Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Շուշիում հայկական ջարդերի 95-րդ տարելիցի հետ

Մարտ 25,2015 15:26

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հայտարարությունը

Շուշի  քաղաքում  հայկական  ջարդերի 95-րդ տարելիցի կապակցությամբ

95 տարի առաջ այս օրերին Օսմանյան Թուրքիայի՝ Անդրկովկաս ներխուժած  էքսպեդիցիոն  կորպուսի կանոնավոր զորամասերը, նենգորեն խախտելով նախկին Ռուսական կայսրության  Ելիզավետպոլի եւ Բաքվի  նահանգներում իր իսկ կողմից հաստատած  Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության մուսավաթական կառավարության եւ ինքնորոշված Արցախի Ազգային խորհրդի միջեւ ձեռք բերված ժամանակավոր համաձայնագիրը եւ հրահրելով տեղի մուսուլմանական բնակչության վերնախավի մոլեռանդ հայատյացությունը` հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա:

Սպանվեց, անհայտ կորավ շուրջ 30 հազար հայ, փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ: Ավերվեցին և կողոպտվեցին հայերին պատկանող գույքը, բոլոր բնակելի շինությունները, վարչական, կրթական, մշակութային եւ հոգեւոր հաստատությունները:

Մեծագույն այդ ոճրագործությունը ծրագրվել եւ իրականացվել է Արցախի վարչական, տնտեսական, քաղաքական եւ մշակութային կենտրոնը կործանելու, հինավուրց հայոց քաղաքի էթնիկ պատկերը փոխելու, արցախահայությանը ինքնորոշման իրավունքը իրականացնելու հնարավորությունից զրկելու նպատակով։

Հատկանշական է, որ Շուշիի փաստացի ավերումը տեղի է ունեցել այդ դեպքերից ընդամենը հինգ տարի առաջ Արեւմտյան Հայաստանում սկիզբ առած ու դեռ շարունակվող մեկ այլ եղերական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության դեպքերի խորապատկերի վրա, որի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը նոր ոճիրների առիթ դարձավ:

Վերահաստատելով Արցախի ժողովրդի վճռականությունը՝ զարգացնելու իր անկախ պետությունը՝ հանուն սերունդների բարօրության եւ ազգամիջյան համերաշխության, մենք՝

–         դատապարտում ենք 1920թ. մարտի 21-26-ի Շուշի քաղաքի հայկական  ջարդերը,  դրանք որակում որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության, հայության հայրենազրկման քաղաքականության շարունակություն,

–         միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն իրողության վրա, որ  խորհրդային Ադրբեջանի գոյության 70 տարիների ընթացքում Շուշին հետեւողականորեն վերածվել էր ադրբեջանական անհանդուրժողականության եւ հայատյացության  կենտրոնի,

–         փաստում ենք 1992թ. մայիսին՝ Շուշիի ազատագրման ռազմագործողության  անխուսափելիությունը եւ նրա բացառապես հումանիտար բնույթը, որով կանխվել է Ստեփանակերտի 50 հազար բնակչության դաժան ոչնչացումը կատարյալ շրջափակման հետեւանքով սպառնացող սովի, համաճարակի եւ մշտական հրթիռահրետակոծության միջոցով,

–         կոչ ենք անում Ադրբեջանին՝ առերեսվել սեփական անցյալին, դադարեցնել հայատյացությունը եւ ձեռնամուխ լինել Արցախի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատմանը` ի շահ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»

«Ժողովրդավարություն»

«Հայրենիք» խմբակցություններ եւ

«Արցախատուն» պատգամավորական խումբ

 

25 մարտի, 2015թ.

ք. Ստեփանակերտ

 

Հայտարարությանը միացել է նաև ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

 

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031