Մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի վերջին աշխատանքներն է իրականացնում, ձեւավորում են ընտրական շտաբեր, իսկ նախընտրական ծրագիրը վերջին փուլում է, շուտով կուղարկվի տպարան: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 30-ից: Մինչ այդ կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը չի ցանկանում գնահատականներ տալ սպասվող ընտրությունների մասին:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լավ ընտրություններ են խոստանում. «Բավականին հետաքրքիր նորություններ կան, որոնք օգտակար կլինեն ընտրական գործընթացն ավելի նորմալ կազմակերպելու համար, մասնավորապես վստահված անձանց վերաբերող կետերին, նրանց դերը նոր փոփոխություններով էապես կբարձրանա»:
Հնարավոր ընտրախախտումների մասին դեռ չցանկացավ խոսել, բայց ասաց, որ դրանք Արցախում այնքան շատ չեն, ինչքան Հայաստանում. «Մտահոգություններ այս պահին չունեմ, հետագայում, երբ քարոզարշավը մեկնարկի, կխոսենք այդ մասին, որ չնախատեսված քարոզչություն չդիտարկվի»:
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 50 թեկնածու: Թեկնածուներից միայն մեկն է դեռ ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Համամասնական 22 մանդատի համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն. «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազգային վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Խաղաղություն և զարգացում», «Շարժում 88», «Կոմունիստական կուսակցությունը»: Կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդհանուր թվով 167 թեկնածու է ընդգրկված:
Կարդացեք նաև
Ըստ Հայկ Խանումյանի, այս ընտրությունները մրցակցային են լինելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ