Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հրապարակել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի վերաբերյալ առաջընթացի զեկույցը

Մարտ 25,2015 19:35

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Աշխատակազմի համատեղ աշխատանքային փաստաթուղթ

Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում
2014 թ․ ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար

Փաստաթուղթը ուղեկցում է
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական Հարևանության Քաղաքականության իրականացումը 2014թ.

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ և ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՐ

Սույն փաստաթուղթը զեկուցում է 2014թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացի մասին։ Այս շրջանից դուրս կատարված զարգացումները հաշվի են առնվել ըստ կարևորության։ Տվյալ փաստաթուղթը Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակի գնահատականը չէ։ Արևելյան գործընկերության (ԱԳ) իրականացման զեկույցում ներկայացված է Տարածաշրջանային և բազմակողմ հատվածի խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը։

2014թ․ հոկտեմբերին Հայաստանը ստորագրել է Եվրազիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը։ Պայմանագրի ստորագրման նախապատրաստման փուլում, որն ուժի մեջ է մտել 2015թ․ հունվարի 2-ին, Հայաստանը կառավարության քաղաքականության 20 տարածքներում իրականացրել է վարչական և իրավական միջոցառումների ճանապարհային քարտեզը։ Չնայած 2013թ․ սեպտեմբերին կայացրած որոշմանը չնախաստորագրել ԵՄ-ի հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (ԱՀ/ԽՀԱԱՀ), Հայաստանը և ԵՄ-ը 2014թ-ին շարունակել են իրենց քաղաքական և տնտեսական երկխոսությունն այն ոլորտների շուրջ, որոնք համահունչ են Հայաստանի նոր միջազգային ԵՏՄ պարտավրություններին։ Այս առումով, 2014թ․ նոյեմբերին, ԵՄ-ը և Հայաստանը մեկնարկեցին հետագա հարաբերությունների համար համագործակցության հնարավոր ոլորտների սահմանման վարժությունները։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման շուրջ համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2014 թ. հունվարին։ Մարտին ուժի մեջ է մտել Համաձայնագիրը, որը թույլ է տալիս Հայաստանին մասնակցել ԵՄ ծրագրերում և գործակալություններում։

Հայաստանում սահմանափակ առաջընթաց է արձանագրվել խորը և կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում։ 2014 թ-ի ապրիլին Խորհրդարանական բարեփոխումների հատուկ հանձնաժողովը ներկայացրել է իր հայեցակարգի նախագիծը, որտեղ առաջարկել է նախագահական համակարգից անցում կատարել դեպի խորհրդարանական համակարգ, ապահովել ուժերի հավասարակշռությունը և մարդու իրավունքների առավել պաշտպանությունը։ Սակայն, այս բարեփոխումների վերաբերյալ առաջարկները չեն ընդունվել հասարակության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից:
2014թ․ փետրվարին ընդունվել է մարդու իրավունքների գործողությունների ծրագիրը, որը կարևոր քայլ է համարվում այդ ոլորտում առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Սակայն, այն չի ներառում առաջնային ոլորտներ՝ մասնավորապես, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային համապատսախանությունը։ Ընդհանուր առմամբ հավաքույթների ազատության իրավունքը պահպանվում էր։ Միևնույն ժամանակ բացակայում է խտրականության դեմ համապարփակ օրենսդրությւնը՝ չնայած ձեռնարկված որոշ իրավական միջոցառումների։ Որպես նախագիծ է մնում նաև խտրականության դեմ ռազմավարությունը, որը կօգներ առավել հետևողական իրավական քայլերը իրականացնել: Շոշափելի զարգացումներ չեն գրանցվել նար մարդու իրավունքների և հիմնարար հիմունքների վերաբերյալ օրենսդրության իրականացման և հարկադիր կիրառման հարցում: Որոշ բարեփոխումներ մնացել են մշակման փուլում: Վերջիններիս իրավական ուժ տալու համար անհարժեշտ է ընդհամենը մի քանի քայլ։ Նախկին զեկույցներում նշված բացերը դեռևս մնում են անփոփոխ: Մասնավորապես դրանք վերաբերում են դատական համակարգում վստահության բացակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին։

Հայաստանում փոքր առաջընթաց է գրանցվել անվճար իրավական օգնության իրավունքի մասով և դատական մարմիններում դատավորների անկախության ուղղությամբ։ Առավել թափանցիկ է դարձել դատավորների նշանակման գործընթացը, սակայն հասարակությունը շարունակում է չվստահել դատական համակարգին։ 2014թ. Թրանսփարենսի Ինթերնեյշնլի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալներով՝ Հայաստանը զբաղեցնում է 94 տեղը 175 երկրների ցանկում։

Հայաստանը շարունակում է հիմնավորված մակրոտնտեսական քաղաքականություններ իրականացնել։ Առաջընաց է գրանցվել հատկապես Գործողությունների ծրագրի նպատակների իրականացման հարցում մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության նվազեցման և սոցիալական համախմբվածության ոլորտներում։ 2014թ-ի ընթացքում տնտեսական ակտիվությունը դանդաղել էր, ինչը պայմանավորած էր Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ և ԵՄ-ի թույլ պահանջարկով: Հարկային վարչարարության բարեփոխումները շարունակվում էին: Տնտեսության վերափոխման ուղղությամբ բավարար գործողություններ չէին իրականացվում, քանի որ շեշտը դրվում էր, մասնավորապես, գյուղատնետսության և հանքարդյունաբերության վրա: Վերափոխման միջոցով Հայաստանը կարող էր ավելի քիչ կախում ունենալ արտաքին ցնումներից, օրինակ՝Ռուսաստանի Դաշնությունից:

Հայաստանը մեծապես կախված է հիմնական էներգիայի ներմուծված աղբյուրներից: Երկրի ներսում արտադրվող էներգիայի հիմնական աղբյուրներն են ՀԷԿ-երը և Մեծամորի ատոմային կայանը: Մեծամորի ատոմային կայանի վաղաժամ փակումը և շահագործումից դուրս բերելը մնում է ԵՄ-ի հիմնական նպատակը և գտնվում է ԵՀՔ Գործողությունների Ծրագրի շրջանակներում: Ատոմակայանը չի համապատասխանում ներկայիս ընդունված ատոմային անվտանգության միջազգային չափանիշներին, և այն պետք է հնարավորինս արագ դուրս բերվի շահագործումից: Նոր կայանը պետք է համապատասխանի միջազգային անվտանգության վերջին չափանիշներին: Սակայն, ՀՀ Կառավարությունը հայտարարել է մինչև 2016թ Մեծամորի ատոմային կայանի կյանքի երկարաձգման մասին՝ հաշվի առնելով, որ այն կստուգվի գործընկերների կողմից 2015թ-ի ընթացքում: Դա համահունչ է քաղաքականության այս ոլորտի ԵՄ նպատակների հետ, ինչը ատոմային անվտանգության ամենաբարձր չափանիշների և անվտանգության մշակույթի խթանումն է ամբողջ աշխարհում:

Անցյալ տարի լրացավ ստորագրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մի շարք հանդիպումներ են ունեցել Սոչի քաղաքում, Նյուպորտում կայացած ՆԱՏՈ-ի գագաթաժողովին և Փարիզում, որոնց ընթացքում վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ երկրում անվտանգության պահպանումը, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը: ԵՄ-ը շարունակում է աջակցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբրի համանախագահների ջանքերին և խաղաղաստեղծ գործողություններին: Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը/ Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալը աջակցում է խաղաղաստեղծ ջանքերին, այդ թվում Հարավային Կովկասի և Վրաստանի հակամարտության ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցիչ՝ Հերբերտ Սալբերի միջոցով: Նա կանոնավոր կերպով այցելում էր տարածաշրջան` բարձրաստիճան հանդիպումներին մասնակցելու նպատակով և հաճախակի շփումներ պահպանում տեղական բնակչության հետ:

Չնայած 2014թ. օգոստոսին կայացած նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու Թուրքիայի նախագահի հրավերքին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում իրական առաջընթաց չի գրանցվել: 2015թ-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները նոր փորձություն կդառնան երկկողմանի հարաբերությունների համար: ԵՄ-ը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացմանը և խրախուսում է երկու երկրներին հավատարիմ մնալ առանց նախապայմանների կարգավորման գործընթացին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ՝ որոշ ջանքեր գործադրելով խորը և կայուն ժողովրդավարության հաստատման հարցում և ներդնելով ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություններն ու կառուցվածքային բարեփոխումները: Մինչ Հայաստանը որոշ ռազմավարական քայլեր է ձեռնարկել սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ՝ առաջարկվել իրականացնել և հարկադիր կիրառկել ավելի կոնկրետ օրենսդրական միջոցառումներ: Ողջունելի կլինեին նաև մարդու իրավունքների և հասարակության առջև Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ իրազեկման բարձրացումը: Եվրազիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները վերասահմանման կարիք ունեն:

2014 թ-ի ընթացքում ԵՀՔ-ի իրականացման ուղղությամբ կատարված առաջընթացի գնահատման հիման վրա, Հայաստանն առաջիկա տարվա ընթացքում պետք է ջանքերը կենտրոնացնի հետևյալի շուրջ՝

• Կատարել փոփոխություններ ընտրական օրենսդրության մեջ՝ համաձայն ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկությունների մինչև 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները;
• Ընդունել և իրականացնել կոռուպցիայի դեմ համապարփակ օրենքը; իրականացնել և հսկել կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի իրականացումը, հետագա քայեր ձեռնարկել այս ոլորտի օրենսդրության և ԵՄ օրենսդրության մոտարկման ուղղությամբ; ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը;
• Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրառկումը, այդ թվում 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտմաների վերաբերյալ;
• Ավարտի հասցնել խղճի և կրոնի ազատության մասին օրենքի նախագիծը;
• Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, օրինակ, դատական մարմինները դարձնել ավելի անկախ, բարելավել դատավորների վերապատրաստումը, վերանայել Քրեական ընթացակարգի մասին օրենսգիրքը և համահունչ դարձնել բռնության մասին օրենսդրությունը Բռնության դեմ կոնվենցիայի 1-ին Հոդվածին հետ; ստեղծել կոնտակտային կետ Եվրոջասթ-ում ավելի սերտ դատական համագործակցությունը դյուրացնելու նպատակով:
• Շարունակել պետական կառավարման բարեփոխման գործընթացը՝ ավելի շատ միջոցառումներ ձեռնարկելով կոռուպցիան խոչընդոտելու և դրա դեմ պայքարելու նպատակով;
• Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը և հզորացնել տեղական ինքնակառավարման խորհուրդների կարողությունները, ապահովել տեղական իշխանությունների կարողությունները և ավելացնել տեղական իշխանությունների կողմից տնօրինվող ռեսուրսները; առավել արդյունավետ դարձնել տեղական ինքնակառավարման հարկային մեխանիզմը և վերանայել ֆինանսական հավասարեցման մեխանիզմը;
• Խրախուսել միջնաժամկետ աճը՝ բարելավելով գործարար մթնոլորտը և գրավիչ դարձնելով ներդրումային դաշտը, ուժեղացնել երկրի արտաքին դիրքը, շարունակել բարիդրացիական ճանապարհով մոբիլիզացնել հարկային եկամուտների աճը;
• Դիվերսիֆիկացնել ավելացրած արժեքի հարկով հայկական ապրանքների արտահանումը, հետագա կարգավորիչ քայլեր ձեռնարկել միջազգային առևտրային օրենքներին և չափանիշներին մոտարկման ուղղությամբ;
• Ավելացնել ջանքերը միջազգային կոնվենցիաների իրականացման ուղղությամբ, որոնք առնչվում են ԵՄ Արտոնությունների ընդհանուր համակարգին (ԱԸՀ); միջոցառումներ ձեռնարկել Մեծամորի ատոմային կայանի շուտափույթ փակման ուղղությամբ և ընդունել շահագործումից դուրս բերելու մանրամասն պլանը՝ հաշվի առնելով սթրեսային փորձարկումների արդյունքները, միևնույն ժամանակ բարձրացնելով ատոմային կայանի անվտանգության չափանիշները;
• Նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին; խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործըթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից; ձևավորել հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայր և աջակցել խաղաղաստեղծ գործողություններին; ապահովել հակամարտության կարգավորմանն աջակցող ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածաշրջաններ:

2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Խորը և կայուն ժողովրդավարություն

Կառավարությունը դեռևս չի ձեռնարկել ընտրական օրենսգրի բարեփոխումների գործընթացն ընտրություննրեից առնվազն մեկ տարի առաջ, ինչպես դա առաջարկվել էր ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2017թ. փետրվարին: Կանայք դեռևս բավարար չափով չեն ներկայացվում քաղաքական պաշտոններում: ԵՄ-ը շարունակում է աջակցել կանանց մասնակցությանը տեղական որոշումներ կայացնելու գործընթացներում:

2014թ. ապրիլին Սահմանադրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովը հրապարակել է համապարփակ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգը, որը նաև ներառում է անցում դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, ընտրական համակարգում այլ փոփոխություններ, իշխանությունների ավելի լավ հավասարակշռություն և ավելի մեծ հարգանք մարդու իրավունքների հանդեպ: 2014թ. հոկտեմբերին Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան Հանձնաժողովը եզրակացություն է ընդունել տվյալ փաստաթղթի փաստաթղթի վերաբերյալ և առաջարկել նպատակներ՝ ձեռնպահ մնալով կառավարման համակարգի ընտրության վերաբերյալ առաջարկություններից:

Կառավարությունը հարգանքով է վերաբերվել միավորումների ազատությանը: Սեպտեմբերին այն ընդունել է “Քաղաքական հասարակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխուների վերաբերյալ հայեցակարգը”: Այնտեղ նշվել է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրենքի նախագծի, թույլատրվում է հասարակական կազմակերպությունների ճկուն կանոնակարգումը և այդ կազմակերպությունների կանոնակարգերի դերի բարձրացումը: Հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունությունը ներկայացված է գործիքների ավելացման միջոցով, որոնք գոյություն չունեն ներկայիս օրենսդրության շրջանակում: Մասնավորապես խոսքը գնում է հասարակական կազմակերպությունների ուղղակի բիզնես գործունեության, առավել թափանցիկ պետական ֆինանսավորման և նոր գործիքների համար հնարավորությունների մասին, օրինակ նվիրատվություն: Դրանք առավել կայուն, անկախ, ինքնակարգավորված, զարգացած և ինստիտուցիոնալ առումով ուժեղ են դարձնում հասարակական կազմկերպությունները: Օրենքը մշակել է քաղաքացիական հասարակության կազամկերպություններից և Արդարադատության նախարարության աշխատակազմից կազմված աշխատանքային խումբը: Երկու փաստաթղթերը լայնորեն քննարկվել են քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների հետ հասարակական միջոցառումների, կլոր սեղանների ընթացքում և աշխատանքային խմբերում:

Հավաքների ազատության մասին ներկայիս օրենքը համահունչ է ԵՄ-ի և այլ միջազգային չափանիշների հետ: Սակայն, դրա իրականացումը ձախողվեց գրանցված 17 միջադեպով և ձեռբակալված 72 ակտիվիստներով: Տարբեր տեխնիկական պատճառներով իշխանությունների կողմից արգելված հավաքների թիվը նվազել է: Մի շարք դեպքերում ոստիկանությունը, համաձայն որոշ տեղեկությունների, ուժ է կիրառել և սահմանափակել հավաքները՝ նշելով, որ դրանք “արտոնված չեն”:

Ազատ արտահայտման իրավունքի և մամուլի հանդեպ որևէ լուրջ զարգացում չի գրանցվել: Չնայած կառավարության և պետական ծառայողների նկատմամբ քննադատությունները հիմնականում հանդուրժվում էին և համացանցի օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ չէին գրանցվել, մի շարք հարցեր դեռևս արգելված են: Մարդու իրավունքների պաշտպանները, լրագրողները, փոքրամասնության կարծիքը կիսող անձինք, այնպիսի հարցերում, ինչպիսին է գենդերային հավասարությունը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, շարունակվում են ենթարկվել ոտնձգությունների, սպառնալիքների և բռնության: Մամուլի անկախության մակարդակը դեռևս անբավարար է, նաև չկա առաջընթաց էլէկտրոնային ԶԼՄ-ներում բազմակարծություն ապահովելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանը, ապա այս ոլորտում շարունակվում է 2012-2016թթ. դատական բարեփոխումների ռազմավարության իրականացումը: Դատական Օրենսգրքում օրենսդրական փոփոխություններն ինքնակառավարման կառուցվածքների սահմանման միջոցով ուժեղացրել են դատավորների անկախությունը, բարելավել են դատավորների գնահատման և առաջխաղացման չափորոշիչները և ավելի թափանցիկ են դարձրել դատավորների նշանակման գորընթացը: Սակայն, փոփոխությունները պաշտոնապես հաստատել են Նախագահի դերը դատավորների վերջնական նշանակման գործընթացում: Բարձր է մնում համակարգի և դրա ազնվության հանդեպ հասարակական անվստահությունը: Ինչ վերաբերում է անպատժելիությանը, ապա 2008թ. մարտին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի հետաքննության հարցում շոշափելի զարգացումներ չեն գրանցվել: ԵՄ-ը շարունակում է աջակցել դատական համակարգի անկախության և բարձր մակարդակի հզորացմանը, այդ թվում բյուջետային հատկացումների տեսքով:

Առաջխաղացում կա անվճար իրավական օգնության իրավունքի հարցում: Հասարակական պաշտպանների թիվն ավելացել է, իսկ օրենսդրական փոփոխությունների միջոցով անվճար իրավական օգնության իրավունք ունեցող բնակչության խմբերը շատացել են: Սակայն, անվճար իրավական օգնության մասին տեղեկատվության բացակայությունը շարունակում է թուլացնել արդարադատության մատչելիությունը:

Էական առաջընթաց չի գրանցվել նաև արդար դատաքննության իրավունքի նկատմամբ: Դատավորներին ըստ իրենց մասնագիտացման պատահական գործեր հանձնարարելու վերաբերյալ չափանիշների սահմանման մասին քնարկումները կոնկրետ արդյունք չեն տվել: Դատարանները դեռևս կախված են գլխավոր դատախազությունից, և իրենց անկախությունն և ազնվությունը լիարժեք երաշխավորված չէ: Վճռաբեկ դատարանը շարունակում է ազդել այլ դատական մարմինների վրա: Քրեական դատավարության նոր օրենսգիրքի հիմքում ընկած է անմեղության կանխավարկածը և պաշտպանության ու մեղադրող կողմերի միջև իրավահավասարությունը: Հայաստանը նույնպես սկսել է մշակել Քրեական նոր օրենսգիրքը: ՀՀ իշխանությունները նպատակ են հայտնել ամբողջովին համապատասխանել Եվրոպայի Խորհրդի չափանիշներին խոշտանգումների և կոշտ վերաբերմունքի հարցերում: Սակայն, 2014թ-ին մինչդատական հետաքննությունների ընթացքում խոշտանգումների և կոշտ վերաբերմունքի դեպքերի մասին արված հայտարարություններն անտեսվել են կամ պատշաճ կերպով չեն հետաքննվել: Մինչդատական կալանքի սահմանման կամ երկարացման վեաբերյալ որոշումները դատարանների կողմից լավ չեն հիմնավորվել:

Ապրիլին Հայաստանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որն ուղղված է կրթության, պետական եկամուտների, ոստիկանության և առողջապահության ոլորտներում երևույթի վերացմանը: Արդյունքում մշակվել է ռազվարության և գործողությունների ծրագրի նախագիծ, որը հոկտեմբերին ներկայացվել է ազգային և միջազգային գործընկերներին: Նախագծով նախատեսված է քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Դեռևս կարիք կա հզորացնելու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի մանդատը և գործառույթները: ՍԻԳՄԱ (Կառավարման բարելավման աջակցություն) միջազգային կազմակերպությունը շարունակում է համապատասխան քաղաքականության աջակցություն տրամարդել: 2014թ. կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չէր ստեղծվել:

2013թ-ին այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններն ընդունելուց հետո անվտանգության և օրենքի հարկադիր կատարման ոլորտներում դրական զարգացումներ են գրանցվել: Հոկտեմբեր ամսվա դրությամբ, զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կողմից տեղափոխման համար ներկայացված դիմումները բավարարվել են: 74 դիմորդ անցնում են իրենց ծառայությունը ծերանոցներում, հոգեբուժական հաստատություններում և մանկատներում, կամ կանաչապատման/բարեկարգման գործակալություններում:

Հայաստանը շարունակում է հարգել ԵԱՀԿ Վարքի կանոնակարգի միջազգային հանձնառությունները զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկման և անվտանգության վերաբերյալ: Սակայն, մտահոգություններ են առաջացնում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահվան դեպքերը, ինչպես նաեւ ծաղրուծանակի եւ զինակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը: Մարդու իրավունքների պաշտպանը տեղակալ է նշանակել զինվորական ծառայողների իրավունքներով զբաղվելու նպատակով:

Այլ մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ
Մարդու իրավունքների միջազգային գործիքների և Հայաստանի մարդու իրավունքների պարտականությունների մասին իրազեկումը ցածր է մնում ազգային կառույցների, այդ թվում դատական և օրենքի պարտադիր կիրառման մարմինների շրջանում: Կառավարությունը պատրաստել է Համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ երկրորդ ազգային զեկույցը (զեկույցի վերանայումը կայանալու է 2015թ-ի սկզբին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում): Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների ավելի քան 50 միջազգային կոնվենցիա, այդ թվում բոլոր հիմնարար կոնվենցիաները: Սակայն, այն դեռ չի վավերացրել Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Կառավարությունն ընդունել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունն ուղղված մահապատժի վերացմանը, բայց դեռևս չի վավերացրել այն: Աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը նույնպես անավարտ է:

2014թ-ի հունիսի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում էր Հայաստանին առնչվող շուրջ 1022 դեպք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած ընդհանուր առմամբ 47 խախտման մասին դատավճիռներից 42-ի կատարումը ավարտված չէ: Արդարադատության նախարարությունը ստեղծել է առանձին վարչություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեպքերի ուսումնասիրության նպատակով:

Մարտին Կառավարությունը հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հիման վրա մշակված Մարդու իրավունքների գործողությունների ազգային ծրագիրը: Դա պետական հաստատությունների համաձայնեցված գործողությունների ճանապարհային քարտեզն է Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարելու համար և կարող է դիտվել որպես քայլ առաջ: Կառավարության ներկայացուցիչների խոսքերով, ծրագիրը պետք է վերանայվի և կանոնավոր կերպով փոփոխվի: Թեև ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը կարևոր քայլ է, այդուհանդերձ այն չի ներառում որոշ առաջնային ոլորտներ, այդ թվում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, ընտրական իրավունքները և կանանց իրավունքների հանդեպ ավելի մեծ հարգանքի ապահովումը: ԵՄ-ը շարունակում է իր երկխոսությունը Հայաստանի հետ մարդու իրավունքների վերաբերյալ: ԵՄ-ի նոր ծրագրի միջոցով կավելանա մարդու իրավունքների ոլորտում աջակցությունը, մասնավորապես ընտրությունների, խոշտանգումների կանխարգելման, գենդերային հավասարության և երեխաների պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունը հաստատել է, որ այն կընդգրկի ԵՄ ծրագրի պայմանները Հայաստանի Մարդու իրավունքների գործողությունների ծրագրում:

ՀՀ օրենսդրությամբ արգելվում են խոշտանգումները, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը: Շոշափելի զարգացումներ չեն գրանցվել խոշտանգումների քրեականացման վերաբերյալ ազգային օրենսդրության Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածին մոտարկման առումով: Սա նաև ներկայացված չէ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրում: Խոշտանգումների ներկայիս սահմանումը չի ընդգրկում պետական ծառայողների կողմից կատարված հանցագործությունները:

Ոստիկանական կալանքում կոշտ վերաբերմունքի դեպքերի վերաբերայլ զգալի արդյունքներ ևս չեն գրանցվել: Մտահոգություններ են առաջացնում բռնի ուժով ստացված խոստովանությունների օգտագործումը դատական քննությունների ընթացքում և մեղադրյալների հայտարարությունները հետաքննելու ձախողումներն առ այն, որ խոստովանությունները ստացվել են խոշտանգումների կիրառման միջոցով: Մոնիտորինգ անցկացնող խմբերը հաստատել են, որ կոշտ վերաբերմունքը և ոստիկանության կողմից բռնությունները շարունակում են տեղ գտնել կալանավորման ընթացքում և պատշաճ կերպով չեն ներկայացվում դատարաններում:

Արմավիրի քրեակատարողական հաստատության առաջին շինության բացման արդյունքում սահմանափակ առաջընթաց է գրանցվել քրեակատարողական համակարգի բարեփոխման ոլորտում: Նոր շենքը կոչված է նվազեցնելու գերբնակեցումը քրեակատարոական հաստատություններում: Քրեակատարողական հաստատություններում անմարդկային վերաբերմունքի դեպքերը դեռևս մտահոգություն են առաջացնում: Կալանավորման պայմանների բարելավումը և քրեակատարողական հաստատությունների գերբնակեցման նվազեցումը ողջունելի առաջխաղացում կլինի դեպի ԵՄ-ի և միջազգային չափանիշներին համապատսխանություն: Չնայած այն հանգամանքին, որ իրավաբանորեն թույլատրելի է, սակայն գործնականում դատավորները դեռևս չեն կարողանում այլընտանիք առաջարկել քրեակատարողական հաստատությանը: Քրեակատարողական բարեփոխումների գործողությունների ծրագիրը մշակվել է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի կողմից ըստ ներկայացված առաջարկությունների: Փորձաշրջանի ծառայության ներդրման մասին օրենքի նախագիծը քննարկվել է գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ, սակայ դեռ չի ընդունվել: ԵՄ-ի աջակցությամբ շարունակվում է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի չափանիշներին Քրեակատարողական հաստատությունների պայմանների համապատասխանության գործընթացը:
Չնայած որոշ առաջընթաց է գրանցվել կրոնական փոքրամասնությունների իրավունքների ուղղությամբ (մասնավորապես, Յեհովայի վկաների համար զինվորական ծառայության այլընտրանքների հարցում), հասարակությունը դեռևս չի ընդունում կրոնական փոքրամասնություններին: Խղճի և կրոնի ազատության մասին օրենքը դեռ չի ընդունվել: Աշխատանքային վայրերում և մամուլում շարունակվում է խտրականությունը կրոնական փոքրամասնությունների խմբերի նկատմամբ:

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքը դեռ լիարժեք չի իրականացվում: Անհավասարության մասին բողոքելու միջոցներ չկան: Մտահագություն է առաջացնում կանանց և տղամարդկանց դերի վերաբերյալ խորը արմատացած նահապետական վերաբերմունքը և կարծրատիպերը, ինչը զուգորդվում է կանանց դեմ բռնության կայուն բարձր մակարդակի հետ: Ընտանեկան բռնության ամսին օրենքը դեռ չի ընդունվել: Նախատեսված էր, որ Քրեական և վարչական օրենսգրքերի բարեփոխումները պետք է ավարտվեն մինչև 2016թ-ի վերջը և պարզ չէ, թե ինչպես է կիրառվելու խղճի հանգամանքը: Չնայած աճող մարտահրավերների, կանանց իրավունքների պաշտպանների տեսանելիությունն ավելացել է շնորհիվ համացանցի և սոցիալական մեդիայի: Այդ ամենի կողմնակի ազդեցությունը կանանց իրավունքների կազմակերպությունների դեմ սպառնալիքների և թշնամական արտահայտությունների աճն է, որոնք պատշաճ կերպով չեն հետաքննվում ոստիկանության կողմից:

Գենդերային ընտրության պրակտիկան դեռ գոյատևում է: Սեռի հիման վրա ընտրության արգելման մասին օրենքը մշակվել է և շրջանառության մեջ է դրվել կառավարության և քաղքացիական հասարակության շրջանում:

Աջակցություն է ցուցաբերվել, որպեսզի երեխաները դառնան խնամքի համակարգի բարեփոխումների անբաժանելի մասը, և նրանց կտրամադրվեն բնակության տարածքից դուրս ծառայություները: Երկու հաստատություններ փակվել են և ստեղծվել են այլընտրանքային ծառայություններ: Երեխաների խնամքի հաստատությունների մոնիտորինգը բռնության և վատ վերաբերմունքի նոր դեպքեր է հայտնաբերել:
Երեխաները նույնպես մնում են հասարակության ամենաաղքատ խումբը (36.2%): Աղքատության բարձր ռիսկ է գրանցվում հաշմանդամ երեխաների, փոքր երեխաների, բազմանդամ ընտանիքների և միայնակ մայրերի ընտանքիների շրջանում: Չկա օրենքով պարտադրված խնդիրների հստակ բաշխում սոցիալական պաշտպանության և երեխաների խնամքի ծառայությունների միջև:

Մարդու իրավունքների գործողությունների ծրագիրը ճանաչում է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հզորացման անհրաժեշտությունը: Այդ ամենը հաշվի առնելով՝ Կառավարությունը Խորհրդարան է ներկայացրել սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծը, որն ուղղված է մի շարք խոցելի խմբերին տարբեր եղանակներով աջակցության տրամադրմանը:

Հունվարին Կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն սահմանելու մասին հայեցակարգը, որը հիմնված է բազմակողմ գնահատման վրա Առողջապահության համաշխարհային կամզկաերպության դասակարգումների հետ համահունչ:
Գործադուլի իրավունքի, ինչպես նաև որոշ խմբերի համար (օրինակ, հարկադիր ծառայողների) արհմիություններին միանալու որոշ սահմանափակումները դեռ գործում են:
Հայաստանը դեռևս չունի խտրականության դեմ համապարփակ իրավական շրջանակ: Մարդու իրավունքների գոծողությունների ծրագրում միայն առաջակվում է գնահատել ՀՀ համապատասխան օրենսդրության համատեղելիությունը միջազգային օրենսդրությանը և կշռադատել խտրականության դեմ օրենսդրության ընդունման արժանիքները: Ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, թեև խտրականությունը և թշնամությունը շարունակվում են լինել հիմնական խնդիրները: Համատարած խտրականության արտահայտումներ են դիտվում նաև հաշմանդամների նկատմամաբ իրենց տնտեսական, սոիալական և մշակութային իրավունքների առումով: Հաշմանդամները նույնպես սոցիալապես անջատված են բոլոր ոլորտներում:
Կառավարությունը չի կիրառել սեփականության իրավունքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որոշումները և Հայաստանում գույքը որպես պետական գերակա շահ պարտադրվում է օտարման:

Հունվարին, Եվրոպայի Խորհրդի փորձագետների հանձնաժողովը հաստատել է, որ Հայաստանը մշակել է փոքրամասնության լեզուների պաշտպանության և խրախուսման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը: Դրա իրականացումը դեռ չի ավարտվել մի շարք ոլորտներում: Փոքրամասնության լեզուները քիչ են օգտագործվել վարչական իշխանությունների հետ աշխատանքների ընթացքում (այդ թցում այն ոլորտներում, որտեղ ներկա էին փոքրամասնությունները):

Կառավարմանն առնչվող այլ խնդիրներ

Պետական կառավարման բարեփոխումները շարունակաբար դանդաղում են: Խրախուսվել է, որպեսզի Կառավարությունը շարունակի իրականացնել քաղաքացիական ծառայության բարեփոխումները ՍԻԳՄԱ-ի կոմղից մշակված նախագծի հիման վրա, և քաղծառայողների համար վերապատրաստման համակարգի բարելավման գործընթացը:
Շարունակվել են տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների բարելավումները: Մարտին Եվրոպայի Խորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների պալատը հայտարարել է, որ պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող տեղական ծառայությունների մեծ մասն ունի ծառայությունների տրամադրման սահմանափակ կարողություն: Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ դեր են խաղում, քանի որ չունեն ամբողջական և բացառիկ իրավունքներ: ՀՀ իշխանությունները դեռ չեն սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և կարողություններ փոխանցելու եղանակները:

Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կառուցաղական երկխոսության անհրաժեշտություն է կա: միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքացիական հասարակությունում բացակայում են քաղաքականության մոնիտորինգը և կառավարության հետ երկխոսություն վարելու բավարար կարողությունները: Ի պատասխան այս իրավիճակին, ԵՄ-ը շարունակում է կանոնավոր խորհրդատվություններ անցկացնել քաղաքացիական հասարակության հետ, և նոր ծրագիր է մեկնարկել սոցիալական ձեռներեցության միջոցով կարողությունների զարգացման և կայունության խթանման վերաբերյալ:

Արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ համագործակցություն, տարածքաշրջանային և միջազգային խնդիրներ, հակամարտության կանխարգելում և ճգնաժամի կառավարում

Հայաստանը շարունակում է առանձին դեպքերով համահունչ լինել Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության (Common Foreign and Security Policy, CFSP) հայտարարություներին: Հայաստանը համաձայնեցրել է ստորագրելու համար 48 հայտարարություններից 15-ը (19-ը հայտարարություն 32-ից 2013թ-ին):

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի գործընթացում ձգձգվող բանակցությունների համատեքստում Սոչիում, Ուելսում և Փարիզում անցկացրած հանդիպումները վերանորոգել են կողմերի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված շփումներն ու փոխանակումներն ամենաբարձր մակարդակով: 2014թ-ի ամառվա ընթացքում շփման գծում և միջազգային սահմանին բռնությունների ալիքը , ինչպես նաև նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցումն աննախադեպ էին 1994 թ-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրվելուց հետո: ԵԱՀԿ-ի կողմից զեկուցված երկու կողմերի դեպքերի թիվը 2014թ-ին կտրուկ աճել է՝ հասնելով սպանված 57 զինծառայողի և 1 քաղաքացու, ի տարբերություն 2013-ին 14 սպանված զինծառայողների, 32 վիրավոր զինծառայողի և 5 քաղաքացու: Հակամարտության հռետորաբանությունը, սպառազինության շարունակական մրցավազքը, ինչեպս նաև մարդասիրական խնդիրներն իրենց ազդեցությունն են թողել հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Առաջընթացի բացակայությունը շարունակում է լուրջ ազդեցություն թողնել հակամարտության արդյունքում տարաբնակեցված բնակչության վրա:

ԵՄ-ը կոչ է արել կողմերին զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են թեժացնել իրավիճակը և բացասական ազդեցություն ունենալ խաղաղ գործընթացի վրա, խթանել հակամարտության կարգավորմանը նպաստող մթնոլորտը՝ խրախուսելով և աջակցելով խաղաղաստեղծ գորրծողություններին: ԵՄ-ը շարունակում է ամբողջական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին: Բարձր ներկայացուցիչը/նախագահի տեղակալը աջակցում է շարունակական ջանքերին խաղաղության ուղղությամբ: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը կանոնավոր այցելություններ է կատարում տարածաշրջան՝ մասնակցելու բարձրաստիճան հանդիպումների և կապ է պաշտպանում համապատասխան գործընկերների հետ: ԵՄ-ը շարունակում է ֆինանսապես աջակցել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար եվրոպական գործընկերություն» ծրագրին` համախմբելով հակամարտության շահագրգիռ կողմերին խաղաղաստեղծ գործողություններում: ԵՄ-ը շարունակում է կոչ անել ապահովել ԵՄ ներկայացուցիչների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ, որպես հակամարտության կարգավորման կարևոր միջոց և Մինսկի խմբի ջանքերի փոխլրացում:

ԵՄ-ը պահպանում է իր աջակցությունը այն գործողություններին, որոնք խրախուսում են վստահությունը և տարբեր երկրների առանձին անձանց միջև շփումը, խթանում են մշակութային և կրթական գործողությունները և դյուրացնում են Հայաստանում և Ադրբեջանում հավասարակշռված տեղեկատվության տարածքումը:

3. Տնտեսական բարեփոխում և սոցիալական բարեփոխում և զարգացում
Հայաստանի իշխանությունները 2014 թ-ին լուրջ մակրոտնտեսական քաղաքականություններ են իրականացրել: Սակայն, Ռուսաստանի դաշնությունում էական տնտեսական անկումը և ԵՄ-ում համեմատաբար ցածր պարանջարկի աճն ազդել են տնտեսության վրա: ՀՆԱ-ն ավելացել է 2.6%-ով 2013 թ-ի 3.5%-ի համեմատ: 2013 թ-ին միջին սղաճը նվազել է 5.8%-ից մինչև 2.2% 2014 թ-ին, որպես Ռուսաստանից գազի ցածր գների արդյունք: Գնահատվել է, որ 2014 թ-ին ֆինանսական պակասուրդը ավելացել է ՀՆԱ-ի 2.3%-ի 2013թ-ի ՀՆԱ-ի 1% հետ համեմատած: Պետական պարտքը (որի 85% արտարժույթով է) գնահատվել է ՀՆԱ-ի 49.7% 2014թ-ի վերջում, ինչի վրա ազդել է 2014 թ-ի վերջի ՀՀ դրամի կտրում արժեզրկումը: Ընթացիկ հաշվի կոնսոլիդացման աշխատանքները առաջխաղացում չեն ունեցել 2014 թ-ին: Ընթացիկ հաշիվը գրանցել է ՀՆԱ-ի 8.1% պակասուրդ 2014 թ-ին (2013թ-ի 8%-ից և 2012թ-ի 12.1%-ից) որպես արտահանումների թվի և 2014թ-ի երկրորդ կեսի փոխանցումների թվի նվազման արդյունք (մասնավորապես Ռուսաստան):

Գործազրկության մակարդակը գնահատվում է մոտ 17.2%, երիտասարդների շրջանում, գործազրկությունը կազմում է 24%: Երիտասարդների հատուկ մտահոգություններն են աշխատանքային շուկա առաջին մուտքը և բարձրագույն կրթության բացակայությունը: Կանանց մոտ 50% տնտեսապես ակտիվ չեն: Ոչ պաշտոնական գործազրկության մակարդակը դեռևս շատ բարձր: Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, բնակչության ավելի քան 30%-ն ապրում է աղքատության մեջ:
Հայաստանը շարունակում է բարեփոխումներ իրականանել սոցիալական ծառայությունների ինտեգրման ուղղությամբ: Բացվել են 19 ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոններ (պլանավորված 57-ից): Կենտրոնները գործում են «մեկ պատուհան» սկզբունքով: Առաջնությունների շարքում են սոցիալական ավելի սերտ համախմբվազությունը, ավելի լավ սոցիալական ծառայությունները և հետևողական իրականացումն ու մոնիտորինգը: Հայաստանը նաև օրենսդրություն է մշակել սոցիալական ծառայությունների համակարգման և սոցիալական աջակցության համար: Կենսաթոշակային բարեփոխումները հետաձգվել է Սահմանադրական դատարանի կողմից ապրիլին կայացրած որոշումից հետո:

Հաստատվել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը (2014-25թթ), որը փոխարինել է կայուն զարգացման նախկին ծրագրին: Հիմնական առաջնություններն են զբաղվածությունը, մարդկային կապիտալի զարգացումը, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը և պետական կառավարման և վարչարարության ինստիտուցիոնալ մոդերնիզացումը: Ռազմավարությունում սահմանվել են տնտեսության վրա ազդող հաչաձև հատվող խնդիրները, ընդգծվել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և գործարար մթնոլորտի բարելավումը:
Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ոլորտում իրականացվել է կայուն գյուղատնտեսական զարգացման ռազմավարության միջնաժամկետ վերանայումը՝ քաղաքացիական զարգացման զգալի ներդրումով:

Մարտ ամսին Կառավարությունը որոշում է կայացրել, որ 2015թ-ի հունվարի դրությամբ Հայկական սոցիալական նեդրումային հիմնադրամը կազմելու է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ինստիտուցիոնալ մասը: Տարաշրջանային զարգացման համապարփակ ռազմավարությունը և Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի մոդելը մշակվել են ԵՄ-ի աջակցությամբ:

4. ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ, ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

2014 թ. ԵՄ-Հայաստան երկկողմ առևտրի ծավալը կազմել է 992 միլիոն եվրո (ԵՄ ներմուծումը՝ 276 միլիոն եվրո, ԵՄ արտահանումը՝ 716 միլոն եվրո, ԵՄ-ի հետ առևտրի հաշվեկշիռը՝ 440 միլիոն եվրո): ԵՄ-ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Համաձայն բարեփոխված ԵՄ Արտոնությունների ընդհանուր համակարգի (ԱԸՀ/GSP)՝ Հայաստանն իրավունք է ստացել օգտվել կայուն զարգացման և լավ կառավարման համար հատուկ խրախուսական դրույթներից` GSP+/ ԸՆՀ +-ից՝ առաջարկելով ավելի շահեկան արտոնյալ մուտք դեպի ԵՄ շուկա:

Մայիսին Ազգային ժողովը փոփոխություն է կատարել գործող Մաքսային օրենսգրքում՝ Եվրամիության ընթացիկ Թվինինգ ծրագրի առաջարկություններին համահունչ: Պետական եկամուտների կոմիտեն միացվել է Ֆինանսների նախարարությանը: Հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի գնահատման կանոնները և մաքսային հայտարարագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ կարգը: Հայաստանը միացել է մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման վերաբերյալ Կիոտոյի վերանայված կոնվենցիային: Չնայած ԵՏՄ-ի ստեղծմամբ ակնկալվում էր, որ այն կունենա էական ազդեցություն տեխնիկական կանոնակարգերի և ապրանքների ազատ տեղաշարժի վրա, սակայն մինչ օրս տեխնիկական խոչընդոտների որևէ խոշոր փոփոխություն չի արձանագրվել:

2014 թ. փետրվարին հաստատվել է «Բույսերի կարգավորվող վնասակար օրգանիզմների անվանացանկը վարելու ուղեցույցը»: ՀՀ կառավարությունը 2015 թ. համար նաև մշակել է ձկան, մեղրի և մսի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր: Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում տրամադրվել է աջակցություն օրենսդրության մշակման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և սանիտարական ու բուսասանիտարական խնդիրների և սննդամթերքի անվտանգության մասին հասարակության իրազեկությունը բարձրացնելու ոլորտներում:

Հայաստանի արտաքին ուղղակի ներդրումները նվազել են երկրորդ տարին անընդմեջ՝ պակասելով տարեցտարի ավելի քան 35% -ով՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության: ԵՄ-ն շարունակել է մնալ արտադրական ոլորտում արտաքին ուղղակի ներդրումների հիմնական աղբյուրը:

Ինչ վերաբերում է ֆինանսական ծառայություններին, Կենտրոնական բանկը հաստատել է բանկերի կապիտալի ձևավորման և կառուցվածքի վերաբերյալ փոփոխությունները՝ Բազել III-ի պահանջներին համահունչ:

Ուժի մեջ են մտել հարկային օրենքների՝ մարդկանց իրենց եկամուտը հայտարարագրելու հարցում խրախուսելու վերաբերյալ փոփոխությունները: Հոկտեմբերին ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որով տոկոսադրույքը նվազեցվել է 3.5% -ից մինչև 1%:

2014 թ. փետրվարին Հայաստանի վիճակագրական համակարգի փորձագիտական գնահատումը հաստատել է, որ Ազգային վիճակագրական ծառայությունն օժտված է բարձր մակարդակի մասնագիտական անկախությամբ և պրոֆեսիոնալիզմով: Հոկտեմբերին անցկացվել է Հայաստանում առաջին գյուղատնտեսական ցուցակագրումը, որը կապահովի էական տեղեկատվություն ապագա պլանավորման և քաղաքականության մշակման համար:

Մրցակցության մասին օրենքի փոփոխությունները ներկայացվել են խորհրդարան, սակայն չեն ընդունվել: Ոչ էլ որևէ առաջընթաց է կատարվել պետական օժանդակության վերահսկման վերաբերյալ օրենսդրություն ընդունելու ոլորտում: Ապրիլին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակավ քննադատել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մենաշնորհները հետաքննելու հարցում թերանալու համար:

Ավարտվել է մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) մասին իրազեկությունը բարձրացնելուն և դրանց կիրառման հարցում աջակցելուն ուղղված Եվրամիության Թվինինգ ծրագիրը, որի արդյունքում մշակվել է ՄՍԻ կիրառման մասին օրենքի նախագիծ (մշակված Մտավոր սեփականության իրավունքների կիրառման մասին ԵՄ դիրեկտիվի հիման վրա): Օրենքի ընդունումը դեռ ընթացքի մեջ է:

Եղել են էական բարելավումներ պետական գնումների ընթացակարգերում, այդ թվում` ոչ մրցակցային պարզեցված ընթացակարգերի օգտագործման զգալի կրճատում: Շրջանակային համաձայնագրերով գնումների թիվն աճել է` հասնելով 50%-ի , իսկ բաց մրցույթների թիվը` 22%-ի: Մեկնարկել է էլեկտրոնային գնումների համակարգը: Ֆինանսների նախարարությունը մեկնարկել է կարողությունների զարգացման գործընթաց ձեռներեցների համար՝ կապված ԱՀԿ-ի Պետական գնումների համաձայնագրից բխող գնումների ընթացակարգերի և թարմեցված պահանջների հետ: Գնումների կոդավորման համակարգն սկսել է գործել դեռևս տարվա սկզբին, և կատարելագործվել է մշտադիտարկման համակարգը: Գնումների աջակցման կենտրոնը նաև իրականացրել է ողջ պետական հատվածում գնումների գործունեության պատահական մշտադիտարկման մի ծրագիր:
Օգոստոսին սկսվել է պետական ներքին ֆինանսական հսկողության վերաբերյալ Եվրամիության Թվինինգ ծրագիրը՝ խթանելու հանրային ոլորտի կառավարման և կատարողականի բարեփոխումները:

ՀՀ կառավարությունը սկսել է մշակել նոր ՓՄՁ ռազմավարություն՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն աջակցությունը մեծացնելու նպատակով: Ակնկալվում է, որ այն մասամբ հիմնված կլինի Եվրոպայի փոքր ձեռնարկությունների մասին ակտի (ՓՁԱ) մեջ ամրագրված10 սկզբունքների վրա: Հայաստանը մասնակցել է «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին, որի նպատակն է իրականացնել Արևելյալ գործընկեր երկրներում անցկացված` ՓՁԱ-ի կատարման առաջընթացի առաջին գնահատման արդյունքում արված առաջարկությունները: Հայաստանը նաև պաշտոնապես դիմել է մասնակցելու Ձեռնարկությունների և ՓՄՁ-ների մրցունակության ծրագրին:

Ուժի մեջ են մտել շուկայի վերահսկողության և ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին օրենքները՝ ուղղված սպառողների պաշտպանությանը:

5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանը հունվարին սկսել է թողարկել կենսաչափական անձնագրեր, այդ թվում՝ 18 տարեկանից ցածր անձանց համար, որոնց դեպքում կենսաչափական անձնագրերը պարտադիր չեն:

ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացումն սկսվել է սեպտեմբերին: Շարունակվել է ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակում և 2012-16 թթ. ազգային գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Մարտին Եվրամիության աջակցությամբ ստեղծվել է վերադարձող միգրանտների վերաինտեգրման ուղղորդման կենտրոն, և գործարկվել է առցանց տեղեկատվական մի կայք վերադարձող միգրանտների համար: Հուլիսին Հայաստանը հաստատել է միգրացիոն օրենսդրությունը միջազգային չափանիշներին (այդ թվում՝ «Եվրոպական միությունում և Միասնական տնտեսական տարածությունում ընդունված մոտեցումներին ու սկզբունքներին») մոտարկելու մասին 2014-16 թթ. գործողությունների ծրագիրը: Միգրացիոն պետական ծառայության կազմում ստեղծվել է ինտեգրման համար պատասխանատու մի նոր վարչություն՝ երկարաժամկետ միգրանտների համար քաղաքականություն մշակելու նպատակով:

«Փախստականների և ապաստանի մասին» օրենքի փոփոխություններն ընթացքի մեջ են Ազգային ժողովում: Քրեական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտել այս տարվա օգոստոսին՝ ՀՀ օրենսդրությունն ավելի համապատասխանեցնելով 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիայի 31-րդ հոդվածին՝ պաշտպանելով փախստականներին և ապաստան հայցողներին ապօրինի սահմանահատման համար պատժի ենթարկվելուց: «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դրույթներ ապաքաղաքացիությունը կանխելու և կրճատելու մասին, ներկայացվել են Ազգային ժողովի քննարկմանը աշնանը:

ԵՄ աջակցությամբ ապաստանի հարցով իրավասու մարմիններն իրականացրել են որակի ապահովման մի շարք միջոցառումներ և շարունակել են վերապատրաստել, մարզել և մենթորություն անել ապաստանի ոլորտի աշխատակիցներին: Մինչև հունիսի վերջը 3177 ճանաչված փախստականներ են ժամանել Հայաստան Ադրբեջանից, Իրաքից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից, Վրաստանից և աֆրիկյան տարբեր երկրներից: Զեկույցները նշել են, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Սիրիայից Հայաստան է ժամանել մոտ 16000 մարդ` գրեթե բոլորը էթնիկ հայեր, որոնցից 12000-ն է մնացել Հայաստանում: Քիչ թվով տեղահանվածներ ժամանել են Ուկրաինայից և հյուսիսային Իրաքից:

Հայաստանը և Չեխիայի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին: ԵՄ-ի աջակցությամբ տեղի են ունեցել ուսուցողական սեմինարներ իրավակիրառման, այդ թվում՝ հանցագործության վերլուծության, քննչական հմտությունների և կասկածյալների հարցաքննության թեմաներով: 2014 թ. առաջին կիսամյակում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ կազմակերպվել են ուսումնական միջոցառումներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:

Հայաստանն սկսել է իրականացնել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թ. ծրագիրը: Քայլեր են ձեռնարկվել Թմրամիջոցների և թմրամոլության Եվրոպական մոնիտորինգի կենտրոնի հետ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրն ստորագրելու ուղղությամբ:

Սեպտեմբերին Ազգային ժողովին է ներկայացվել տվյալների պաշտպանության մասին նոր օրինագիծը: Օրենքի նպատակն է, որ Հայաստանը կատարի Եվրոպայի խորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (կոնվենցիա 108) և դրա արձանագրության պահանջները: Օրենքը նախատեսում է ստեղծել տվյալների պաշտպանության անկախ մարմին:

6. ՏՐԱՆՍՊՈՐՏ, ԷՆԵՐԳԻԱ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ ՈՒ ՆՈՐԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) որոշ գործառույթներ փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը, ՔԱԳՎ-ն պահպանել է տեխնիկական, ապահովության և անվտանգության գործառույթները: Շարունակվել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, իսկ ԵՄ-ն համաձայնել է աջակցել միջանցքի հետագա հատվածների կառուցմանը Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

Արևելյան Եվրոպայի հետ էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի ոլորտում գործընկերության ծրագրին միանալուց հետո Հայաստանը քայլեր է ձեռնարկել ներդրումային պայմանագիրն ավարտին հասցնելու և ծրագրեր նախապատրաստելու ուղղությամբ: Հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելացրել է էլեկտրաէներգիայի սակագները միջինը 10%-ով: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է արևային կայանների կառուցման նոր ներդրումային ծրագրի մասին: ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը (ՀՆԳ) կօժանդակի Վրաստանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցմանը: Ինչ վերաբերում է միջուկային էներգիային, Մեծամորի ատոմակայանի պատեհաժամ փակումը և շահագործումից հանումը մնում է ԵՄ-ի և ԵՀՔ Գործողությունների ծրագրի առանցքային նպատակը:

2014 թ. իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային կլիմայի փոփոխության ծրագիրը՝ աջակցելով կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դրա մեղմման ազգային ռազմավարության մշակմանը: Իրականացվել է նաև մի փորձնական ծրագիր Գեղարքունիքի մարզում: Վեց քաղաքներ (Արթիկ, Դիլիջան, Գյումրի, Սպիտակ, Վայք և Երևան) միացել են ԵՄ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանը:

ԵՄ շրջակա միջավայրի Թվինինգ ծրագիրն օգնել է Բնապահպանության նախարարությանը` նախապատրաստելու աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նոր քաղաքականություն ու օրենսդրություն: Հայաստանը նաև ընդունել է թափոնների կառավարման ազգային ռազմավարություն և օրենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին, սակայն ՇՄԱԳ օրենքը հետագա բարելավման կարիք ունի:

Ինչ վերաբերում է տեղեկատվական հասարակությանը, Հայաստանն սահմանել է էլեկտրոնային հաղորդակցության ութ շուկաները ԵՄ-ի առաջարկություններին համահունչ, բջջային հեռախոսի համարի փոխանցման ծառայությունները դարձրել պարտադիր բջջային օպերատորների համար և արտոնագիր տվել չորրորդ բջջային օպերատորին: ՀՀ կառավարությունն ընդունել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը և 2014-15 թթ. էլեկտրոնային կառավարման ճանապարհային քարտեզը: Եթե համարյա բոլոր քաղաքային բնակավայրերն արդեն միացած են ինտերնետին, ապա գյուղական վայրերում ջանքեր են գործադրվել ինտերնետի հասանելիությունը շարունակաբար ընդլայնելու համար: Էլեկտրոնային կառավարման գործիքները մեծապես բարելավվել են Եվրամիության աջակցությամբ՝ քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում կատարված փոփոխությունների միջոցով` ներդնելով էլեկտրոնային գրանցման համակարգ: Հայաստանը հյուրընկալել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի 2014 թ. հանդիպումը: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու և մարզային հեռուստաալիքներին անալոգային շահագործման լիցենզիաներ տրամադրելու նախատեսված ժամկետը երկարացվել է մինչև 2015 թ. կեսերը:

Ինչ վերաբերում է գիտահետազոտական աշխատանքներին և նորարարությանը, Հայաստանը պաշտոնապես խնդրել է «Հորիզոն 2020» ծրագրին միանալու համար: Պաշտոնական բանակցությունները մեկնարկել են ավելի ուշ` 2015 թվականի սկզբին:

7. ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զարգացման ռազմավարությունը կարևորում է կրթության ոլորտի կարևոր նշանակությունը երկրի կայուն զարգացման համար: Ազգային ժողով է ներկայացվել մի օրենք, որով անվճար պարտադիր կրթությունը երկարացվում է իննից 12 տարի՝ սկսած 2015-16 ուսումնական տարվանից: Օրենքը նպատակ ունի հակազդել աշակերտների՝ մինչև միջնակարգ կրթությունն ավարտելը դպրոցը թողնելու ձգտումը: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներում՝ հյուրընկալելով Բոլոնիայի քարտուղարությանը և Բոլոնիայի հետամուտ խմբի քարտուղարությանը և 2015թ. Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը: ԵՄ աջակցությամբ այն շարունակել է բարեփոխել որակավորումների ազգային շրջանակը և կազմակերպել անցումը դեպի որակի ապահովման անկախ համակարգի:

Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) բարեփոխումը նույնպես շարունակվել է՝ ավելի մոտեցնելով այն աշխատաշուկայի կարիքներին: ԵՄ աջակցությունը կենտրոնացած է եղել բարձրորակ կրթության հավասար հասանելիության և հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների կրթության համար պայմանների ստեղծման վրա: Որակավորումների վերանայումն առաջընթաց է գրանցել 2014-15 ուսումնական տարվա ընթացքում փորձնական վարկային համակարգի ՄԿՈՒ թեստով: Աշակերտների թիվը, ովքեր ստանում են անվճար մասնագիտական կրթություն, աճել է 50% -ով: Պարտադիր կրթության վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները կնշանակեն 100% անվճար մասնագիտական կրթություն ինը տարվա հիմնական կրթությամբ աշակերտների համար: 2014 թ. սկսել է գործել կառավարման տեղեկատվական մի համակարգ, որն ընդգրկում է ամբողջ ՄԿՈՒ համակարգը և բարձրագույն կրթությունը:

Հայաստանը մասնակցել է Տեմպուս ծրագրին 29 նախագծերով, որոնցից 8-ը համակարգվում են Հայաստանի մի որևէ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: 246 ուսանողներ և աշխատակիցներ ընտրվել են 2014 թ. Էրազմուս Մունդուսի աջակցությամբ իրականացվող շարժունակության համար համագործակցության ծրագրի շրջանակներում, և հինգ ուսանողներ ընտրվել են համատեղ մագիստրոսի աստիճան տվող ծրագրի համար: Երեք դիմումներ ընտրվել են ֆինանսավորման համար Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների (ՄՍԿԳ) շրջանակում «Հորիզոն 2020»-ի ներքո: Հայաստանը 23 դպրոցներով մասնակցել է նաև Իթվինինգ պլյուս ծրագրին: Երիտասարդները և երիտասարդական կազմակերպություններն օգտվում են Էրազմուս +ից՝ 1 443 մասնակցով շարժունակության ծրագրերում և 123-ով երիտասարդների ու որոշում կայացնողների համար ծրագրում: Հայաստանը ներգրավված է եղել որպես ղեկավար կամ գործընկեր Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի 13 տարածաշրջանային նախագծերում:

2014-17 թթ. ժամանակահատվածում քաղաքացիական հասարակության հետ աշխատելու ԵՄ-Հայաստան ճանապարհային քարտեզի առաջին նախնական տարբերակը կազմվել է ԵՄ անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության հետ ծավալուն խորհրդակցությունների ու քննարկումների հիման վրա: Քաղաքացիական հասարակության ավելի քան 100 ներկայացուցիչներ եղել են խորհրդատվության գործընթացի մի մասը, որը ներառել է հանդիպումներ և օնլայն խորհրդակցություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031