Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում մարտի 23-25-ը Ծաղկաձորում անցկացրեց դասընթաց-համաժողով՝ հոգևորականների և ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների մասնակցությամբ:
Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:
Դասընթացի շրջանակներում ոչ ֆորմալ կրթության և մեթոդների վերաբերյալ դասախոսեց ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու Սիլվա Պետրոսյանը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանդես եկավ «Արարք և պատասխանատվություն» թեմայով բանախոսությամբ: Սրբազանը մասնավորապես անդրադարձավ մարդկային արարքներին և դրանց հետևանքներին, ընտանիքներում աստվածային ներկայության և դրանից բխող հոգևոր արժեհամակարգի խնդրին, ինչպես նաև բարոյական պատասխանատվության հարցին:
Համաժողովի մասնակիցները Կեչառիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա գտնվեցին Երեկոյան ժամերգությանը, որի ավարտին ունկնդիր եղան ՔԴԿ փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանի հոգևոր խորհրդածություններին դասընթացի ժամանակ արծարծված նյութերի շուրջ:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն