«Այդ տեսանյութը լավ պատրաստված էր մեր հակառակորդի կողմից: Այդպես չի եղել, որովհետև այն պահին, երբ ինքը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է ինքն արագ վազում: Չեն կարողացել կանխել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն`անդրադառնալով պայմանագրային զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքին և ադրբեջանցիների տարածած տեսանյութին:
Նախարարը հորդորում է պատճառը փնտրել զինծառայողի ընտանեկան իրավիճակում: Ասաց, որ դեպքով ծառայողական քննություն է իրականացվում, նաև քրեական գործ է հարուցված, ամեն ինչ կպարզաբանվի. «Եթե մենք կարողանանք, քանի որ ինքն այստեղ չէ, նրա ընտանիքի միջոցով, մերձավորների միջոցով, այդ ստորաբաժանումների անձնակազմի միջոցով, բացահայտել իրողությունը, անկասկած մեր հանրությանը կտեղեկացնենք»:
Լրագրողներից մեկն ասաց` վարկած կա, որ ծառայության ընթացքում նրա նկատմամբ ճնշումներ են եղել: Նախարարը պատասխանեց, որ եթե ճնշումներ եղել են, ապա նրա ընտանիքում են եղել. «Ես նախնական կարող եմ ասել, որ հարաբերությունների մեջ լարվածություն է եղել, իր և իր ծնողների: Ամեն ինչ կպարզվի, եկեք այսօր չզբաղվենք այդ կանխատեսումներով»:
Սպաների կողմից զինծառայողի նկատմամբ վատ վերաբերմունքը, նախարարը բացառում է: Ավելին, քանի որ նա պայմանագրային զինծառայող է, առանձին փոքր ստորաբաժանումում է ծառայել, այն էլ ականանետային ստորաբաժանումում:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ այս ստորաբաժանման մեջ պայմանագրային զինծառայողներ են, ընդհանուր կոլեկտիվներում միջանձնային հարաբերությունների խախտումներ շատ քիչ են լինում: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ բացառում է մեր դիրքերից զինվորին առևանգելու տարբերակը, քանի որ դեպքից 15 րոպե առաջ այդ վայրում հենց զորամասի հրամանատարությունն է եղել:
«Վերջին իրադարձությունը մարտի 19-ի իրադարձություններն էին, երբ որ հայկական ստորաբաժանումները, Պաշտպանության բանակի այն դասակը, որը գտնվում էր անմիջապես պաշտպանության գոտում, ուղղակի բարձր մակարդակով, զինծառայողների բարձր պատրաստվածության, անձնուրացության շնորհիվ կարողացավ հետ մղել հակառակորդին, վնաս պատճառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի հիմնական ուժերը գան և տեղում պատժեն հակառակորդին: Այսօր իրավիճակը վերահսկվում է»,- ասաց պաշտպանության նախարարը` վստահեցնելով, որ սահմանային իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից եւ պատշաճ պատասխաններ են տրվում հակառակորդին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ