Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվել է «Ցուցմունքներ դատարանում» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժինը:
Դասընթացը վարում էր ԱՄՆ-ից հրավիրված PBSI-ի փորձագետ Ռիչերդ Տանտոն: Դասընթացին մասնակցում էին 21 ունկնդիրներ, որոնք ներկայացնում էին Փորձաքննությունների ազգային բյուրոն, ՀՀ Ոստիկանության Փորձաքննությունների վարչությունը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ՀՀ Արդարադատության նախարարության Փորձաքննությունների լաբորատորիան և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը: «Ցուցմունքներ դատարանում» թեմայով ուսուցման դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել դատարանում հանդես գալու համար անհրաժեշտ բանավոր խոսքի հմտությունները: Դասընթացի շրջանակներում արծարծվող թեմաները ներառում էին հռետորական խոսքի տեխնիկա, մտքերի ներկայացման հենքի նախապատրաստում, նախնական հարցաքննություն, ուղղակի հարցաքննություն, խաչաձև հարցաքննություն և այլն:
Դասընթացը կազմված էր երկու փուլից: Դասընթացը ներառում էր դասախոսություններ և բազմաթիվ գործնական վարժություններ, որոնք տեսագրվում էին, որպեսզի հետագայում ներկայացվեն դասընթացի մասնակիցների դատին: Մասնակիցները ամփոփելով արդյունքները հատուկ նշեցին դասընթացի կարևորությունը և արդիականությունը՝ առաջարկելով այն դարձնել շարունակական: ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժնի ղեկավարը Ջեկ Անդերսենը և Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակիցներին հանդիսավոր պայմաններում հանձնեցին վկայականներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյան