու, Բրուխի, Հարությունյանի ստեղծագործություններից բացի, հնչելու է նաեւ Ձեր «DNA 15-15»-ը՝ այն էլ Բելգիայի աստղային նվագախմբի կատարմամբ: Ի՞նչ է դա Ձեզ համար՝ մեծ պատի՞վ, ստեղծագործական խթա՞ն, թե՞ աստղային հիվանդությամբ վարակվելու վտանգ:

– Երբ ես ընդամենը 16 տարեկան էի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց դաշնամուրի իմ կոնցերտը։ Այդ օրվանից սկսվեց կյանքի նոր ռիթմը, որից հրաժարվել ուղղակի չէի ուզում եւ հիմա այլեւս չեմ կարող։ Այս համերգը մի այլ մասշտաբի իրադարձություն է, որը նույն այդ ռիթմի մեջ է պահում ինձ, ավելացնում պատասխանատվությունս. ի վերջո համերգի մենակատարներն են Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Նակարյակովը, համերգի ղեկավարը՝ Ջորջ Փեհլիվանյանը. սա շատ պարտավորեցնող, հուզող եւ միեւնույն ժամանակ, ինչպես Դուք եք նշում, մեծ պատիվ բերող իրադարձություն է։ Նաեւ սիրում եմ կյանքի կոչել անհավանական թվացող նախագծեր…

– Այդպիսի «անհավանական» նախագիծ էր նաեւ «Ինքնասպանի գրառումներ» բալետային ներկայացո՞ւմը, որը բեմադրվեց անցյալ տարի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

– Պատրեկացրե՛ք՝ երեք երիտասարդ հիմնում են մի նախագիծ «ՊԻԿ» անունով եւ որոշում Հայաստանի ամենապատասխանատու բեմում, հազարից ավելի հանդիսատեսին ներկայացնել մի ներկայացում, որի հիմքում միայն երաժշտական պոեմն է։ Բեմադրող -ռեժիսորը՝ Սամվել Թադեւոսյան, խորեոգրաֆը՝ Արման Բալմանուկյան, սոլիստները՝ Էդուարդ Սարգսյան, Վահագն Մարգարյան ստեղծագործական եւ ադմինիստրատիվ կազմը բացառապես երիտասարդ էնտուզիաստ պրոֆեսիոնալներից կազմված խումբ էր, հետագայում նախագծին իր աջակացությունը հայտնեց նաեւ Օպերայի եւ բալետի թատրոնը՝ ի դեմս հիմնադրամի։ Ոգեւորությունն այնքան մեծ էր, էնտուզիազմն այնքան շատ, որ մեր յուրաքանչյուր առաջարկ պարզապես իրականություն էր դառնում։ «Խոսող» վահանակը, իմպրովիզային երեկոները, քաղաքով մեկ տարածված «անձրեւանոցային» ֆլեշ-մոբը…Մարդկանց թվում էր՝ նախագծի հետեւում մեծ գումարներ եւ տասնյակ մարդիկ են կանգնած՝ իրականում նախագծի իրականացման աշխատանքները ղեկավարում էր Անուշ Քոչարյանը, որը ոչ մի րոպե չի կասկածել հաջողության վրա։ Մեր ոգեւորությունն էլ այնքան վարակիչ էր, այնքան էր մեծացել, որ ինքնաբերաբար աջակցություն էինք ստանում տարբեր արտիստներից։ Հիշում եմ՝ ինչպես մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը դուրս եկավ Օպերայի բակ եւ ուղղակի մեկ ժամ շարունակ կատարեց իր ստեղծագործություններից՝ ի աջակցություն մեր ներկայացման կայացմանը, եւ կամ ինչպես Շուշան Պետրոսյանը պարզապես «նվիրեց» մեզ բերկրանքը՝ ունենալու ներկայացման ամբողջական պրոֆեսիոնալ տեսաձայնագրության հնարավորություն։

– Երաժշտությունը համամարդկային լեզու է եւ թարգմանչի կարիք չունի, Դուք էլ սովորում եք Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում: Ինչո՞վ են տարբերվում հայ ժամանակակից երաժիշտները եւ արդյոք նրանց ստեղծագործություններից երեւո՞ւմ է հեղինակի ծագումը:

– Տարբերություն շատ կա, եւ կարող եմ ասել, որ Հայաստանի համար «վախեցնող» տարբերություն է։ «Եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես». եւ թող բերանները ամուր փակեն նրանք, ովքեր գոչում են, թե Եվրոպան «փտում» է։ Եվրոպայի քաղաքացին՝ այն էլ երիտասարդ արվեստագետը, հաճախ չի փայլում իր ամբիցիաներով. նա մեծացել է ազատության մեջ, սոցիալապես ապահով, պաշտպանված, իրավահավասար երկրում: Հայ երիտասարդները, որոնք ուսումը շարունակելու նպատակով այստեղ են, կայացման ուղի են փնտրում, մի բան, որ, ցավոք, այդտեղ՝ հայրենիքում ինչ-որ պահի փակուղու է վերածվում։ Հայ երաժիշտներից շատերը, ովքեր դրսեւորել են կայանալու կամքը, գնահատվում են այստեղ։ Ցավում եմ, որ մշակութային տեսանկյունից Հայաստանը ֆենոմենալ արագությամբ դատարկվում է։ Եվ սա է ամենից վախեցնողը։ Ինչ վերաբերում է ստեղծած երաժշտության տարբերությանը, կարծում եմ՝ հարցը ազգության մեջ չէ: Ավելի առաջնային է հեղինակի ձեռագիրը, որով էլ կարող է տարբերվել: Ըստ այդմ էլ այդ հեղինակը կիրառում է կամ չի կիրառում ազգային երաժշտական էլեմենտները։

– Այս տարի ցեղասպանության 100-րդ տարելիցն է նշվում, բայց այդ համատեքստում միջոցառումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Հնարավո՞ր է որեւէ երաժշտական ձեռնարկով հանդես գաք Հայաստանում։

– Դեռ հստակ պլաններ չկան Հայաստանի հետ կապված, բայց ցանկությունս մշտապես առկա է։ Այդ առումով հանգիստ եմ, որովհետեւ «մշակութային» խողովակներս, որոնցով նորությունները հասնում են, բավականին շատ են։ Ամեն դեպքում՝ ինքս էլ հանգիստ նստելու եւ չգործելու սովոր մարդ չեմ: Կարծում եմ՝ որեւէ նախաձեռնությամբ հանդես կգամ, եթե ոչինչ չխանգարի։

– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Երեւանը առաջնային զգացողությունների վայր է, հիշողությունների քաղաք: Ի՞նչ հիշողություն է Ձեզ ոգեւորում, թեւ տալիս, եւ կա՞ բան, որ երազում եք չհիշել:

– Այս հարցին պատասխանում եմ գնացքից, որն ընթանում է 250կմ/ժամ արագությամբ եւ ժպտում եմ, որովհետեւ Երեւանում ամեն օր պետք էի մտածեի՝ առանց սթրեսի մի վայրից մյուսը տեղափոխվելու մասին… Երեւանը, այո՛, առաջնային զգացողությունների՝ սիրելու, չսիրելու, զզվելու, հիանալու վայրն է եւ շարունակելու է մնալ այդպիսին…Բոլոր այս զգացումներն ու զգացմունքները, ներքին բախումներն ու պայքարելու մշտական մղումը, հարաբերությունների կիսատությունն ու առատությունն, ամեն ինչի սկիզբը Երեւանն է ու երեւանյան խրոնիկան, որն իր դանդաղության մեջ հիանալի պատմություններ, մարդիկ ու օրինակներ ունի, որտեղ ապրում են հայրս, մայրս, ընկերներս…

– Ի՞նչ է պակասում Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիային, ավելի ճիշտ՝ այնտեղ սովորող երաժիշտներին, կամ գուցե չի՞ պակասում:

– «Իմ» կոնսերվատորիան սկսեց «մահանալ» այն ժամանակ, երբ մահացավ ուղեղը՝ հրաշալի դասախոսներն ու պրոֆեսորները, որոնց փոխարինող նոր սերնդից գրեթե որեւէ մեկին առանձնացնել չեմ կարող։ Ես սովորել եմ այնպիսի լեգենդար ուսուցիչների մոտ, որոնց հետ ուղղակի շփումն արդեն կրթվելու տարբերակ էր, ցավոք, նրանց մեծ մասն այլեւս ողջ չէ։ Հիմա դատարկ, կիսամութ պատերն ու անկյուններն են, որտեղ դեռեւս կա ոգի եւ մի քանի նվիրյալներ…

Հարցազրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Լուսանկարը՝ Infocus photostudio-ի

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031