Այսօր, խորհրդարանում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ստուգումներ են իրականացրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունում: Խախտում, սակայն, չեն հայտնաբերել. «Մենք ամեն դեպքում չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումնասիրություններ կատարվել են, խախտումներ չի հայտնաբերվել»:
Լրագրողներից մեկի դիտարկմանն, այդ դեպքում ինչո՞ւ են վարորդները դժգոհում, Արտակ Շաբոյանն ասաց. «Ես չգիտեմ թե դուք ի՞նչ ի նկատի ունեք, ինչի՞ց եք դժգոհ, դրա համար առաջարկում եմ փաստեր ներկայացրեք»:
Դիտարկմանը`տեսախցիկների ոլորտում Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության մենաշնորհը չի՞ կարող վնասել տնտեսությանը, Շաբոյանը պատասխանեց. «Մրցակցությամբ օրենսդրությամբ մենաշնորհների կամ խոշոր ընկերությունների գործունեությունը չի արգելվում: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում մենաշնորհներ և խոշոր ընկերություններ կարող են գործունեություն իրականացնել: Խնդիրը վերաբերվում է չարաշահումներին, եթե կան չարաշահումներ, փաստեր ներկայացրեք՝ մենք կուսումնասիրենք»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը հրաժարվեց պատասխանել Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների չարաշահումների վերաբերյալ լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ