Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ այսօր կեսօրին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցում հնչած կրակոցների գլխավոր դերակատարներից մեկը՝ Աշոտ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Գյումրու՝ քրեական կյանքով չապրող երկու ընտանիքների՝ Արցախ թաղամասում բնակվող Ղուկասյանների ու Բարաքներում բնակվող Ղազարյանների միջև: Երկու ընտանիքների տղամարդիկ՝ հայրերը՝ իրենց երկու որդիներով, «Պեգաս» խանութի մոտակայքում վիճաբանել ու հաշիվներ էին պարզել, որի պատճառով սպանվեց Ղազարյանների ավագ որդին ՝ Կնյազը, որը 3 անչափահաս երեխաների հայր էր:
Ոստիկանություն ներկայացած Աշոտ Գրիգորյանը մենամարտող կողմերից մեկի՝ Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանի կամ որ առավել հայտնի է Կոկոլի Գագոյի որդին է, որը, ըստ ՀՀ Քննչական կոմիտե տարածած հաղորդագրության. «Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ»։ Փաստորեն Գագիկ Ղուկասյանի մյուս որդին դեռ հետախուզման մեջ է, թեև ոստիկանությունը վստահ է, որ նա էլ, անպայման, կհայտնաբերվի կամ ինքնակամ կներկայանա ոստիկանություն: Հիշեցնենք, որ այս գործով կան արդեն ձերբակալվածներ՝ Համլետ Գեւորգյանը, Հովհաննես Տոնոյանն ու Դավիթ Հակոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ