Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 7-րդ անգամ նշվեց խոսքի ազատության տոնը. (Տեսանյութ)

Մարտ 25,2015 20:30

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր »  կինոդահլիճում  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ  7-րդ անգամ նշվեց  խոսքի ազատության տոնը, որին հրավիրված էին մեդիա ոլորտի հայտնի դեմքեր,  փաստաբաններ, հ/կ ակտիվ ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ, որոնց համար մեծ արժեք է խոսքի ազատությունը: Հիշեցնենք,  որ այս տոնը Գյումրիում սկսեցին նշել  2008 թվականի մարտի 25-ից, երբ երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայերը  իրենց հանգանակությամբ փրկեցին իշխանությունների  կողմից հալածվող «Գալա» հեռուստաընկերությանը եթերազրկվելուց:  2008 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները սկսել էին հալածել Գյումրու անկախ լրատվական ալիքին, որը «համարձակվել էր» ցուցադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Այդ ժամանակ հեռուստաընկերությանը  պատժեցին ոչ միայն վերջինիս գովազդատուներին փախցնելով, այլ 27 միլիոն դրամի հարկային տուգանքի ենթարկելով:

IMG_6566

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը իր այսօրվա ելույթում նշեց, որ հալածանքներն  այսօր էլ  շարունակվում են, քանի որ գործող «Ռադիոհեռուստատեսության մասին » օրենքի  համաձայն մոտ 14 մարզային հեռուսատընկերություններ փակման վտանգի տակ են: «3 կազմակերպություններ. մենք ՝ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին իր գործընկեր կազմակերպությունների հետ մի օրինագիծ է պատրաստել, որը որ խորհրդարանում է  և ուղղակի պայքարում ենք  այն դրույթները, որոնք  որ թույլ կտան այդ հեռուստաընկերություններին շարունակել գործունեությունը, անպայման անցնեն, այդ օրինագիծը, ընդհանուր առմամբ ընդունվի: Կարծում եմ,  եթե այդպես լինի, ուրեմն  այն գործը, որ սկսվեց 2008 թվականին, կշարունակվի այսօր և եթե այն ժամանակ մի հեռուստաընկերություն փրկվեց, այժմ 10-ից  ավելի  կփրկվեն,  և սա շատ կարևոր գործ ենք համարում»:

«Գալա»-ի փրկության գործում մեծ դերակատարություն ունեցած  Լեւոն Բարսեղյանն ասաց. «Կա սկզբունքային մի տարբերություն  8 տարի առաջվա  իրադրության և  այսօրվա, ինչի մասին խոսեց Աշոտը Մելիքյանը: Այն ժամանակ ուղղակի մի քանի գերատեսչություններ՝  Գյումրու քաղաքապետարան, հարկային տեսչություն , հեռուստատեսության և  ռադիոյի ապազգային հանձնաժողով և  այլն, սրանք զբաղված էին ինչ-որ ակտեր գրելով , դատի տալով,  և  պայքարը մնում էր գործադիր իշխանության դեմ դատարաններում և  համաժողովրդական  ինչ-որ մակարդակի. փողը հանգանակվեց, փրկվեց հեռուստաընկերությունը եթերազրկումից…Հիմա այլ է, իշխանությունը տեսել է այդ ամենը և  ձևը գտավ մի քանի տարի անց: 2009-2010 թվականներին  օրենքի մեջ փոփոխություն մտցրեցին ավելի բարձր որակի հեռուստաընկերություններ ունենալու համար մենք պիտի  զրկվենք հեռուստաընկերությունների կեսից»: Լեւոն Բարսեղյանն ասում է,  որ եթե չկարողանան հաղթել այս նոր ճակատամարտը, կռիվը, ապա հուլիսի 1-ին կզրկվենք մարզային 14 հեռուստաալիքներից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով խոսքի ազատության արդի խնդիրներից, ասաց, որ այսօր ունենք լրագրողների նկատմամբ բռնությունների ոչ պատշաճ քննություններ, բայց, ըստ նրա, ամենամեծ խնդիրը  ներքին գրաքննությունն է:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի էլ տվեց  խոսքի ազատության  իր ինքնատիպ սահմանումը: «Ինչո՞վ է կարեւոր խոսքի ազատությունը , խոսքի ազատությունն այն է, որ բացում է  մտքի ազատությունը.որովհետեւ, եթե չկա խոսքի ազատություն, մարդիկ միակողմանի քարոզչություն են լսում,  եւ դա շատ բնորոշ է բռնապետական կամ բռնապետական հակում ունեցող երկրներին: Եւ  հիմնական մասը մարդկանց այդ քարոզչության զոհն են դառնում, իսկ երբ լսում են տարբեր կարծիքներ, մարդկանց տալիս են մտածելու հնարավորություն, իսկ առանց մտածելու, առանց կասկածելու առանց քննադատելու առաջընթաց չի կարող լինել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031