«Մերժում եմ անձնական եւ կենցաղային շարժառիթները, նման բան չի կարող լինել, բացառված է»,- մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը եւ իր եղբայր Հարություն Սամսոնյանը Ավանի գերեզմանատան մոտակայքում ծեծի են ենթարկվել:
Նա վստահ է, որ նման միջադեպը պատահական չի լինում, նա հավելեց, որ սովորում է այլ երկրում եւ Հայաստան է եկել մի քանի օրով. «Եղել է շատ կոնկրետ զինված հարձակում, հենց հիմա եղբայրս վիրահատության է ենթարկվում՝ թեւն է կոտրվել, ես ստացել եմ գանգուղեղային թեթեւ վնասվածք: Չկա որեւէ կետ, որի վրա հիմնվելով կարող եմ ասել՝ սրա համար է, ուղղակի մենք ունենք մեր դիրքորոշումը արտաքին քաղաքականության սխալ կուրսի վերաբերյալ թե՛ հոդվածներով, թե՛ հրապարակային միջոցառումների ընթացքում: Ներքին քաղաքականության վերաբերյալ բազմիցս ասել ենք, որ քաղաքական դաշտը նոր, երիտասարդ, ավելի կազմակերպված ընդդիմության խնդիր ունի, իշխանությունների գործելաոճը եւս քննադատել ենք»:
Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ Հայաստանում զինված քրեական տարրերը նորություն չեն: Մյուս պատճառը, ըստ նրա, կարող է լինել իր գործունեությունը. «Երբ նայում ենք, թե մենք ում ենք քննադատել, այդ ուժերն այսօր չկան. Շատ սուր ենք քննադատել այդ ուժերին իրենց քրեաօլիգարխիկ ծագման համար: Այդ ուժերը իրար հազիվ են հասցնում ծեծել, մեզ ժամանակ չէին տրամադրի»:
Կարդացեք նաև
Նարեկ Սամսոնյանը համոզված է, որ մեղավորները իրենց պատիժը ստանալու են. «Մենք գտնելու ենք այդ մարդկանց, որտեղ էլ լինեն, ովքեր էլ լինեն: Եվ համապատասխանաբար իրենց խիստ պատիժը ստանալու են»:
Aravot.am-ի հարցին, թե մինչեւ այս տեղի ունեցած միջադեպերի եւ այս միջադեպի միջեւ կապ տեսնո՞ւմ է. «Մեր գործունեության ոլորտը այդ առումով սահմանափակ է, մենք քաղաքական ուժ չենք, մենք քաղաքական որեւէ ուժի կողմնակից չենք: Մենք քաղաքական որեւէ գործունեություն չենք ծավալել, որովհետեւ համարում ենք, որ Հայաստանում ուղղակի անիմաստ է, որովհետեւ չկա համապատասխան մթնոլորտ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ