«Մարդիկ կան, որ այս պահին խմբակցության անդամներ են, հասկանալի պատճառներով, բայց կուսակցության անդամ չեն կամ չեն հարում կուսակցության գործառույթներին: Այդ մարդիկ, բնականաբար, իրենց տեղերը զիջելու են այն մարդկանց, ովքեր շարունակելու են իրենց գործունեությունը ԲՀԿ-ի ծրագրային դրույթների շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Խոսքն այն մասին է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած պատգամավորների մասով առաջիկայում վերանայումներ կարվեն`միջխորհրդարանական պատվիրակություններում: Խորհրդարանական հանձնաժողովների մասով ինչպես գործում է Դոնթի բանաձեւը, նույն տրամաբանությամբ, պատվիրակությունների կազմում ընդգրկվում են խմբակցությունների ներկայացուցիչները:
Մամուլի հրապարակումների համաձայն ԲՀԿ-ից դուրս եկած Արագած Ախոյանը ստիպված կլինի դուրս գալ նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմից: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, ստիպված կլինի դուրս գալ ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական, ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից: ԲՀԿ-ից դուրս եկածներից Ռուստամ Գասպարյանն էլ իր տեղը կզիջի ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում: ԲՀԿ-ից դուրս գալու դեպքում Տիգրան Ուրիխանյանը կզրկվի մի քանի կառույցներում հանդես գալու հնարավորությունից, օրինակ՝Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով, Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով: ԲՀԿ-ից դուրս եկած մյուս պատգամավորներն ընդգրկված են մի քանի բարեկամական խմբերում, հետեւաբար՝ առայժմ նրանց ոչինչ չի սպառնում:
Ի պատասխան մեր հարցի, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դեռ հստակ անուններ չի կարող հրապարակել, այն պատճառով, որ հարցը խմբակցությունում դեռ չի քննարկվել: Խմբակցության առաջիկա նիստերից մեկում կքննարկեն. «Մի բան կարող եմ հստակ ասել` մեր ողջ գործունեությունը լինելու է հրապարակային, խմբակցությունում քննարկվելու է եւ որոշումները խմբակցությունում են կայացվելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ