«Սևանա լճի տարածքում կատարվում են սեյսմիկ աշխատանքներ, հորատման աշխատանքների մասին խոսք չկա: Նավթի և գազի որոնման հետ կապված այսօրվա դրությամբ հորատման աշխատանքի հետ կապված որևէ թույլտվություն չի տրվել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը վստահեցրեց ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը:
Նա հավաստիացրեց, որ նախարարությունը այս փաստի հիման վրա է տրամադրել այդ ընկերությանը թույլտվություն նման որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքներ իրականացնող ընկերությունը այլ բան է հայտարարում. «Այդ ընկերության հետ հանդիպման ընթացքում հարցեր հղեցինք, թե եթե դուք Գեղարքունիքի մարզում նշված գյուղերի տարածքներում գտնեք նավթ և գազ, ապա կանե՞ք հորատումներ, ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին՝ այո»: Ի պատասխան պարոն Ավետիսյանն ասաց. «Դա իրենց որոշելու հարցը չէ, կան լիազոր մարմիններ, որոնք տեղյակ են օրենսդրությանը, և եթե Քուվեյթի նավթի պաշարներն էլ լինեն Սևանի տարածքում, այդտեղ հորատման աշխատանքներ չեն լինելու»:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը ևս հայտարարեց, որ հորատման աշխատանքներ չեն տարվում, և որոնողական աշխատանքներ տանող ընկերության ուսումնասիրությունների պայմանագիրը երկարաձգվել է: Աշխատանքներից հետո պետք է ներկայացվի հաշվետվություն, որից հետո պարզ կլինի այդ տարածքներում մենք նավթի և գազի պաշարներ ունենք, թե ոչ»:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, թե հետախուզաորոնողական աշխատանքները պետք է կանխվեին. «Ուզում եմ համոզված լինել, որ նախարարություններն ավելի սկզբունքային կլինեն, բայց հիշեցնեմ, որ մեկ լիտր նավթը կարող է թթվածնից զրկել քառասուն հազար լիտր ջուր: Ցավոք, համոզված չեմ, որ լավագույն պատառ փախցնելու նպատակով ճնշում չի գործադրվի նույն Գեղարքունիքի մարզում հորատման աշխատանքներ կատարելու համար: Մյուս կողմից ամբողջ նյութը տալ միջազգային կազմակերպությանը, համարում եմ անվտանգության տեսակետից սխալ»:
Կարդացեք նաև
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ վերջին տասնամյակում ընդերքօգտագործումը խիստ անհանգստացնող է: Նա նշեց, որ դա միակ ոլորտն է, որ հանրությունն ու իշխանությունները ոչ մի կերպ չեն կարող գալ ընդհանուր հայտարարի. «Ցավում եմ, որ շատ հաճախ տեսնում եմ՝ հանձնաժողովում ինչպես են քննարկվում հարցերը. մի անգամ չի եղել, որ որևէ նախարարության ներկայացուցիչ դեմ խոսի վերևից իջեցված հրամանի: Նաև նշեմ, որ հանձնաժողովում էլ այս հարցը չի քննարկվել: Այնպես որ, մենք վստահություն չունենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ