Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ նախադրյալ, որ մարդիկ խելքի են գալու, դեռևս չի երևում». Կարեն Վարդանյան

Մարտ 25,2015 18:10

«Ինժեներ-ծրագրավորողների պահանջարկն աշխարհում գնալով աճում է, իսկ 2018 թվականին չբավարարված պահանջարկը կհասնի մինչև երեք միլիոնի»,- վստահեցնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նկատելով, որ այդ պատկերը չի փոխվի առաջիկա 15-20 տարվա ընթացքում: Պատճառներից մեկն էլ, ըստ պարոն Վարդանյանի, հոգեբանական է. «Ծնողները շարունակում են իրենց երեխաներին ուղարկել տնտեսագիտության կամ իրավագիտության ֆակուլտետներ՝ առանց հասկանալու, որ այդ ոլորտներն արդեն զբաղված են, և նույնիսկ աշխատատեղեր չկան: Երևի մտածում են՝ սովորելուց հետո մարդը կգնա մի տեղ կնստի կաշառք կվերցնի: Ենթադրում են, որ ապագան դա է, և փող են տալիս, ընդունվում-ավարտում է, հետո փող են տալիս մի տեղ աշխատանքի է ընդունվում, մի քսան տարի սպասում է, թե երբ կբերեն իրեն կաշառք կտան, հետո կաշառք չեն բերում, մարդն ընկնում է սթրեսի մեջ, ասում է՝ երկիրը երկիր չի…

Ու այս վիճակը շարունակվելու է, որովհետև որևէ նախադրյալ, որ մարդիկ խելքի են գալու, դեռևս չի երևում ո´չ Հայաստանում, ո´չ դրսում, ասենք՝ Ամերիկայում: Մինչդեռ, եթե մենք կարողանանք մեծ քանակությամբ ինժեներ-ծրագրավորողներ պատրաստել, ապա մեծ քանակությամբ էլ գործ կարող ենք բերել Հայաստան, և մեր երկիրը կարող է իր ուրույն տեղն ունենալ աշխարհում, կարող է իր տնտեսական մուտքերն ապահովել: Մնում է գտնել, թե նման քանակությամբ մասնագետներ մենք, որտեղ կարող ենք ստեղծել: Համալսարանների խղճուկ վիճակին նայելիս հասկանում ես, որ դրանք չեն կարող լինել այն կառույցները, որոնք կարող են ապահովել հազարավոր նոր մասնագետների ստեղծումը: Դրա համար մենք մեր հայացքն ավելի շատ սևեռել ենք դպրոցների վրա՝ համարելով, որ դրանք առավել ճկուն կառույցներ են. հասարակությունը դեռ այնքան չի փչացրել դպրոցականներին, և դպրոցում ավելի հեշտ է քայլ անելը, քան համալսարանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կ. Վարդանյանը:

Մասնագետների պատրաստման առումով կարևորելով Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական խմբակների հիմնումը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենն ասաց, որ դպրոցների հետ մի քանի տարի առաջ են սկսել աշխատել: Նախ ռոբոտաշինության խմբակներ են բացել հանրապետության տարբեր մարզերի դպրոցներում: Դրանք իրենց արդյունավետությամբ գաղափար են տվել բոլոր դպրոցներում ունենալու ռոբոտաշինության խմբակներ: «Երեխայի կյանքի որակն էլ է փոխվում, նրա աշխարհընկալումը լրիվ ուրիշ է դառնում, սկսում է կարդալ, ավելի բազմակողմանի են դառնում հետաքրքրությունները, աշխարհն սկսում է նրան հետաքրքրել, ի վերջո, սկսում է դուրս գալ դեպրեսիվ վիճակներից: Մենք դա շատ ենք կարևորում: Եվ երբ տեսանք, որ այստեղ արդյունքն ակնհայտ է, որոշեցինք նաև ինժեներական լաբորատորիաներ ստեղծել: Այս պահին Հայաստանի տարբեր մարզերի 54 դպրոցներում արդեն ռոբոտաշինության խմբակներ ունենք (մոտ 700 երեխա), իսկ ինժեներական լաբորատորիաները 15-ն են: Ցանկություն կա մինչև 2018 թվականը ՀՀ բոլոր դպրոցներում մեկական ինժեներական լաբորատորիա ունենալու»,- ասաց պարոն Վարդանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031