«Բենզալցակայաններում դեպք ունենք բացահայտած, որոնք ուղարկել ենք մեր գործընկերներին: «Սուպեր» բենզինի հետ է կապված: Կարող է «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառեն՝ «սուպերի» անվան տակ: Նման խնդիր բացահայտելը մեզ համար դժվար է, որովհետեւ մեր ուսումնասիրությունները փաստաթղթային են կատարվում: Կան խնդիրներ, որ փաստաթղթերով չես կարող բացահայտել՝ փորձաքննության կարիք կա»,- այդ մասին այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագիրը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներից մեկից՝ դեմպինգից՝ արհեստականորեն գների իջեցումից: Նա ասաց, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չունեն, մինչդեռ դեմպինգի միջոցով որոշ տնտեսվարողներ կարողանում են շուկայից հանել մյուսներին:
Արտակ Շաբոյանն ասաց, որ ունենք այդպիսի դեպքեր եւ պայքարում են դրա դեմ. «Կարող եմ օրինակներ թվարկել՝ «Մոկկոնաթ» ընկերության դեպքը, որը լուծվող սուրճ էր ներմուծում, բավականին ցածր գնով վաճառք էր իրականացնում՝ դեմպինգի դեպք էր: Վաճառքի հետեւանքով նաեւ վնասվում էին մյուս ընկերությունները: Պատժել ենք, ենթարկել ենք պատասխանատվության»:
Շաբոյանը նաեւ սկսեց պատմել կարագի եւ սպրեդի դեպքի մասին, թե ինչպես են սպառողներին օգնել, որ ճանաչի կարագն ու սպրեդը. «Խանութներում էժան կարագ էին անվանում, քաղաքացիները չէին տարբերում: Տնտեսվարողները կարագի փոխարեն սպրեդ էին վաճառում, որոնք արտաքին տեսքից, համից ու հոտից չէին տարբերվում, տարբերվում էին գնով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ