Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա, շուկայի 100 տոկոսը Ալեքսանյանինը չէ». Արտակ Շաբոյան

Մարտ 25,2015 16:15

Այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նրանից հետաքրքրվեց՝ «Երկու տնտեսագետ վերջերս գիրք են հրապարակել՝ «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները»: Այդ գրքում հետազոտություն են հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, ալյուրի, ցորենի, սուրճի եւ մի շարք այլ շուկաների պարագայում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-255 տոկոս ավելի գնով: Այսինքն, այստեղ տեղի է ունենում գերշահույթ: Հետազոտության հեղինակները գալիս են եզրակացության, որ այդ գերշահույթները ստացել են ներկրողները: Այստեղից հետեւում է, որ դուք թերացել եք ձեր աշխատանքում՝ ներկրողների իշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հարց ուղղեց՝ շաքարավազի շուկայի մենաշնորհի մասին եւ ասաց, որ Շաբոյանը պրոբլեմ ունի Սահմանադրության հետ: Սահմանադրությունը սահմանում է, որ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Արտակ Շաբոյանը պատասխանեց՝ շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում. «Մեր երկրում տնտեսվարողների համար շահույթները նորմավորված չեն եւ շահույթի չափը չի կարող հիմք հանդիսանալ, որ դա դիտարկվի չարաշահում: Ինչ վերաբերում է այդ թվերին՝ 100 տոկոս, 200 տոկոս, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ շուկաներում դա իրականությանը չի համապատասխանում: Մեր երկրում այդպիսի գերշահույթներ չկան, չկան այդպիսի տնտեսվարողներ, որ կարողանան այդպիսի գերշահույթներ ունենան: Դա իրականությանը չի համապատասխանում, անիրատեսական է»:

Ըստ Շաբոյանի, շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա, քանի որ ըստ օրենքի մենաշնորհը լինում է այն դեպքում, երբ շուկայի 100 տոկոսն ամբողջությամբ պատկանում է որեւէ ընկերության: Իսկ շաքարավազի դեպքում կան նաեւ այլ փոքր ներկրողներ: Ճիշտ է, փոքր են, խոշորը «Ալեքս Գրիգն» է, բայց օրենքի տեսանկյունից մենաշնորհ չկա:

Լեւոն Զուրաբյանն էլ եզրակացրեց՝ փաստորեն ստեղծվել է մենաշնորհի օրինականացման մի փայլուն հնարք՝ ընդամենը պետք է թողնել մի տնտեսվարողի, որ 1 տոկոսը շուկայի ինքը վարի, դրանից հետո դու այլեւս մենաշնորհ չունես. «Սողանցք եք թողել: 98, 99 տոկոսը կարող է ունենալ մի տնտեսվարող եւ չունենա որեւէ պրոբլեմ Սահմանադրության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031