Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանին նորից վախեցավ անվտանգության երաշխիքներ պահանջել Սերժ Սարգսյանից

Մարտ 25,2015 23:22

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, օրակարգի ամենավերջին հարցը, որը հեղինակել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձն է, որով Ավետիսյանների դաժան սպանությունից հետո անվտանգության երաշխիքներ են պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Պահանջում են նաև «անհրաժեշտ ջանքեր ներդնել այս գործն ամբողջությամբ (հետաքննություն, դատավարություն, մեղադրյալ, փաստաթղթեր եւ այլն) անհապաղ ՀՀ արդարադատության համակարգի տնօրինման տակ անցկացնելու համար»:

Հիշեցնենք, որ նախորդ ավագանու նիստին ևս չէին թույլատրել, որ այս ուղերձը մտնի օրակարգ ու գոնե քննարկվի ավագանու կողմից, թեկուզև քննարկման ձևով մերժվի:

Այսօր ավագանու նիստը սկսվելուն պես ավագանու անդամներից մեկը՝ Հանրապետական Արամայիս Բաղրամյանը առաջարկեց  այդ հարցը հանել օրակարգից:  Գյումրու ավագանին մեկ դեմ, մեկ ձեռնպահով նորից դեմ եղավ ուղերձը օրակարգ մտցնելուն, որն առիթ դարձավ, որ Լևոն Բարսեղյանը բոյկոտի ավագանի նիստը ու դուրս գա նիստերի դահլիճից: Ավագանու նիստից հետո լրագրողները Արամայիս Բաղրամյանին հարցրեցին, թե ինչո՞ւ չի ուզում երաշխիքներ, ինչո՞վ են գյումրեցիները ապահովագրված, որ չի ուզում երկրի նախագահին անհանգստացնել: Ավագանու անդամն ասաց. « Երկրի նախագահը նախագահ դառնալու օրվանից Սահմանադրությամբ հանդիսանում է հենց երկրի երաշխավորը, էլ մենք նորից պիտի հիշեցնե՞նք իրե՞ն»:

Դուք գո՞հ եք Ավետիսյանների սպանության գործի քննության ընթացքից, Բաղրամյանն ասաց, որ որպես գյումրեցի, որպես քաղաքացի կարծում է, որ գործընթացը դանդաղ է ընթանում, բայց ժամանակ է պետք, որ այդ աշխատանքները կատարվեն: «Թող դատախազին հղված ուղերձի պատասխանը ստանանք, հետո նոր…», ասաց ավագանու անդամը: Բա ե՞րբ կգա դատախազի պատասխանը հարցին, ավագանու անդամն ասաց. «Ես ի՞նչ գիտեմ»:

Ավելի ուշ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գյումրու ավագանին մեկ դեմ, մեկ ձեռնպահով նորից դեմ եղավ, որ Ս.Սարգսյանին ուղերձ հղենք Պերմյակովին ՀՀ իրավապահ համակարգին փոխանցելու եւ մեզ անվտանգության երաշխիքներ ներկայացնելու մասին։

Փաստորեն նման մի հասարակ ուղերձը սարսափելի բան է ավագանու շատ անդամների համար։ Իրենց կարծիքով՝ դրա կարիքը չկա, լավ էլ անվտանգ ապրում ենք, ու լավ էլ ռուսները քննում են գործը, ինչ է պատահել…

Շատ ամոթալի պատմություն եղավ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031