Մարտի 25-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալ) Բոգդան Բորուսևիչի հետ:
Սենատի նախագահը ողջունեց դեսպան Ղազարյանին և հաջողություններ մաղթեց նրան Լեհաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ողջ ժամանակահատվածում: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:
Զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը, վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, շնորհակալություն հայտնեց Լեհաստանի խորհրդարանի կողմից 10 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու բանաձև ընդունելու կապակցությամբ՝ միաժամանակ կարևորելով 2015թ. ապրիլ ամսին Հայաստանում կայանալիք պաշտոնական միջոցառումներին Լեհաստանի` պետական բարձր մակարդակով մասնակցության նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական մակարդակում համագործակցության զարգացման խնդիրները, գոհունակություն հայտնվեց երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքից և կարևորվեց փոխայցելությունների հաճախակիացումը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ